News
15/06/2023
ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա կոմպոզիտոր Քրիստափոր Կարա-Մուրզայի ծննդյան 170-ամյակին նվիրված գիտաժողով

Սույն թվականի հունիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ), տեղի կունենա կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական-հասարակական գործիչ, երաժշտական քննադատ Քրիստափոր Կարա-Մուրզայի ծննդյան 170-ամյակին նվիրված «Քրիստափոր Կարա-Մուրզայի գործունեության պատմական նշանակությունը» գիտաժողովը։ 

Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանը։ Օրհնության խոսք կհղի ՀԱՍԵ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ,  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանը։

Գիտաժողովի ընթացքում ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Հայաստանի կոմպոզիտորների միության, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու ներկայացուցիչները հանդես կգան զեկուցումներով՝ նվիրված Քրիստափոր Կարա-Մուրզայի գործունեությանը, հայ խմբերգային արվեստին։

Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմը, Հայաստանի կոմպոզիտորների միությունը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
15․06․2023թ․