News
20/10/2023
ԵԳԱԾ-ը հայտարարում է «Երիտասարդ գիտնականների վերապատրաստում արտասահմանում» մրցույթ

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» հայտարարում է «Երիտասարդ գիտնականների վերապատրաստում արտասահմանում» մրցույթ։ 

Մրցույթի հիմնական նպատակներն են` աջակցել երիտասարդ գիտնականների մասնագիտական որակավորման բարձրացմանը, երիտասարդ գիտնականների համար հասանելի դարձնել արտասահմանյան առաջատար գիտական կենտրոններում վերապատրաստվելու հնարավորությունը, նպաստել ՀՀ գիտական արդյունքի որակի բարձրացմանը և միջազգայնացմանը։ Մրցույթի առավելագույն բյուջեն՝ մինչև 4 միլիոն դրամ։ Դիմելու վերջնաժամկետն է 2023 թվականի նոյեմբերի 15-ը ներառյալ։

Մրցույթն իրականացվում է երեք ենթածրագրերով՝

  • արտասահմանյան գիտական կենտրոններում երիտասարդ գիտնականների վերապատրաստում
  • արտասահմանյան գիտական կենտրոններում գիտական ստորաբաժանումների երիտասարդ ղեկավարների (բաժնի, լաբորատորիայի կամ գիտական խմբի ղեկավար) մասնագիտական վերապատրաստում և հմտությունների կատարելագործում
  • արտասահմանյան կազմակերպություններում ժամանակակից սարքեր-սարքավորումների վրա աշխատելու հմտությունների կատարելագործում։

Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով:

Վերապատրաստման տևողությունը կարող է լինել 30-ից մինչև 90 օր առաջին և երկրորդ ենթածրագրերի դեպքում, 10-ից մինչև 90 օր՝ երրորդ ենթածրագրի դեպքում:

Վերապատրաստման մեկնարկի օրը կարող է լինել 2024 թվականի հունվարի 1-ից մինչև օգոստոսի 1-ը ներառյալ:

Ընդունող կազմակերպություն կարող է հանդիսանալ արտերկրի գիտական կազմակերպություն կամ հետազոտական բաղադրիչ ունեցող ձեռնարկություն։ Հայտատուն ընդունող կազմակերպությունում պետք է ունենա հրավիրող/մենթոր, ով պետք է ունենա գիտական աստիճան կամ համարժեք որակավորում։ Առաջին և երկրորդ ենթածրագրերի դեպքում հրավիրողի/մենթորի Հիրշի ինդեքսն (h-index) ըստ «Scopus» գիտատեղեկատվական շտեմարանի տվյալների պետք է լինի առնվազն 3 գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառների 5-րդ և 6-րդ բաժիններում ներկայացված մասնագիտություններով իրականացվելիք ծրագրերի համար, իսկ մյուս բնագավառների մասնագիտություններով ներկայացված ծրագրերի դեպքում` առնվազն 10:

Հայտատուն պետք է հանդիսանա ՀՀ քաղաքացի կամ ՀՀ-ում մշտապես բնակվող և գիտահետազոտական աշխատանք կատարող երիտասարդ գիտնական: Մրցույթին կարող են դիմել մինչև 36 տարեկանը չլրացած հետազոտողները։ Երեխաներ ունեցող կին երիտասարդ գիտնականների պարագայում մինչև 36 տարեկանի տարիքային շեմը ենթակա է վերանայման՝ յուրաքանչյուր երեխայի համար ավելացնելով լրացուցիչ մեկ տարի, իսկ ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած տղամարդկանց համար՝ մինչև 38 տարեկան:

Մրցույթի մանրամասները՝ այստեղ։

Մրցույթի հայտը՝ այստեղ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
20.10.2023թ.