Diaspora Department presents
Sos Agaian

Dr. of Phys. and Math. Sciences, Prof.

   ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Սթեյթեն Այլենդի համակարգչային գիտության ֆակուլտետի և Նյու Յորքի քաղաքային համալսարանի շրջանավարտների կենտրոնի գծով պատվավոր պրոֆեսոր Սոս Աղայանը ծնվել է 1946թ. Երևանում:
   Հայրը՝ Սուրեն Աղայանը, դասավանդել է Երևանի պետական համալսարանում, նա տնտեսագիտության դոցենտ էր, մայրը՝ Հրանուշ Գյուրջյանը, կիսատ թողեց ուսումը բժշկական համալսարանում, որպեսզի դաստիարակի իր երեք զավակներին:Պատանի Սոսն իր երկու դասընկերների հետ սիրում էր ազատ ժամանակ խնդիրներ առաջադրել և գտնել այդ խնդիրների լուծման նոր եղանակներ:
   Սոսը համոզված էր, որ իր գիտական ապագան կապելու է ֆիզիկայի հետ, սակայն ինչպես ցույց տվեց կյանքը, նա գնաց մաթեմատիկայի ուղղությամբ: Ի դեպ, հայրն այնքան էլ գոհ չէր որդու ընտրած գիտական ուղուց, բայց, այնուամենայնիվ, Սոսը ընտանիքից գաղտնի, 1968թ. հանձնեց քննությունները և ընդունվեց Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ: Ուսանելու վերջին տարիներին նա որոշում է կրթությունը շարունակել Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում: Ավարտելով բուհը՝ Աղայանը վերադարձավ հայրենիք, բայց որոշ ժամանակ անց վճռեց շարունակել կրթությունը և ընդունվեց Մոսկվայի Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտի ասպիրանտուրա՝ գիտական աշխատանքներ իրականացնելով ֆունկցիաների տեսության ոլորտում: Ականավոր մաթեմատիկոս Ս. Մերգելյանի ղեկավարությամբ Սոս Աղայանը 1974թ. պաշտպանեց գիտական թեզը՝ ստանալով ֆիզմաթ գիտությունների թեկնածուի աստիճան:
   1971թ., երբ Սերգեյ Մերգելյանը դարձավ Հայաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, Սոս Աղայանին առաջարկեց վերադառնալ Հայաստան և միասին աշխատել: Աղայանն անմիջապես վերադարձավ և աշխատանքի անցավ Գիտությունների ակադեմիայի հաշվողական կենտրոնում՝ միաժամանակ դասավանդելով պետական համալսարանում: Երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի ֆունկցիաների տեսությունից նա անցում կատարի կոմբինատորիկայի ոլորտ: 1985թ. մեծ հաջողությամբ Սոս Աղայանը Մոսկվայում պաշտպանեց դոկտորական ատենախոսությունը, որը վերաբերում էր նկարների մշակման և փոխանցման ոլորտին:
   1993 թվականին Սոս Աղայանը մեկ տարով աշխատանքի հրավեր է ստանում Թաֆթս համալսարանից՝ (Բոստոն) որպես հրավիրյալ դասախոս: Հետագայում այդ պայմանագիրն անընդհատ վերաթարմացվում էր: Նա շուրջ երեք տարի դասավանդեց Թաֆթսի համալսարանում:
   Այնուհետև հրավեր ստացավ Բոստոնի «Ավեար» (Aware) ընկերությունից, որտեղ գրեթե մեկ տարի աշխատեց որպես գիտական ղեկավար՝ զբաղվելով նկարների մշակման տեսության զարգացմամբ:
   Աղայանի առաջին կարևոր ներդրումներից է պատկերների որակի բարձրացման տեխնոլոգիաների մշակումը, որոնք հիմնված են մարդու տեսողական համակարգի մոդելի վրա: Համակարգը թույլ է տալիս գնահատել պատկերի որակն առանց այլ պատկերների հետ համեմատության, ինչպես բնորոշ է մարդու տեսողական համակարգին:
   Սակայն Աղայանը վճռեց իր հետագա կյանքը, այնուամենայնիվ, կապել գիտամանկավարժական հաստատության հետ:
