News
28/07/2021
ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ԱՄՆ-ի Էմորիի համալսարանի դոցենտ Հայկ Հարությունյանի հետ

   «Գիտուժ» նախաձեռնության «1 ժամ գիտնականի հետ» հանդիպումների շարքի շրջանակներում սույն թվականի հուլիսի 28-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ԱՄՆ-ի Էմորիի համալսարանի ֆիզիկոս, դոցենտ Հայկ Հարությունյանի հետ: 
   Քննարկման մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը: «Այսօր մենք Գիտությունների ազգային ակադեմիայում սկսում ենք հանդիպումների շարք տարբեր երկրներում, տարբեր համակարգերում գործող մեր գիտնականների հետ: Մենք գիտական ոլորտի զարգացման շատ խնդիրներ ունենք: Կարծում եմ, որ նման ձևաչափով հանդիպումները կօգնեն մեզ այդ խնդիրների հարցում ինչ-որ առաջընթաց արձանագրել: Ես ողջունում եմ դոկտոր Հայկ Հարությունյանին և մաղթում եմ մեզ լավ քննարկում, լավ լսումներ»,- ասաց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարը:
   Հայկ Հարությունյանը հանդես եկավ «Ոչ գծային նանոֆոտոնիկա» թեմայի վերաբերյալ զեկուցմամբ՝ ներկայացնելով  նանոֆոտոնիկայի վերաբերյալ ուսումնասիրությունները:
   Նանոֆոտոնիկան ուսումնասիրում է լույսի փոխազդեցությունը նանոմասշտաբ նյութի հետ: Երբ լույսը փոխազդում է ցածրաչափ համակարգերի հետ, օպտիկական նոր երեւույթներ կարող են առաջանալ ՝ իջեցված չափականության պատճառով: Հայկ Հարությունյանն իր գիտական խմբի հետ օգտագործում է այս նոր հնարավորությունները՝ նանոմասշտաբում օպտիկական հատկությունները և էներգիայի հոսքն ուժեղացնելու, վերահսկելու և բնութագրելու համար: 
   Նանոմետրիկ համակարգերում օպտիկական փոխազդեցությունների ուսումնասիրումը կարող է նպաստել օպտոէլեկտրոնային և տեղեկատվության մշակման ավելի լավ և արագ սարքերի ստեղծմանը, առողջապահական կիրառությունների և պատկերների ստացմանը և մշակմանը։ 
Գիտական զեկուցման ավարտից հետո ծավալվեց քննարկում բանախոսի և մասնակիցների միջև:

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   28.07.2021թ.

Photogallery


Website last updated on:  12:19, 16/09/2021

General Page - About Academy - Divisions - Organisations - Members - Contact us - COVID-19 - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - News - Scientific Results - Diaspora Department presents - Conferences - Publications in Press - Announcements - Photogallery -
"Gitutyun" newspaper - Funds - Anniversaries - Publications - Web Resources -
Other Academies Universities - Lindau - Sitemap - Search