ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Վարդան Գրեգորյան
դոկտոր, պրոֆեսոր
COVID-19
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
06/10/2022
ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ Սևանա լճի մասին գրքերի շնորհանդես՝ նվիրված ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռաֆայել Հովհաննիսյանի 80-ամյակին

Սույն թվականի հոկտեմբերի 4-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Հովհաննիսյանի «Սևանա լճի բնական պաշարների պահպանման և վերականգնման գիտական հիմքերը» վերահրատարակված և գրականագետ Ավիկ Իսահակյանի «Սևանա կղզի...» հուշապատում գրքերի շնորհանդեսը: Միջոցառումը նվիրված էր Ռաֆայել Հովհաննիսյանի 80-ամյակին:

Հյուրերին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: «Ռաֆայել Հովհաննիսյանի հետ աշխատել ենք հանձնաժողովներում, համագործակցել ենք որպես ինստիտուտների տնօրեններ: Ակտիվ, պայծառ, հեռանկարային ծրագրեր ունեցող անձնավորություն էր: Ցավոք, ժամանակից շուտ հեռացավ կյանքից: Բայց իր գործը, այս գիրքն անմահացնում են իրեն: 

Այսօր նշում ենք նաև Ավիկ Իսահակյանի «Սևանա կղզի...» հուշապատում գրքի շնորհանդեսը: Այն ներկայացնում է Ավետիք Իսահակյանի անցկացրած օրերը Սևանի ափին, լավ օրեր, որոնք այսօր պատմություն են»,- ասաց Աշոտ Սաղյանը:

«Այս տարիների ընթացքում մենք ավելի ու ավելի ենք գնահատում Ռաֆայել Հովհաննիսյանի դերը: 1977թ. նա ստեղծեց Սևանի հիդրոէկոլոգիայի ուսումնասիրության բազմակարգային համակարգ: Մինչ այդ Սևանա լճի համար այդպիսի համակարգ չկար: Դրանից հետո նա սկսեց Սևանի էվտրոֆիկացիայի ուսումնասիրությունը: Այն, որ 2001թ. ընդունվեց «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը, զգալի չափով իր ներդրումն է»,- ասաց ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը:

«Ռաֆայել Հովհաննիսյանի կատարած մեծ գործի պտուղները քաղում ենք մինչ օրս: Մենք այժմ էլ սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի Հարավային գիտական կենտրոնի հետ, որի սկիզբը դրել է Ռաֆայել Հովհաննիսյանը, և նախատեսում ենք իրենց պատրաստած սարքավորումները, որոնք ջրի հետազոտման համար են, համատեղ օգտագործել Հայաստանում՝ Սևանում, ինչպես նաև այլ ջրամբարներում քիմիական կազմ, կենսաբանական միացությունների կազմ հետազոտելու համար»,- ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը:

Ռաֆայել Հովհաննիսյանի դուստրը՝ Լուսինե Համբարյանը, շնորհակալություն հայտնեց գրքի վերահրատարակման գործում իրենց ներդրումն ունեցած բոլոր մասնակիցներին: «1994թ. էր լույս տեսել գիրքը: Տարբեր մասնագետներ ուզում էին գիրքը, բայց գրքի այդ տարբերակն արդեն բացակայում էր: 2019թ. մասնակցեցի Հարավային գիտական կենտրոնում անցկացվող միջազգային գիտաժողովին, որտեղ ներկայացվում էին ջրային ռեսուրսներին վերաբերող գլոբալ փոփոխություններն ու խնդիրները: Ես ներկայացրեցի Սևանա լիճը, էվտրոֆիկացիան, էկոլոգիական խնդիրները և համատեղ նախագիծ անելու առաջարկ ստացա: Մտքիս եկավ այդ գաղափարը՝ վերահրատարակել հայրիկիս գիրքը:  Այսօր ես շատ ուրախ եմ, որ այս նախագիծն իրականացել է, և կարող ենք գիրքը տրամադրել մարդկանց, ովքեր աշխատում են Սևանա լճի խնդիրների ուղղությամբ: 

Հարավային գիտական կենտրոնի հետ մեր կապերը շատ սերտ են, և նոր գործիքները, որոնք առաջարկում են լճի ուսումնասիրությունների համար, թույլ կտան մեկ քայլ առաջ գնալ Սևանա լճի մոդելի հետ կապված: Իմ հայրը շատ շահագրգռված էր այդ գաղափարով և ուզում էր, որ Սևանա լճի մոդելը պարտադիր ստեղծված լինի»,- ասաց Լուսինե Համբարյանը: 

Ռաֆայել Հովհաննիսյանի կյանքի և գիտական գործունեության մասին, իրենց հուշերի մասին ելույթներով հանդես եկան ակադեմիկոսներ Սերգեյ Մովսիսյանը և Վիլեն Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Հարավային գիտական կենտրոնի գլխավոր մասնագետ, ակադեմիկոս Արարատ Գոմցյանը, ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը:

