News
09/09/2021
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ընդունեցին Արցախյան 44-օրյա պատերազմի զոհվածների հարազատներին

    Ս.թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հյուրընկալեց Արցախյան 44-օրյա պատերազմի զոհվածների հարազատներին՝ մայրերին, կանանց, քույրերին, եղբայրներին, երեխաներին: Հանդիպման նախաձեռնողը «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» իրավական ՀԿ-ի նախագահ Խաչատուր Մարոզյանն էր: «Գիտությունների ազգային ակադեմիայում պատերազմի զոհվածների հարազատների հետ այս հանդիպումը հիմք կդառնա ստեղծելու այնպիսի մթնոլորտ, որտեղ կլինի համերաշխություն, սեր ու հարգանք: Գիտությունը ուղղորդիչ, շատ մեծ նշանակություն ունեցող կատեգորիա է: Գիտական հանրույթը պետք է հասարակության առողջացման, զարգացման լոկոմոտիվի դեր ստանձնի», - իր ողջույնի խոսքում ասաց Խաչատուր Մարոզյանը: 


    ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը իր ցավակցությունները հայտնեց պատերազմի զոհվածների հարազատներին և ցավով նշեց, որ պատերազմը խլեց պետության սերուցքը՝ երիտասարդներին: «Մենք մեծ կուրուստ ենք ունեցել, և դա միշտ պետք է պահենք մեր սրտերում: Մենք պետք է փորձենք համախմբվել և հզորանալ հանուն մեր հերոսների, ովքեր իրենց կյանքն են տվել, ովքեր պետք է լինեին կանգնած մեր երկրի հիմքում», - ասաց Աշոտ Սաղյանը: 
    ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը իր խոսքում ասաց. «Մեզ՝ պատմաբաններիս համար շատ դժվար է այս ամբողջը հանձնել թղթին: Մենք խոստանում ենք մեր հերոսների մայրերին, քույրերին, բոլոր հարազատներին հնարավորինս վեր հանել ձեր զավակների հերոսապատումը»:


    Հանդիպման ժամանակ ներկայացվեցին պատերազմին նվիրված «Հայացք դեպի երկինք» վավերագրական ֆիլմի եզրափակիչ նկարահանումները, իսկ ամբողջական ֆիլմը կցուցադրվի 2021 թ-ի հոկտեմբեր ամսին:
«Ֆիլմի կարևորագույն նպատակներից մեկը երկնքին նայելն է, որպեսզի այն հնարավորությունը, որը տրված է մեզ ի վերուստ, մենք չկորցնենք: Մեր հաղթանակները մեր մեջ են», - ասաց ֆիլմի հեղինակ Խաչատուր Մարոզյանը:
    «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» իրավական ՀԿ-ի կողմից պատերազմի զոհվածների հարազատներին պատվոգրեր հանձնվեցին: 

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
09.09.2021թ.



Website last updated on:  17:23, 06/12/2021

General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - COVID-19 - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - News - Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune
Conferences - Announcements - Publications in Press - Notices - Photogallery - "Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal - Funds - Anniversaries - Publications - Web Resources
Other Academies Universities - Lindau - Sitemap - Search