News
25/05/2020
ՀՀ ԳԱԱ-ի քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2019թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

    Սույն թվականի մայիսի 22-ին հեռավար եղանակով տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի քիմիայի և Երկրի մասին գիտությունների  բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը:
    Բաժանմունքի կազմում ընդգրկված են Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը (Օրգանական քիմիայի, Ա.Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտներ, Մոլեկուլի կառուցվածքի ուսումնասիրման կենտրոն), Ա.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի, Մ.Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի, Երկրաբանական գիտությունների, Ա.Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտները:
    2019 թվականին  բաժանմունքի ինստիտուտների կողմից տպագրվել է 346 հոդված (194-ն արտասահմանյան ամսագրերում), 123 թեզիս (38-ն արտասահմանում), 6 մենագրություն և ստացվել է 4 արտոնագիր:
Բաժանմունքի կազմում ընդգրկված են` ԳԱԱ 8 ակադեմիկոս, 6 թղթակից անդամ և 21 արտասահմանյան անդամ:
Ժողովի ընթացքում 2019թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը:

20200525_2.jpg
Քիմիական գիտությունների բնագավառում բաժանմունքի կազմակերպությունների կարևորագույն արդյունքներ

  • Բացահայտվել և սինթեզվել են մի շարք քիմիական միացություններ, որոնք ցուցաբերել են բարձր հակավիրուսային ակտիվություն (խոզերի աֆրիկյան ժանտախտ), իսկ դրանցից մեկը, որն աչքի է ընկել իր աննախադեպ բարձր ակտիվությամբ առանձնացվել է ավելի խորը կենսաբանական, քիմիական և ֆիզիկոքիմիական հետազոտությունների համար: Այժմ ֆինանսավորում ստանալու ակնկալիքով պատրաստվում է գիտական նախագիծ կառավարությանը ներկայացնելու համար:
  • Օպտիմալացվել և ընդլայնվել են երկար կողմնային շղթաներով բազամատեղակալված պիրիմիդինների ստացման համար անիլ-սինթեզի կիրառման սահմանները: Գործնական սինթեզում նշված եղանակի ներմուծումը հեռանկարային հիմք է ստեղծում տարբեր նոր օպտիկա-օրգանական նյութերի (այդ թվում օրգանական լուսարձակող դիոդների, տրանզիստորների, արևային մարտկոցների, լյումինեցենտային սենսորների, ախտորոշիչ նյութերի, կենսաբժշկական կիրառություն ունեցող  նյութերի և այլն) ստանալու համար:
  • Գծային տաքացման պայմաններում NiWO4 Mg/C համակցված վերականգնմամբ ստացվել է NiW կեղծ համաձուլվածքը:
  • Իրականացվել է այրման ռեժիմում նիկելի վոլֆրամատից (NiWO4)` կոմպոզիտային W/Ni նանոփոշու սինթեզ: 
  • Սերպենտինային միներալներից մշակվել է  ստրոնցիումի և բարիումի սիլիկատների ստացման եղանակ՝  կիրառելի լյումինաֆորների ստացման համար:
  • Իրականացվել են էլեկտրատեխնիկական կարևոր ցուցանիշով օժտված ցածր ընդարձակման գործակցով  սիտալների և ջերմաստիճանից կախված հաղորդականության տիպի փոփոխությամբ ապակեբյուրեղների ստացում՝ կիրառելի միկրոէլեկտրոնիկայում:

Երկրի մասին գիտություններ.