1973-2006թթ. Ռաֆայել Հովհաննիսյանը ղեկավարել է ՀՀ Սևանի ջրակենսաբանական կայանի աշխատանքները՝ նվիրվելով Սևանի խնդրի լուծման գործին։ Նրա նախաձեռնությամբ կայանում կազմակերպվել են հիդրոֆիզիկայի, հիդրոքիմիայի, էկոլոգիական ֆիզիոլոգիայի, փորձարարական էկոլոգիայի լաբորատորիաներ, զարգացել են գիտական ֆունկցիոնալ հիդրոէկոլոգիայի, պրոդուկցիոն հիդրոկենսաբանության նոր ուղղություններ, կիրառվել՝ նորագույն մեթոդներ և մոտեցումներ։ Ռաֆայել Հովհաննիսյանի ջանքերի շնորհիվ Սևանի ջրակենսաբանական կայանը 1990թ. վերակազմավորվել է որպես ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի։

Ռաֆայել Հովհաննիսյանը նոր փորձարարական ուղղության՝ խոշոր լիմնոհամակարգերի հիդրոէկոլոգիական ցուցանիշների փոփոխության հիման վրա էկոսեյսմոկանխագուշակման հեղինակն ու ղեկավարն էր։ 
Նա մշակել և ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել նաև Հայաստանում «Էկոլոգիական գիտության զարգացման հիմնական ուղիները» ծրագիրը։

Գիտական մեծ ավանդ է Ռաֆայել Հովհաննիսյանի դոկտորական դիսերտացիան «Սևանա լճի անթրոպոգեն աղտոտման և նրա բացասական հետևանքները կանխելու ուղիները» թեմայով, որը նա պաշտպանել է 1988թ․Մոսկվայի պետական համալսարանում։ Այն միակ ամփոփ աշխատությունն է, որը ոչ միայն ընդգրկում է Սևանա լճի և նրա ջրահավաք ավազանին վերաբերող բազմամյա հետազոտությունների արդյունքները, այլև խոր գիտական վերլուծությամբ ցույց է տալիս Սևանի հիմնահարցի լուծման հնարավոր լավագույն տարբերակները՝ օգտագործելով ժամանակակից մաթեմատիկական մեթոդները, առաջադրելով կենսածին տարրերի ներհոսքը կարգավորելու ճանապարհով լճի էկոլոգիական վիճակի վերականգնման ինքնատիպ մոդել։

Հիդրոէկոլոգիական ցուցանիշների հիման վրա Հովհաննիսյանի ղեկավարությամբ կատարվել է ջրի որակի ռետրոսպեկտիվ վերլուծություն, որը կարևոր նշանակություն ունի խոշոր հիդրոէկոհամակարգերի էկոլոգիական վիճակի գնահատման և կանխագուշակման համար։ Ստացված գիտական հետազոտության արդյունքներն օգտագործվել են Սևանա լճի ջրահավաք ավազանի բնապահպանական միջոցառումների մշակման ժամանակ, որոնք իրենց արտացոլումն են գտել ԱՊՀ և ՀՀ կառավարական և վարչական մարմինների հատուկ որոշումներում։

Ռաֆայել Հովհաննիսյանի ղեկավարությամբ կատարվել է նաև հանրապետության մյուս խոշոր հիդրոէկոհամակարգերի՝ Սև քարի, Ակնալճի, Ապարանի, Կեչուտի, Մանթաշի ջրամբարների և Հայաստանի խոշոր գետերի էկոլոգիական վիճակի հետազոտում և գնահատում։ Ստացված արդյունքների հիման վրա մշակվել և ՀՀ կառավարությանն են ներկայացվել Հայաստանի հիդրոհամակարգերի բնական պաշարների պահպանման, վերականգնման և արդյունավետ օգտագործման բազմաթիվ էկոլոգիական մշակումներ և ծրագրեր։

Հովհաննիսյանը հեղինակ է 125 գիտական աշխատությունների, ներառյալ 2 մենագրությունները, որոնց գիտական ուղղվածությունը էկոլոգիական պրոցեսների հետազոտման ֆունկցիոնալ մոտեցումն է։

Մտահոգվելով Սևանա լճի ճակատագրով՝ Ռաֆայել Հովհաննիսյանի նախաձեռնությամբ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի աշխատակիցները ձեռնամուխ են եղել «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի նախագծի ստեղծմանը, որի առանցքային խնդիրը լճի ջրի դրական հաշվեկշռի ապահովումն էր։

