News
02/06/2023
Երիտասարդական մրցույթ՝ նվիրված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ հայտարարում է «#ԱպրելուԱրվեստը» թվային ստեղծագործությունների մրցույթ՝ նվիրված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյա հոբելյանին: 

Մրցույթի նպատակն է երիտասարդների ուշադրությունը հրավիրել գիտական թեմաների վրա և բացահայտել նրանց ստեղծագործական ներուժը։ Մրցույթին կարող են մասնակցել 16-25 տարեկան ստեղծագործ երիտասարդներ։

Մրցույթի 1-ին անվանակարգի համար պետք է պատրաստվեն գիտական թեմաներով պոստերներ (բնական և հասարակական գիտություններ, շրջակա միջավայրի խնդիրներ, ՀՀ ԳԱԱ պատմության, հայտնի գիտնականներ և այլ)։ Ժյուրիի կողմից կընտրվեն լավագույն երեք պոստերները, այնուհետև կորոշվեն հաղթողը և երկու մրցանակակիրները։ 

Մրցույթի 2-րդ անվանակարգի համար պետք է պատրաստվի ՀՀ ԳԱԱ 80-ամյակի լոգոտիպը։ Հաղթող լոգոտիպը կօգտագործվի 2023 թվականի հոբելյանական միջոցառումների ժամանակ:

Հաղթողները կստանան մրցանակներ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի կողմից։

Լավագույն հեղինակային պոստերները կփակցվեն Երևանի, Գյումրու և այլ քաղաքների հասարակական վայրերում:

Հայտերը պետք է ուղարկել russkiy.dom.erevan@yandex.ru էլեկտրոնային հասցեին մինչև սույն թվականի հունիսի 26-ը ներառյալ: Մրցույթի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
02.06.2023թ.