   Ընտրությունը կանգնեց Տեխասի Սան Անտոնիո համալսարանի վրա, քանզի այն արագ զարգացող և մեծ գիտական ներուժ ունեցող համալսարան էր: Արդեն դոցենտի հաստիքով Աղայանը Սան Անտոնիո համալսարանում դասավանդում էր հիմնականում նկարների և ազդանշանների մշակման դասընթացը: Տարիներ անց Աղայանը նույն համալսարանում ստացավ պրոֆեսորի, իսկ հետո արդեն «Peter T. Flawn Professor»՝ վաստակավոր պրոֆեսորի կոչում: Միևնույն ժամանակ, նա Տեխասի Առողջության գիտական համալսարանի պրոֆեսոր է:
   Սոս Աղայանի գիտական աշխատանքները բարձր են գնահատվում գիտական շրջանակներում, 1985թ.-ից հայտնի են Աղայան-Սարուխանյանի անվան թեորեմները, որոնք այժմ լայնորեն կիրառվում են:
   Նրա ընթացիկ հետազոտական հետաքրքրությունները ներառում են հաշվողական տեսլականը, մեքենայացված ուսուցումը, արհեստական բանականությունը, կենսաբժշկությունը: Այս բազմամասնագիտական փորձը նրան հնարավորություն է տալիս իրականացնել դասավանդումը լավագույն կերպով:
   Նրա հետազոտության հիմնական նպատակն է հաշվողական սարքերին հնարավորություն տալ տեսնելու, սովորելու, հասկանալու, պլանավորելու և գործելու ճիշտ այնպես, ինչպես անում են մարդիկ: Դոկտոր Աղայանի հետազոտությունները սիներգիա են ստեղծում տեսության և գործնական լուծումների միջև:
   Հիմնարար գիտության մեջ Սոս Աղայանի նշանակալից ներդրումն են մատնանշում գիտական հանրության կողմից ընդունված Աղայանի թեորեմները, Աղայանի ընտանիքը, Աղայանի մեթոդը և Աղայանի մատրիցը: 
   Պրոֆեսոր Աղայանի հետազոտական ծրագրերն աջակցվում են ԱՄՆ էներգետիկայի, ԱՄՆ տրանսպորտի նախարարության, ԱՄՆ բանակի, Ենթակառուցվածքների ապահովման և անվտանգության կենտրոնի, ինչպես նաև Օդային ուժերի տեղեկատվական պատերազմի կենտրոնի կողմից:
   Նրա տեխնոլոգիաների ազդեցությունը ծանրակշիռ է մասնավորապես բարձր տեխնոլոգիաների զարգացման բնագավառում: Երեք սկսնակ ընկերություններ (MedicalScan, Latakoo, BA-Logix) ստեղծվել են նրա արտոնագրերի հիմքի վրա: Ըստ Ս.Աղայանի՝ BA-Logix ընկերությունը 2500 արտոնագիր ուսումնասիրելուց հետո ընտրել է նրա արտոնագիրը: 
   Սոս Աղայանը մեծ հպարտությամբ է հիշում 2005թ., երբ արժանացավ տարվա լավագույն դասախոս կոչմանը: 2014թ. նա արժանացել է «Տարվա նորարար» մրցանակին, 2016թ. արժանացել է Ձեռներեցության մրցանակին:
   Սոս Աղայանն այս տարիների ընթացքում պատրաստել է 45-ից ավելի գիտությունների թեկնածուներ, որից 20-ը՝ Հայաստանում, 12-ը՝ Թաֆթս համալսարանում և Սթենֆորդի համալսարանում, որոնց հետ Աղայանը մինչև այժմ համագործակցում է: 
   Սոս Աղայանն այսօր էլ պահպանում է կապը հայրենական գիտական կենտրոնների հետ: Սերտորեն համագործակցում է Հակոբ Սարուխանյանի հետ և իրականացնում համատեղ գիտական աշխատանք: Սոս Աղայանն այս տարիների ընթացքում միշտ պատրաստակամ է եղել համագործակցելու, դասախոսությամբ հանդես գալու հայ երիտասարդ գիտնականների համար ակադեմիական շրջանակներում, ինչպես նաև լինելու որպես երկրորդ գիտական ղեկավար:
   Նրա գիտական ձեռքբերումներն արտացոլվել են նրա 750-ից ավել գիտական հոդվածներում, 10 մենագրություններում, նա  մասնագիտական գրքերում 19 գլուխների հեղինակ է, խմաբագրել է ավելի քան 10 գիրք, և ունի 56 արտոնագիր: 
   Ոլորտում իր արժեքավոր ներդրումների համար Սոս Աղայանը ընտրվել է որպես «Ֆելոու (fellow)» վաստակավոր անդամ միջազգային ներքոհիշյալ հեղինակավոր միություններում.
