ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Արմեն Սեդրակյան
Ֆ.-մ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
10/07/2023
ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նիստում քննարկվեց Սևանա լճից հավելյալ ջրառի հարցը

Սույն թվականի հուլիսի 7-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին» ՀՀ կառավարության որոշման քննարկումն էր։ Այս որոշման ընդունմամբ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Սևանա լճից հավելյալ 70 միլիոն խմ ջրառին։ Արդյունքում, 2023 թվականին լճից բաց կթողնվի մինչև 240 միլիոն խմ ջուր՝ օրենքով սահմանված առավելագույնը 170 միլիոն խմ-ի փոխարեն։ 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը մեջբերեց ՀՀ կառավարության որոշման հիմնավորումը, ըստ որի՝ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովվածության դեֆիցիտը մասնակի մեղմելու, ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: Հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 31.3 հազար հեկտար, իսկ ոռոգման ջրի պահանջարկը կկազմի շուրջ 445,3 միլիոն խմ։ Հաշվարկվել է, որ ջրի դեֆիցիտը կկազմի 121,4 միլիոն խմ։ Նախատեսվում է շուրջ 51,4 միլիոն խմ վերցնել լրացուցիչ մեխանիկական ջրարտադրության արդյունքում, իսկ մինչև 70 միլիոն խմ-ն՝ Սևանա լճից։

«Մենք կարող է անդառնալի փոփոխություններ ունենանք Սևանում։ Մենք պետք է միասին ճանապարհներ գտնենք, որ Սևանի հոգսը թեթևացնենք, ոչ թե հեշտ ճանապարհով գնանք։ Եթե մենք կարողանանք վերացնել կորուստների կեսը, կկարողանանք փակել ջրի դեֆիցիտը։ Այս տարի երկու անգամ ավելի շատ է ջուր բաց թողնվել Սևան-Հրազդան ջրատարով, քան անցյալ տարի նույն ժամանակահատվածում։ Այսօրվա դրությամբ Արփա-Սևան թունելով երկու անգամ ավելի պակաս ջուր է մուտք եղել Սևանա լիճ, քան անցյալ տարի նույն ժամանակահատվածում», - ասաց ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը։

Վահագն Գևորգյանն արձագանքեց․ «Արփա-Սևան թունելով տեղափոխել ենք 80 միլիոն խմ ջուր՝ անցյալ տարվա 140 միլիոն խմ-ի փոխարեն։ Դա պայմանավորված է նրանով, որ այս տարվա հունվար, փետրվար, մարտ ամիսներին շինարարություն է եղել, և երկրորդ, թունելի մուտքը փակ է եղել, այս 3 ամիսների ընթացքում քիչ ջուր է գնացել։ Բացի այդ, 2021 թվականի համեմատ Արփա և Եղեգիս գետերի հոսքը շատ նվազել է։

Այս տարի Սևանի ջուրը մեկ ամիս շուտ ենք բաց թողել՝ մայիսի 14-ին, իսկ անցյալ տարի՝ հունիսի 6-ին։ Այս տարի անձրևներ չկային, Հրազդան գետի ջրատվությունը, ըստ Հիդրոմետի կանխատեսումների, անգամ 40 տոկոսով պակաս էր, քան իրականում։ Ջրապահանջը շատ էր, գետերում ջուր չկար, միակ ճանապարհը Սևանից բաց թողնելն էր։ Ապրիլից է սկսվել այս տարի ոռոգման շրջանը, այդպիսի բան գրեթե չէր եղել։ Այս տարի վեգետացիան շուտ է սկսվել»։

Ջրային կոմիտեի նախագահը հավաստիացրեց, որ Եղեգիս գետի վրա որոշ փոքր ՀԷԿ-եր չեն գործում, կան դատական գործեր։ Ջրային կոմիտեն դիմել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն՝ որոշ փոքր ՀԷԿ-երի տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները վերանայելու համար։

Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած 31.3 հազար հեկտար հողերն ամբողջությամբ Արարատյան դաշտի հողերն են։ 

Հանձնաժողովի անդամները բարձրացրին Արարատյան դաշտում շահագործվող ձկնաբուծարանների հարցը, որոնք մեծ քանակությամբ ջրային ռեսուրսներ են օգտագործում։ Ջրային կոմիտեի ներկայացուցիչները նշեցին, որ ձկնաբուծարաններում տեղադրված են հաշվիչներ․ «Նախնական հաշվարկներով մոտ 1,4 միլիարդ խմ ջուր է գնում։ Կառավարությունն օրենքի նախագիծ է շրջանառում, որպեսզի ձկնաբուծարաններն անցնեն բացառապես փակ ցիկլով աշխատանքի։ Բացի այդ, Ջրային կոմիտեում մոտ 100 միլիոնի նախագիծ ենք իրականացնում, որպեսզի ձկնաբուծարանների ջրերն արևային էներգիայով աշխատող պոմպակայաններով բարձրացնենք վերևի նիշ՝ ոռոգման համակարգն ապահովելու համար։ Սյդ հարցն ուսումնասիրության փուլում է»։

