News
19/04/2024
«Այս որոշումների հիմքում քաղաքական որոշում է»․ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հովակիմ Զաքարյան

Սույն թվականի ապրիլի 3-ին կայացած ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում քննարկվեց ՀՀ պետական ԲՈՒՀ-երի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման հարցը։ Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ գիտական ինստիտուտների և կենտրոնների տնօրեններ և գիտաշխատողներ։

«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգով նախատեսվում է ստեղծել 6 կլաստեր՝ դասական, բժշկական, տեխնոլոգիական, կրթական, արվեստների և սպայական, որոնցում միավորվելու են ԲՈՒՀ-երն ու գիտահետազոտական ինստիտուտները և կենտրոնները։

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հովակիմ Զաքարյանն իր ելույթում ասաց․ «Քանի չկան հիմնավորումներ, մենք կարող ենք ընդամենը մեկ եզրակացություն անել, որ այս որոշումների հիմքում քաղաքական որոշում է։ Քաղաքական որոշման դեմ պայքարել կարելի է, եթե մենք ընդունենք, որ կա քաղաքական որոշում։ Պետք է մտածենք՝ ինչպիսի հստակ քայլերով հակազդենք դրան։ Հակազդման քայլերն ինձ համար շատ պարզ են․ անընդհատ խոսել լրագրողների, հանրային կարծիք ձևավորող մարդկանց հետ՝ նշելով  այն

հանգամանքը, որ այս ծրագիրը չունի հիմնարար վերլուծական բազա։ Մենք պետք է ցույց տանք, որ կառավարությունը գնում է մի գործընթացի, որի հիմքում չկա որևէ հաշվարկ։ Կարևոր է հանրայնացնել սա, բերել նրան, որ ոչ միայն մեր 3000 գիտաշխատողներն այս մասին խոսեն, այլ հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ խոսեն, որ ակադեմիայի հարց է լուծվում առանց հիմնավորումներ ունենալու։

Մենք պետք է փոխվենք, հանրությունը պետք է անընդհատ լսի ինստիտուտների արդյունքների մասին։ Կառուցվածքային փոփոխություններից բացի բովանդակային փոփոխություններ են պետք, որպեսզի հասնենք նրան, որ ոչ մի կառավարություն նույնիսկ չմտածի, որ կարող է հարցը հասցնել նրան, որպեսզի քննարկեն՝ միանում ենք համալսարաններին, թե՝ չենք միանում։ 

Այստեղ առաջին շարքում պետք է նստած լինեին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցիչները, լսեին և արձագանքեին։ Քանի մենք գնում ենք քննարկումների՝ Ակադեմիական քաղաքը լավ գաղափար է, կամ ինչպես միանանք համալսարաններին՝ դա ծուղակ է, որը մենք ընկնում ենք։ Սա է պետք կազմակերպչին, գնանք, քննարկենք դետալները, որոնք կլղոզվեն, կմնա իրականությունը։ Իսկ իրականությունը կարող է այն լինել, որ ակադեմիան այս ձևաչափով այլևս չի լինի, ինստիտուտների կոլեկտիվները կկցվեն համալսարանական շենքերին, և դրանով ամեն ինչ կվերջանա»։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
19․04․2024թ․