ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Երվանդ Զորյան
դոկտոր, պրոֆեսոր
COVID-19
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
05/12/2023
Մերձավոր Արևելքի արաբական երկրների հայ համայնքները՝ գիտական հանրության ուշադրության ներքո

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Մերձավոր Արևելքի արաբական երկրների հայ համայնքները. արդի միտումներ և փոխակերպումներ» թեմայով միջազգային գիտաժողովը: 

Գիտաժողովին մասնակցեցին պետական, դիվանագիտական, գիտական և կրթական կառույցների ներկայացուցիչներ։ 

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։ 

«Մենք պետք է հետևենք, թե ինչպես է ընթանում կյանքը Սփյուռքի հայկական համայնքներում։ Գործում են արդյո՞ք այդ համայնքների մշակութային օջախները և կրոնական կառույցները, և ինչպե՞ս  է ընթանում հայապահպանության գործը։ Մեր համայնքները պետք է դառնան չափազանց կարևոր գործիք՝ ամրապնդելու կապերը Հայաստանի Հանրապետության և այդ երկրների միջև։ Մեր պետության հարաբերություններն աշխարհի տարբեր երկրների հետ պետք է նպաստեն մեր երկրի բազմակողմանի զարգացմանը։ Հայկական համայնքները չպետք է դիտվեն որպես Հայաստանին միայն օգնող կառույցներ, ընդհակառակը, մենք պետք է ունենանք գործարար հարաբերություններ նրանց հետ Հայաստանի տնտեսությունը զարգացնելու և երկիրն ուժեղացնելու նպատակով», - ասաց ակադեմիկոս Սուվարյանը։  

Թունիսի Հանրապետությունում և Մարոկկոյի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը բարձր գնահատեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի կողմից նման միջոցառումներ կազմակերպելու ավանդույթը։ Նա շեշտեց, որ Մերձավոր Արևելքի երկրներում կան պատմական հայկական համայնքներ։ «Հայ-արաբական հարաբերություններն ունեն ավելի քան 2000-ամյա պատմություն, և պատմության տարբեր փուլերում ջերմ հարաբերություններ են ունեցել։ Ցեղասպանությունից հետո մեր ժողովրդի զգալի հատված արտագաղթեց Արևելքի երկրներ։ Անցյալ դարից սկսած՝ ռազմաքաղաքական բուռն փոփոխությունները որոշակի ազդեցություն թողեցին հայկական համայնքների վրա։ Այդ համայնքները ժամանակի ընթացքում կրճատվեցին։ Այսօր համայնքների համար առաջին խնդիրն անվտանգային հարցն է։ Մենք պետք է կարողանանք գոնե եղածը պահպանել, ապահովել մարդկանց որոշակի անվտանգություն։ Ես վստահ եմ, որ այս գիտաժողովի արդյունքներն իրենց արտացոլումը կգտնեն մեր ընդհանուր օրակարգային, համազգային խնդիրների հետագա ընթացքի վրա», - ասաց  Արշակ Փոլադյանը։

ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանն նշեց Միջին Արևելքի հայկական համայնքների առջև ծառացած մարտահրավերները։ «Առաջինը՝ տկարանալու վտանգն է։ Երկրորդը՝ վտանգված է արևմտահայերենը։ Երրորդը՝ նվազել են հայկական համայնքների տնտեսական աղբյուրները։ Եվ չորրորդ մարտահրավերը հայկական ինքնության պահպանության խնդիրն է», - թվեց Նորա Արիսյանը և ներկայացրեց Սիրիայի կառավարության և տեղի հայկական համայնքների հարաբերությունները։ «Սիրիայի կառավարության վերաբերմունքը եղել է դրական, սատարող և աջակցող։ Դրա վառ օրինակն են հայկական վարժարանները, դպրոցները, ճեմարանները, հայերեն լեզվով կրոնի դասավանդումը։ Պատերազմի ընթացքում և վերջում Սիրիայի պետությունը քայլեր նախաձեռնեց սիրիահայերի համար՝ աջակցելով հայկական դպրոցների, եկեղեցիների, արհեստանոցների և այլ հաստատությունների վերակառուցման աշխատանքներին և նյութական օժանդակություն տրամադրելով զոհվածների ընտանիքներին։ Միջին Արևելքի հայ համայնքը գոյատևման լիարժեք իրավունք ունի, և այս ամբողջը կպահանջի համահայկական և հայաստանյան օժանդակություն և ջանքեր։ Վստահ եմ, որ այս գիտաժողովում քննարկված հարցերը բոլորիս համար շատ կարևոր գիտական նյութ կդառնան», - ասաց Նորա Արիսյանը։ 

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Մարգարյանը նշեց, որ արաբական աշխարհի հայ համայնքներն իրենց պատմականորեն մեծ դերով մշտապես հետաքրքրություն և կարևորություն են ներկայացրել գիտական հանրության համար։ «Այս գիտաժողովը հարթակ է արաբական երկրների հայ համայնքների արդի մարտահրավերների և միտումների գիտականորեն արծածման և հնարավոր լուծումների փնտրտուքի համար», - ասաց Գոռ Մարգարյանը։