   SPIE Fellow SPIE անդամ, Ֆոտո-օպտիկական գործիքավորման ինժեներների միջազգային ընկերություն, օպտիկական ճարտարագիտության ոլորտում նշանակալի և արժեքավոր ներդրման համար (2005 թ.), 
   IS&T Fellow, The Society for Imaging Science Technology, մուլտիմեդիա-պատկերման համակարգերի և անվտանգության համակարգերի ոլորտներում իր ակնառու ներդրման համար, ներառյալ տվյալների ներկառուցված գաղտնազերծման գործընթացները և տվյալների թաքցման մեթոդները բջջային կապի համար (2013 թ.),
   IEEE անդամ, Էլեկտրական և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտ, տեսողական տվյալների մշակման համակարգերում իր ներդրման համար, (2017),
   AAIA-ի գործընկեր, Ասիա-խաղաղօվկիանոսյան արհեստական բանականության ասոցիացիա, 2021թ: Յուրաքանչյուր տարի այդ կառույցների անդամների միայն մեկ տոկոսն է ստանում պատվավոր «Ֆելոու» կոչումը:     
   Սոս Աղայանը բազմաթիվ հեղինակավոր գիտական ամսագրերի՝ SPIE, IS&T, IEEE խմμագրական խորհրդի անդամ է, հարյուրից ավելի միջազգային գիտաժողովների կազմակերպիչ-նախագահ:
   Սոս Աղայանը սերտ կապեր է պահպանում նաև Միացյալ Նահանգների հայ համայնքի հետ և համայնքի ղեկավարներից մեկն է: Սոս Աղայանն ամուսնացած է և ունի մեկ որդի՝ Սարգիս Աղայանը, ով ժամանակին երեք անգամ եղել է ԱՄՆ-ի շախմատի չեմպիոն և հետագայում համալրել ԱՄՆ-ի շախմատի թիմը: Սարգիս Աղայանը մասնագիտությամբ ինժեներ է, ավարտել է Սթենֆորդի և Հարվարդի համալսարաները:
   Հաշվի առնելով Սոս Աղայանի գիտական, մանկավարժական մեծ վաստակը, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրեց ԳԱԱ արտասահմանյան անդամ: Սոս Աղայանն այսօր էլ համագործակցում է ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի և երեք համալսարանների հետ:
   Ներկայումս նա Երևանի պետական համալսարան 3 մագիստրոսի և Ռուս-Հայկական (Սլավոնական) Համալսարան մեկ Ph.D. ուսանողի խորհրդատու է: Նա հպարտությամբ արձանագրում է, որ այդ տաղանդավոր ուսանողներն արդեն իրենց գիտական ձեռքբերումները հրատարակել են ամերիկյան ամենահայտնի ամսագրերում:

   Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
   ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար