News
29/06/2023
Գիտաժողով ՀՀ ԳԱԱ-ում՝ նվիրված հայ ակադեմիական արվեստագիտության երախտավոր Քրիստափոր Քուշնարյանին

Սույն թվականի հունիսի 27-ին և 28-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց «ՀՀ ԳԱԱ - 80. հայ ակադեմիական արվեստագիտության երախտավորները. Քրիստափոր Քուշնարյան» երկօրյա գիտաժողովը՝ նվիրված կոմպոզիտոր, երաժիշտ-տեսաբան, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Քրիստափոր Քուշնարյանի երաժշտագիտական և մանկավարժական ժառանգությանը։ Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը։

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը նշեց, որ ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյա հոբելյանի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը նախաձեռնել է «ՀՀ ԳԱԱ - 80. հայ ակադեմիական արվեստագիտության երախտավորները» գիտաժողովների շարքը, որի նպատակն է բացահայտել ՀՀ ԳԱԱ ծանրակշիռ դերը հայ արվեստագիտության զարգացման գործում: Շարքի առաջին միջոցառումը նվիրված է Քրիստափոր Քուշնարյանին, ով 1944-1948թթ. ղեկավարել է ՀՍՍՀ ԳԱ երաժշտության պատմության և տեսության սեկտորը՝ դառնալով Հայաստանում ակադեմիական երաժշտագիտության հիմնադիրը։

«Ականավոր երաժշտագետ, կոմպոզիտոր և մանկավարժ Քրիստափոր Քուշնարյանը կանգնած է հայկական ակադեմիական արվեստագիտության և Արվեստի ինստիտուտի ստեղծման ակունքներում։ Նրա «Вопросы истории и теории армянской монодической музыки» հիմնարար աշխատությունը յուրաքանչյուր երաժշտագետի սեղանի գիրքն է: Քուշնարյանը կարևոր տեղ է զբաղեցնում սովետական երաժշտարվեստի կայացման ու զարգացման գործում մեծ դեր կատարած ականավոր գործիչների շարքում։ Լինելով երաժիշտ-մտածող, գիտական և երաժշտական հետաքրքրությունների լայն շրջանակի տեր անձնավորություն` նա միաժամանակ խոշոր տեսաբան էր ու տաղանդավոր կոմպոզիտոր, ականավոր գիտնական-պոլիֆոնիստ և հրաշալի մանկավարժ, հետազոտող-ֆոլկլորիստ և երաժշտական-հասարակական անխոնջ գործիչ: Նա նաև գիտության հմուտ կազմակերպիչ էր, ով ստեղծեց գիտական դպրոց», - ասաց Աննա Ասատրյանը։

«Քուշնարյանը Լենինգրադի թատրոնի և երաժշտության ինստիտուտից գործուղվել էր Հայաստան որպես գիտարշավի ղեկավար։ Նա ուսումնասիրեց հայ երաժշտության զարգացման ընթացքը, ինչը հիմք դարձավ հետագայում իր նշանավոր հրապարակումների համար։ Ակադեմիական արվեստագիտության ասպարեզում առաջին քայլերը 

կատարվել են Քուշնարյանի ղեկավարությամբ, և այս գիտաժողովն արժևորելու է նրա մեծ ավանդը երաժշտության տեսության և պատմության զարգացման գործում», - ասաց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։

«Կարևոր է՝ լինի միասնականություն երաժշտագետի և ստեղծագործողի միջև։ Ես հիշում եմ, որ 1960-70-ականներին երաժշտագետներն արձագանքում էին բոլոր ստեղծագործություններին։ Այժմ այդ գործընթացը վերականգնվում է։ Դրա հիմքում ընկած է ստեղծագործողը և վերլուծությունը։ Այսօր, շնորհիվ Քուշնարյանի, մենք կարող ենք հավատացնել, որ ունենք մի դպրոց, որը հիմնվում է այդ համակարգի վրա», - ասաց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանը։

Գիտաժողովը համախմբեց 20 վաստակաշատ գիտնականների ու երիտասարդ հետազոտողների, որոնց զեկուցումներում բացահայտվեց Քրիստափոր Քուշնարյանի ներդրումը հայ և սովետական երաժշտագիտության մեջ, անդրադարձ արվեց նրա երաժշտագիտական և բանահավաքչական գործունեությանը, ներկայացվեցին նրա ստեղծագործությունը և գրական ժառանգությունը, նրա ստեղծած գիտական դպրոցի անվանի ներկայացուցիչների՝ Նիկողոս Թահմիզյանի, Մարգո Բրուտյանի, Գայանե Չեբոտարյանի և Կարինե Խուդաբաշյանի դիմանկարները, ինչպես նաև նրա անունը կրող արվեստի դպրոցի պատմությունը:

Գիտաժողովի ընթացքում տեղի ունեցավ Քրիստափոր Քուշնարյանի սան՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի վարիչ (1984-2005), Հայաստանի կոմպոզիտորների միության երաժշտագիտական մասնաճյուղի նախագահ (1975-1981), ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու Կարինե Խուդաբաշյանի (1929-2015) «Կենսամատենագիտության» շնորհանդեսը (ներածականը՝ Անահիտ Բաղդասարյանի):

Գիտաժողովը եզրափակվեց համերգային ծրագրով՝ Հայաստանի կոմպոզիտորների տանը: ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, կոմպոզիտոր և երգեհոնահար Հովհաննես Մանուկյանի կատարմամբ հնչեց Քուշնարյանի Սոնատը երգեհոնի համար, որին հաջորդեց համերգ՝ Երևանի Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
29․06․2023թ․