  • Արգոն-արգոն հասակագրման և երկրաքիմիական տվյալների հիման վրա անջատվել են Արագածի տուֆերի 6 տարահասակ ժայթքումներ (0.95 – 0.65 Ma), ինչի արդյունքում հնարավոր դարձավ գնահատել Արագած հրաբխի  էքսպլոզիվ ժայթքումների հաճախականությունը: 
  • Սևանա լճի ավազանում հայտնաբերվել և ուսումնասիրվել են գնդաձև նստվածքային առաջացումներ (սևանիտներ), որոնք ձևավորվել են ցիանոբակտերիաների գործունեության արդյունքում, վերջին մի քանի հազար տարիների ընթացքում՝ վկայելով, որ նախկինում լիճն ունեցել է բարձր ջերմային ռեժիմ և ավելի ցածր մակարդակ, իսկ լճում ծաղկման գործընթացները տեղի են ունեցել նաև նախկինում, մինչև մարդածին գործոնների էական ազդեցությունը լճի վրա։ 
  • Ծաղկունյաց անտիկլինորիումի տարահասակ գրանիտոիդների երկրաքիմիական և հասակային հետազոտությունների արդյունքում Հայաստանի տարածքի համար առաջարկվել է մինչքեմբրիից մեզոզոյ ժամանակահատվածի նոր երկրադինամիկ մոդել: 
  • ՀՀ կառուցվել և հիմնադրվել է տարածաշրջանում միակ, տեխնիկական զինվածության և միջազգային չափորոշիչներին (INTERMAGNET) բավարարող երկրամագնիսական դիտակայան: 
  • Հայաստանում հիմնադրվել է հայ-չինական «երկրաշարժի մշտադիտարկում և մոդելավորում» համատեղ միջազգային  լոբորատորիա: 

Կիրառական  մշակումների արդյունքներ

Ա.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ

Իրականացվել է ՀՀ Սևանի և Հրազդանի գետավազանների մակերևութային ջրային մարմինների տարանջատում և գնահատում՝ ըստ ջրաքիմիական, ջրակենսաբանական, ջրաբանական և ջրամորֆոլոգիական ցուցանիշների:

Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն

Մշակվել են պոլիմերաանօրգանական  կոմպոզիցիտային սորբենտներ, որոնք ստացվել են մի շարք մոնոմերների և ռեակցիոն ընդունակ օլիգոմերների եռաչափ պոլիմերմամբ: Սինթեզված սորբենտներն կիրառելի են կենսաքրոմատոգրաֆիայում, այդ թվում  ԴՆԹ-ների անջատման, անալիզի և մաքրման  համար: 

Մ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ

Մշակվել են դիոպսիդային և մուլիտային կառուցվածքներով կերամիկական պիգմենտների ստացում  լեռնային ապարներից  միկրոալիքային եղանակով, որն առանձնանում է սինթեզի ցածր ջերմաստիճանով և բարձր արդյունավետությամբ:

Երկրաբանական գիտությունների ինստիտուտ

  • Կատարվել է Թոլորսի, Սպանդարյանի և Շամբի ջրամբարների պատվարների սեյսմիկ վտանգի և ռիսկի հավանակային և դետերմինիստիկ գնահատում: 
  • Իրականացված երկրաբանական-երկրաֆիզիկական աշխատանքների արդյունքում Լոռու մարզի ճանապարհների մի շարք սողանքային և քարաթափման տեղամասերի համար ՀՀ ԱԻՆ են ներկայացվել եզրակացություններ և անհետաձգելի հակասողանքային միջոցառումների առաջարկություններ: 
  • Մշակվել է «ՀՀՇՆ 20.04-2019 Երկաշարժադիմացկուն շինարարություն. նախագծման նորմեր» նորմատիվային փաստաթուղթը՝ ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի հավանակային գնահատման նոր քարտեզի հիման վրա, մշակված 2017-2018թթ. միջազգային կոնսորցիումի մասնագետների կողմից:

Ա. Նազարովի անվան Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ

  • Նախագծվել, պատրաստվել և փորձարկվել են սեյսմիկ տվիչների նոր տարատեսակներ, որոնք կարող են կիրառվել սեյսմիկ անվտանգության, քաղաքաշինության, ռազմաարդյունաբերության ոլորտներում: 
  • Նախագծվել, պատրաստվել և կազմակերպվել են հայրենական արտադրության սեյսմիկ կայաններ ՀՀ և ՌԴ: 24 հոկտեմբեր 2019թ. Վլադիկովկասում դիտվել է երկրաշարժ:
  • Նախագծվել, պատրաստվել և փորձարկվել է մեծ խորությունների համար ջրի մակարդակի շարժական և ստացիոնար ստուգիչ-չափիչ սարք և համակարգ, որոնք կարող են կիրառվել ջրային էկոհամակարգի մշտադիտարկման գործում:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
25.05.2020թ.