Ռուսաստանի Դաշնության իր գործընկերների աջակցությամբ Ռաֆայել Հովհաննիսյանը հիմնավորել է լճի մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը և ՀՀ ԳԱԱ Սևանի փորձագիտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում պայքարում էր լճի ջրային և ձկնային ռեսուրսների պահպանման և արդյունավետ օգտագործման համար։

Գրականագետ Ավիկ Իսահակյանը բարձր գնահատեց Ռաֆայել Հովհաննիսյանի գիտական գործունեությունը և ավանդը Սևանա լճի էկոհամակարգի պահպանման գործում: Ներկայացնելով «Սևանա կղզի...» հուշապատում գիրքը՝ նա ասաց. «Այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ իրենց կյանքի կոչումով Սևանի սիրահարներ են: Սևանի զավակ ու որդի է եղել Ավետիք Իսահակյանը, որը չի դիտել Սևանը որպես բնության երևույթ, աշխարհագրական երևույթ, այլ դիտել է որպես կենդանի էակ: Եվ այս գիրքը երկու ասելիք ունի: Առաջին ասելիքն այն է, որ ես երեք տարեկանից մեծացել եմ Սևանի ափին՝ կղզում, որտեղ Գրողների միության հանգստյան տունն էր, Վարպետի կողքին: Ամեն ինչ տեսել եմ, զգացել, թե՛ ջրի սառնությունը, թե՛ ջրի քաղցր համը, թե՛ այդ գեղեցկությունը: Եվ երկրորդ ասելիքն այն է, թե ինչպես Վարպետը սկզբում միայնակ, հետո կամաց-կամաց իր բանակը շատացավ, պայքար էր տանում Սևանի չորացման հանցագործ ծրագրի դեմ»,- ասաց Ավիկ Իսահակյանը:


ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
06.10.2022թ.


Ազդեր








2024թ.-ի ապրիլի 23-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա տարեկան ընդհանուր ժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 2023թ.-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին: Գիտությունների բաժանմունքների տարեկան ընդհանուր ժողովները կանցկացվեն ապրիլի 22-ին՝ ժամը 10:00-ին

ՀՀ ԳԱԱ ՖՀԻ-ը IPR Armenia Optica Student Chapter-ի հետ միասին հայտարարում են «Լույսը լուսանկարչի աչքերով» խորագրով ֆոտոմրցույթ՝ նվիրված Լույսի միջազգային օրվան: Մրցույթին գրացման վերջնաժամկետն է՝ ս.թ. մայիսի 1-ը

Ս.թ. ապրիլի 10-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա սեմինարների շարքի երրորդ հանդիպումը՝ «Հավաքում ենք փաթիլ. ատոմներից դեպի մոլեկուլ և բյուրեղ» խորագրով: Որպես մոդերատոր հանդես կգա անվանի քիմիկոս, SKOLKOVO-ի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովը

Ս.թ. ապրիլի 5-ին, ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կանալացման նորագույն տեխնոլոգիաներ։ Չեզոք և լիցքավորված փնջեր ուղղորդող հզոր արտաքին էլեկտրամագնիսական դաշտեր» թեմայով սեմինար, որը կներկայացնի Միջուկային ֆիզիկայի ազգային ինստիտուտի (Իտալիա) պրոֆեսոր Սուլտան Դաբագովը

Ս.թ. ապրիլի 1-ին, ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա «Մագնիսաչափությունը՝ միջուկային սպին-բևեռացված 14N-ով ադամանդում NV-կենտրոնների հիման վրա» թեմայով սեմինար, որը կներկայացնի Լատվիայի համալսարանի պրոֆեսոր Մարցիս Աուզինշը

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը սկսում է «Գիտական աշխատություններ» պարբերականի 2024թ.1 (27) հատորի հոդվածների ընդունումը: Առաջնահերթությունը տրվում է անգլերեն և ռուսերեն լեզուներով հոդվածներին: Հոդվածների ընդունման վերջնաժամկետն է՝ 2024թ. մարտի 1-ը

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
26/04/2024

Ոչ ոք չի կարող մեզ արգելել կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի ազգային ակադեմիան գոյություն չունենա․ ՀՀ նախագահ
armenpress.am
25/04/2024

Պետական քաղաքականությունն ուղղված է դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդմանը. Ժաննա Անդրեասյան
1lurer.am
23/04/2024

Վերջին 3 տարիներին գերատեսչություններից որևէ պատվեր չի իջեցվել Ակադեմիային. ԳԱԱ-ն ամփոփեց 2023 թ. արդյունքները
news.am
19/04/2024

«Ուսումնասիրության արդյունքները կարող են հուսալի հիմք դառնալ Հովհաննես Չեքիջյանի կատարողական գործունեության հետագա հետազոտությունների համար»
aravot.am
Կայքը հաճախել են
6 963 994

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:32, 03/05/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ
Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում
Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները - Հայտարարություններ - Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: