News
27/07/2021
«Գիտուժ» նախաձեռնությունը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը և ISTC հիմնադրամը համատեղ նախաձեռնել են «Գիտական և տեխնոլոգիական լրագրություն» թեմայով դասընթաց՝ լրագրողներին վերապատրաստելու համար։

    Հայաստանում գիտության ֆինանսավորման ավելացումը պահանջող «Գիտուժ» նախաձեռնությունը, Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը և ISTC հիմնադրամը համատեղ նախաձեռնել են «Գիտական և տեխնոլոգիական լրագրություն» թեմայով դասընթաց՝ լրագրողներին վերապատրաստելու համար։ Դասընթացի մեկնարկին ընդառաջ՝ նախաձեռնության հեղինակները միջոցառում էին կազմակերպել ու համախմբել լրագրողներին ու գիտնականներին։


    «Ինչո՞ւ է գիտությունը կարևոր» թեմայից մինչև լրագրության ու խմբագրությունների խնդիրներ ու առաջնահերթություններ․ բանախոսները ելույթներով ու պանելային քննարկումներով փորձում էին տալ այս հարցերի պատասխանները։ Factor.am-ի հետ զրույցում Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը նշեց, որ ISTC-ի ու ֆակուլտետի համագործակցությունը լուրջ հաջողություններ է արձանագրել և արձանագրելու։
    «Արդյունքը հետևյալն է՝ մենք եկող տարի ներմուծելու ենք նոր ուսումնական դասընթաց՝ «Գիտական և տեխնոլոգիական լրագրություն», մեկնարկելու է մագիստրոսական ծրագիր՝ «Թվային հաղորդակցություն», որը ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև տարածաշրջանում միակն է լինելու, և մեր գործընկերներն օգնելու են, որ այդ գործում ներգրավվեն ոլորտը լավագույնս հասկացող մասնագետները»,- նշեց Մարտիրոսյանը։
    Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արթուր Իշխանյանի խոսքով՝ այս նախաձեռնությունը լուրջ փոփոխություններ կարող է մտցնել։


    «Սոցիալական ցանցերից սկսած և լրատվամիջոցներով ավարտված՝ պետք է փոխվի դիսկուրսի առարկան և, գիտակցելով, որ այս գոյության կռվում գլխավոր զենքը տեխնոլոգիաները, գիտությունն են, հասարակական դիսկուրսը պետք է այդ կողմ ուղղել։ Այդտեղ իրենց խոսքը կարող են ասել բոլորը, բայց ձերը կարող է կենտրոնական լինել»,- դիմելով լրագրողներին ու գիտնականներին՝ ասաց Իշխանյանը։
    Տեխնոլոգիական ու գիտական թեմաների հանրայնացման կարևորության մասին քննարկման ընթացքում ելույթ ունեցան նաև ISTC հիմնադրամի տնօրեն Արեգ Գևորգյանը, «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Ջիվանյանը, Բյուրականի՝ Վ․ Համբարձումյանի անվան աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։
    Պանելային քննարկումներում ներգրավված էին հայաստանյան մի շարք լրատվամիջոցների տնօրեններ ու խմբագիրներ, գիտնականներ ու գործարարներ։

Սկզբնաղբյուր՝ factor.am