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի վարիչ Լիլիթ Հարությունյանը նշեց, որ գիտաժողովի նպատակն է ակադեմիական և դիվանագիտական շրջանակների մեկտեղմամբ քննարկել հայ համայնքների զարգացման միտումները, առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները, դրանց լուծման հնարավորություններն ու գործիքակազմերը փոխակերպվող տարածաշրջանում։ 

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ հայ արևելագիտությունը զարգացել է տարբեր երկրներում հայկական համայնքների ուսումնասիրմանը զուգահեռ։ «Մեր արևելագիտության մեջ առանձնահատուկ դեր ունեն հատկապես այն երկրների ուսումնասիրությունները, որտեղ միշտ եղել են ավանդական ուժեղ հայկական համայնքներ։ Ուսումնասիրելով մեր հայրենակիցների տարատեսակ խնդիրներն արևելյան տարբեր երկրներում, մենք նաև տեսնում ենք այդ երկրների հասարակական, քաղաքական տարատեսակ իրողությունները, զարգացումները։ Իսկ ներկայիս ավելի թեժացող իրավիճակում հայկական համայնքների և նրանց կարևոր խնդիրների ուսումնասիրությունն ունի համապետական և համազգային կարևորություն», - նշեց Ռուբեն Մելքոնյանը։

 

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը նշեց, որ արևելագիտության բնագավառի հետազոտությունները պահանջում են հայեցակարգային մոտեցում։ «Մենք օգտագործում ենք ցանցապետության տեսությունը։ Այդ հայեցակարգը թույլ է տալիս հասկանալ՝ ինչ հնարավորություններ ունենք որպես պետություն, որպես հանրություն, որպես համայնքներ միմյանց փոխլրացնելու, օգնելու և մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից», - ասաց  Հայկ Քոչարյանը։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը նշեց, որ վերջին տասնամյակի ընթացքում Մերձավոր Արևելքի իրադարձությունները հանգեցրել են նրան, որ հայկական համայնքները զգալիորեն տուժել և վերափոխվել են։ «Կան կանխատեսումներ, որ վատթարացումները կշարունակվեն։ Եվ այս գիտաժողովի արդյունքները կարող են շատ օգտակար լինել գիտական շրջանակներին և պետական մարմիններին՝ իրենց քաղաքականությունները ճիշտ նախանշելու և կազմակերպելու համար», - ասաց Հովհաննես Ալեքսանյանը։

Գիտաժողովի ընթացքում առաջատար հետազոտողները Լիբանանից, Քուվեյթից, ԱՄՆ-ից, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտից, Երևանի պետական համալսարանից, Հայ-Ռուսական համալսարանից, Բրուսովի անվան պետական համալսարանից ներկայացրին գիտական զեկուցումներ՝ նվիրված Մերձավոր Արևելքի հայկական համայնքների պատմությանը, առանձնահատկություններին և մարտահրավերներին։Միջազգային գիտաժողովը կազմակերպվել է Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
05.12.2023թ․


Ազդեր








Սույն թվականի փետրվարի 21-ին Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը սիրով հրավիրում է մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին: Գիտաժողովը տեղի կունենա Լեզվի ինստիտուտում

Ս.թ. փետրվարի 23-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա «Չընդհատված ծածկագիր. հայեր» գիտական ֆիլմի ցուցադրությունը և քննարկումը

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը սկսում է «Գիտական աշխատություններ» պարբերականի 2024թ.1 (27) հատորի հոդվածների ընդունումը: Առաջնահերթությունը տրվում է անգլերեն և ռուսերեն լեզուներով հոդվածներին: Հոդվածների ընդունման վերջնաժամկետն է՝ 2024թ. մարտի 1-ը

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

2024թ․ մարտի 28-30-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը անցկացնելու են «Հայաստանը որպես քաղաքակրթական խաչմերուկ․ պատմամշակութային առնչություններ» թեմայով միջազգային գիտաժողով

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
20/02/2024

Ակադեմիական քաղաքի նախագծի ռիսկերը. պարզաբանում է Կենդանաբանության ինստիտուտի տնօրենը
tech.news.am
20/02/2024

Սեյսմոլոգիան ՀՀ-ի համար միշտ լինելու է առաջնային ուղղություն․ ԳԱԱ-ում ներկայացվեց սեյսմիկ արդիական ցանցն ու բացվեց տվյալների հաշվողական կենտրոն
armenpress.am
20/02/2024

Գիրք ընթերցելը նույնն է, ինչ լեռներ գնալը
1lurer.am
20/02/2024

«Գիտուժի» ներկայացուցիչների հետ քննարկվել են գիտահետազոտական ոլորտում պետական պատվերների ձևակերպման հարցեր
1lurer.am
Կայքը հաճախել են
6 848 354

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  11:19, 21/02/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ
Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում
Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները - Հայտարարություններ - Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: