| ||||||||
Հոկտեմբերի 19-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին:     Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ  պատմության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը, Հայ  Յեղափոխական Դաշնակցության Հայ Դատի կենտրոնական խորհուրդը, «Արևմտահայոց  հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամը:  Գիտաժողովին ներկա էին անվանի պատմաբաններ, հայաստանյան և միջազգային  փորձագետներ, հետազոտողներ, ՀՀ ԳԱԱ գիտաշխատողներ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան  անդամներ:      Գիտաժողովի բացմանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի  ողջույնի ուղերձը փոխանցեց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը. «21-րդ դարի  առաջին քառորդին Հայաստանը վերստին հայտնվել է տարածաշրջանային  ռազմաքաղաքական գործընթացների կիզակետում: Այսօր էլ աշխարհաքաղաքական բուռն  ընթացքները մտահոգիչ են մեր ժողովրդի համար, ինչպես 100 տարի առաջ, երբ  ստորագրվեցին Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, որոնցով Թուրքիային տրվեցին  զգալի հայկական տարածքներ: 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը  Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը  անասելի ծանր հարված հասցրեց հայկական երկու պետություններին՝ կանգնեցնելով  նոր մարտահրավերների առջև: Միջազգային այս գիտաժողովը իր նպաստը պետք է  բերի արդարության և իրավունքի պաշտպանության տեսանկյունից տարածաշրջանում  առկա հարցերի կարգավորմանը և խաղաղության հաստատմանը: Աղոթում եմ աշխարհի  խաղաղության համար և հավատում եմ, որ արդարության հիմքերի վրա մեր  տարածաշրջանում պետք է հասունանան խաղաղության արգասիքները»:      Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի ողջույնի ուղերձը  փոխանցեց Շահան արքեպիսկիպոս Սարգսյանը. «Պատմագիրները և իրավագետները  արդարացիորեն կասկածի տակ են առնում այս պայմանագրերի օրինականությունը և  իրավականությունը, որովհետև այն չի համապատասխանում միջազգային օրենքի և  միջպետական համաձայնագրերի սկզբունքներին ու գործընթացներին: Այս հարցը և  հարակից հարցերը լայնորեն պետք է քննարկվեն գիտաժողովի ընթացքում: Կարսի և  Մոսկվայի պայմանագրերը փաստորեն պարտադրվել են Հայաստանին: Այսօր  Հայաստանին նոր պայմանագրեր պարտադրելու բացահայտ մթնոլորտ է տիրում  տարածաշրջանում: Շրջանի աշխարհագրությունը չի կարելի փոխել, սակայն կարելի է  և հրամայական է որդեգրել այնպիսի մոտեցումներ, որոնք չեն վտանգի Հայաստանի  Հանրապետության գերագույն շահերը: Դիվանագիտության մեջ ճկուն, բայց ոչ  պարտվողական, իրատես, բայց ոչ զիջող: Հայաստանի Հանրապետության  անկախության, գերիշխանության, հողային ամբողջականության ու անվտանգության  պահպանումը մեր ժողովրդի համար ազգային սրբություն է: Հայաստանը շրջապատած  վտանգները ճիշտ չէ կառավարական ընթացիկ որոշումներով դիմագրավել:  Հրամայական է ճակատագրական հիմնահարցերը համազգային մաշտաբով քննարկել:   Սփյուռքը իր հարուստ փորձառությամբ ու կապերով իր ասելիքը և անելիքը պետք է  ունենա համազգային խնդիրների քննարկման հարցում»: ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, ասաց. «1921թ. մեզ համար ճակատագրական տարի էր վատ իմաստով. հանձնեցինք Ղարաբաղը, Նախիջևանը, որոշ հայկական տարածքներ բռնակցվեցին Թուրքիային և Ադրբեջանին, և 100 տարի անց մենք գտնվում ենք կրկին ճնշված վիճակում: Նման պայմաններում այսպիսի գիտաժողովները յուրահատուկ հարթակներ են քննարկումներ անցկացնելու համար, և դրանք կնպաստեն, որպեսզի մեր պետությունը կարողանա դուրս գալ ստեղծված բարդ իրավիճակից ավելի բարենպաստ, հայանպաստ պայմաններով»:      ՀՀ ԳԱԱ Հայագիտության և  հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի  Սուվարյանը նշեց, որ գիտաժողովի գլխավոր խնդիրն է քննարկել պատմության  դասերը և հեռանկարները: «Մեր գերխնդիրն է հասկանալ պատճառները, որոնք  հանգեցնում են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի նման երևույթներին և 100 տարի  հետո կրկնվում ավելի վատ սցենարներով: Մեր բնակչությունը և նաև քաղաքական  էլիտան միշտ չէ, որ կարողանում են տիրապետել քաղաքական մաթեմատիկային: Այս  առումով անհրաժեշտ է ձեռնարկել վճռական քայլեր, որպեսզի բարձրացվի  բնակչության քաղաքագիտական մակարդակը ճիշտ կողմնորոշվելու, ճիշտ  ընտրություն կատարելու համար, որպեսզի բնակչությունը կարողանա վերլուծել  ստեղծված իրավիճակը և տեսնել հեռուն: Մինչև չհասենք այդ մակարդակին, ցավոք,  նման ծանր իրավիճակներ մեր ժողովրդի համար կարող են կրկին լինել: Նաև միշտ  չէ գիտակցվում, որ ժողովրդի՝ իր պապենական տարածքում ապրելու իրավունքը,  ֆիզիկական գոյության իրավունքը, ազգային իրավունքների պաշտպանությունը  սերտորեն կապված են պետականության հետ: Եթե երկիրը չունի ամուր, հզոր  պետականություն, նման ռիսկերը գնալով ավելանալու են: Մեր ժողովրդի  գիտակցության մեջ պետք է մտցնել ամուր պետականություն ունենալու չափազանց  կարևոր գաղափարը: Եվ վերջապես, որպեսզի երկիրն ունենա ամուր  պետականություն, իսկ բանակը՝ մարտունակություն, պետք է երկրի տնտեսությունն  ունենա արդյունաբերական նվաճումներ, հատկապես ռազմաարդյունաբերական: Այս  ամենին հասնելու համար պահանջվում է անպայման գիտության և տնտեսության  ամուր կապ», - ասաց Յուրի Սուվարյանը:  ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր Խաչատուրյանը նշեց, որ 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերը հայ ժողովրդի իրավունքների կոպիտ ոտնահարում են: «Կարսի պայմանագրի վավերականության հարցն արդիական է նաև մեր օրերում, քանի որ դրանով պայմանավորված է ներկայիս հայ-թուրքական սահմանը: Հիմնախնդիրը ոչ այնքան այդ անարդարության մասին վերահաստատումն է, որքան նոր անարդարություններից խուսափելու ելքեր փնտրելը: Միջազգային իրավունքի տեսանկյունից Մոսկվայի և Կարսի պայմանագրերն անօրինական գործարքներ են և չեն կարող իրավական ուժ ունենալ: Պայմանագրերը կնքող կողմերից և ոչ մեկն այդ օրերին չէր հանդիսանում միջազգային իրավունքի ենթակա: Հնարավոր սխալներից խուսափելու, նախկին սխալները չկրկնելու համար կարևոր են այդ պայմանագրերի գիտական քննարկումները, անհրաժեշտ է դրանցից բխող առաջարկներ ներկայացնել թե քաղաքական դաշտին, թե հասարակությանը: Այս գիտաժողովը պատմաճանաչողական նշանակությունից ավելի գիտական, գործնական և քաղաքական նշանակություն պետք է ունենա: Տարածաշրջանում այսօրվա աշխահաքաղաքական զարգացումները բազմաթիվ նմանություններ ունեն 100 տարի առաջ եղած իրավիճակի հետ, և այս հանգամանքը ստիպում է վերաքննել այդ օրերին տեղի ունեցածը», - ասաց Հակոբ Տեր Խաչատուրյանը: ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը նշեց, որ 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերը խորը հետք են թողել Հայաստանի ներկայիս պատմության վրա. «Հայաստանի առջև այսօր ծառացած խնդիրների զգալի մասի աղբյուրները գալիս են 1921թ. պայմանագրերի կնքման ժամանակաշրջանից: Մենք պարտավոր ենք նորից ու նորից վերանայել և ուսումնասիրել այդ ժամանակաշրջանի պատմությունը, որպեսզի հետագայում նմանատիպ խնդիրների առջև չկանգնենք և նմանատիպ սխալներ չգործենք»: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը ներկայացրեց «Կարսի պայմանագիրը, պատմություն և արդիական խնդիրներ» զեկույցը: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը ներկայացրեց «Տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումները ներկա փուլում» զեկույցը: Իսկ պատմական գիտությունների դոկտոր Լևոն Մկրտչյանը ներկայացրեց «100-ամյա դասեր, մարտավարական և ռազմավարական հիմնախնդիրներ» զեկույցը: Գիտաժողովի ընթացքում կհնչեցվեն մի շարք զեկույցներ հայաստանյան և միջազգային փորձագետների, հետազոտողների, պատմաբանների կողմից:     Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն հոկտեմբերի 20-ին և 21-ին՝ ՀՀ ԳԱԱ-ի նախագահության շենքում:   |