Հանձնաժողովի անդամ, ջրային ռեսուրսների կառավարման մասնագետ Վլադիմիր Նարիմանյանը նշեց, որ ոռոգման շրջանի սկզբից՝ մայիսից մինչև հուլիս ամիսը, ոռոգման ջրապահանջարկը փակվել է Սևանա լճի հաշվին։ «Երկու հատ ջրապահանջ եք ներկայացրել։ Առաջինը՝ Սևանա լճից 170 խմ ջրառի վերաբերյալ կառավարության որոշման ժամանակ, երբ ոռոգման շրջանը նոր էր սկսվում, ամբողջ համակարգի՝ 31 հազար հեկտարի համար ջրապահանջարկը եղել է 521 միլիոն խմ։ Մյուսը ներկայացրել եք հիմա՝ 445 միլիոն խմ, որը նախատեսված է հուլիսի 1-ից մինչև ոռոգման շրջանի ավարտը` հոկտեմբերի 10-ը։ Եթե այն ժամանակ ջրապահանջարկը 521 միլիոն խմ է եղել, հիմա 445 միլիոն խմ է, ստացվում է, որ 76 միլիոն խմ տարբերությունը նախատեսված է եղել ոռոգման շրջանից մինչև հուլիսի մեկը։ Եթե դուք 80 միլիոն խմ-ն ջրամբարից եք վերցրել, 68 միլիոն խմ-ն՝ Սևանից, ստացվում է այնպես, որ միայն Սևանից եք փակել ամբողջ համակարգի ջրապահանջարկը։ Բա ջրամբարների 80 միլիոն խմ-ն ի՞նչ եք արել», - ասաց Վլադիմիր Նարիմանյանը։ 

Ջրային կոմիտեի ներկայացուցիչները նշեցին, որ ՋՕԸ-երի մոտ եղել է 17 տոկոս պահանջարկի նվազեցում։

Հանձնաժողովի անդամ, հիդրոլոգ Օֆելյա Գրիգորյանը նշեց՝ ջրբացթողումների հետևանքով Սևանա լճի մակարդակը շարունակելու է իջնել։ «2021 թվականին, երբ Սևանա լճից բաց թողնվեց 250 միլիոն խմ ջուր, լճի մակարդակը իջավ և շարունակեց մնալ բացասական։ Ես հաշվարկ եմ արել, որ առնվազն 90 միլիոն խմ-ից ավելի չպետք է բաց թողնել Սևանից, որպեսզի մակարդակը սկսի բարձրանալ։ Եթե 170 միլիոն խմ բաց ենք թողնում, արդեն բացասական մակարդակ է գրանցվելու, 70 միլիոն խմ էլ որ բաց թողնվի, արդեն շատ կիջնի լճի մակարդակը», - ասաց Օֆելյա Գրիգորյանը՝ նշելով, որ ջրի դեֆիցիտը պետք է լրացնել նոր ջրամբարների միջոցով։ 

«Սևանա լիճն արդեն սկսել է ծաղկել։ Մենք պետք է նվազեցնենք բացասական ազդեցությունները լճի վրա, որպեսզի խուսափենք անդառնալի հետևանքներից», - նշեց Բարդուխ Գաբրիելյանը։

«Սևանի բեռը կթեթևացնի Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ճիշտ օգտագործումը։ 54 լումա է խմ-ն այնտեղ։ Դիմեք, որ վերանայվի, դա ճիշտ չէ։ Բացի այդ, մենք ձուկ աճեցնելով կիսաանապատային գոտում, ատոմակայանն ենք հարցականի տակ դնում, նաև նոր նախատեսվող ատոմակայանը», - շեշտեց հանձնաժողովի անդամ, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը։

«Պետք է հիմնավորել ելակետային 521 միլիոն խմ ջրապահանջարկը, շատ մեծ թիվ է նշված։ Ըստ այդմ, կկողմնորոշվեք, թե որքան է Սևանի չափաբաժինը», - նշեց հանձնաժողովի անդամ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ալեքսեյ Թարվերդյանը։Հանձնաժողովի անդամներն առաջարկեցին Ջրային կոմիտեին վերանայել ջրապահանջարկի և ջրի դեֆիցիտի հաշվարկները ու ներկայացնել ստույգ և հիմնավորված տվյալներ։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
10․07․2023թ․


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 7-11-ը ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի միջազգային կազմակերպությունը կազմակերպում է "High Energy Astrophysics and Cosmology in the era of all-sky surveys (HEACOSS 2024)" միջազգային գիտաժողովը

2024թ․ հոկտեմբերի 11-13-ը ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. hանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական կրթական գիտաժողով

Ս.թ. հոկտեմբերի 15-19-ը հրավիրում ենք մասնակցելու Երևանում (Հայաստան) կայանալիք «Օպտիկան և նրա կիրառությունները» 12-րդ միջազգային սիմպոզիումին (12th Symposium on "Optics & its Applications (OPTICS12)): Գրանցման վերջնաժամկետն է ս․թ․ օգոստոսի 15-ը

2024թ.-ի նոյեմբերի 4-6-ը ՀՀ ԳԱԱ Լ․Ա․ Օրբելու անվ․ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը կազմակերպում է միջազգային կոնֆերանս՝ «Բնության գաղտնիքների բացահայտումը առաջադեմ կենսապատկերավորման մոտեցումների օգնությամբ» (Երևան, Հայաստան)

2024թ. նոյեմբերի 6-7-ը ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը կազմակերպում է միջազգային առցանց գիտաժողով՝ «Բարբառային լեզվի ուսումնասիրությունը ԱՊՀ երկրներում» խորագրով

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
30/09/2024

Գիտության շաբաթ
gituzh.am
29/09/2024

«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում
escs.am
29/09/2024

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք. Գիտուժի ու գիտական համայնքի արձագանքը
media-center.am
28/09/2024

ԳԱԱ կազմում չեն լինի գիտական կազմակերպություններ, այն կդառնա խորհրդատվական մարմին
1lurer.am
Կայքը հաճախել են
7 113 435

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:00, 04/10/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: