News
02/02/2023
ՀՀ ԳԱԱ-ում ստեղծված է կարևոր նախաձեռնությունների և Հայաստանի գիտական ու գիտատեխնիկական բնագավառին վերաբերող հարցերի քննարկման մշտական բաց հարթակ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ստեղծված է կարևոր նախաձեռնությունների և Հայաստանի գիտական ու գիտատեխնիկական գործունեության բնագավառին վերաբերող հարցերի քննարկման մշտական բաց հարթակ։

2023 թվականի հունվարի 25-ից սկսած յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի օրը՝ ժամը 15:00-17:30-ը, ՀՀ ԳԱԱ նախագահի առանձնասենյակում կազմակերպվում են քննարկումներ՝ ՀՀ ԳԱԱ նախագահի ղեկավարությամբ: Քննարկումները կրելու են թեմատիկ բնույթ և կազմակերպվելու են նախօրոք հայտարարված թեմաների շուրջ: 

ՀՀ ԳԱԱ-ն հրավիրում է ակադեմիական կազմակերպությունների տնօրեններին, գիտական և ճարտարագիտատեխնիկական անձնակազմի ներկայացուցիչներին, ինչպես նաև գիտության ոլորտի շահառուներին առաջարկություններ ունենալու դեպքում ակտիվորեն մասնակցել այդ քննարկումներին: Համոզված ենք, որ ՀՀ ԳԱԱ նախաձեռնությունների քննարկումը հնարավորություն կտա գիտական հանրության լայն շրջանակներին իրենց նպաստը բերելու ինչպես արդեն իսկ մշակված ծրագրերի բարելավման ու ներդրման արդյունավետության բարձրացման, այնպես էլ նորերը մշակելու գործում: Քննարկումները կազմակերպվում են ըստ ՀՀ ԳԱԱ բաժանմունքների:

Քննարկումների առաջին թեման ՀՀ ԳԱԱ բարեփոխումների ծրագիրն է: Սույն թվականի հունվար 25-ի քննարկմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ինստիտուտների ներկայացուցիչները։ Փետրվարի 1-ին քննարկմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների ու Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքների ինստիտուտների ներկայացուցիչները։  Փետրվարի 8-ին կայանալիք քննարկումը կանցկացվի ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ինստիտուտների ներկայացուցիչների հետ, իսկ փետրվարի 15-ին կայանալիք քննարկումը՝ ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ինստիտուտների ներկայացուցիչների հետ: Քննարկման տվյալ թեման ավարտելուց հետո կհայտարարվի նոր թեմա և նոր ժամանակացույց:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
02․02.2023թ․