News
16/03/2017
ՀՀ ԳԱԱ-ի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2016թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

Սույն թվականի մարտի 16-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի կազմում ընդգրկված են` Պատմության, Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի, Հ.Աճառյանի անվան լեզվի, Մ.Աբեղյանի անվան գրականության, Արևելագիտության, Հնագիտության և ազգագրության, Արվեստի ինստիտուտները, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը, «Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը: Բաժանմունքի կազմում գործում է Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը:2016 թ. հրատարակվել են 159 գիրք, այդ թվում 2-ը` արտասահմանում, 856 հոդված, այդ թվում 209-ը` արտասահմանում:

20170316-5.jpg
Բաժանմունքի կազմում ընդգրկված են ԳԱԱ 9 ակադեմիկոս և 18 թղթակից անդամ:2016 թ. հրատարակվել են «Պատմաբանասիրական հանդեսի», «Բանբեր հայագիտության» հանդեսի և «Լրաբերի» 3-ական համարներ, թողարկվել է «Հիմնարար հայագիտություն» էլեկտրոնային անգլերեն հանդեսի 2 համար:Բաժանմունքի հիմնարկները կազմակերպել են 32 հանրապետական և 8 միջազգային գիտական միջոցառում:Ժողովի ընթացքում 2016թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը: Ժողովի ընթացքում  ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝

• «Գրականագիտությունը հումանիտար գիտությունների համակարգում», զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ս. Սարինյան
• ««Հայոց պատմության» հրատարակության ընթացքի և պատմագիտական որոշ հիմնախնդիրների նոր լուծումների մասին», զեկուցող՝  ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա.Մելքոնյան
• «Քրդական հարցը և արդիականությունը», զեկուցող՝ պ.գ.դ. Վ. Բայբուրդյան:Հաշվետու տարում ՀՀ ԳԱԱ-ում փիլիսոփայական ուղղության զարգացումը խթանելու նպատակով Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում ստեղծվել է նոր կառույց: Հայոց ցեղասպանության հետևանքների և կորուստների հատուցման կառուցակարգերի մշակման համար ձևավորվել է  գիտահետազոտական խումբ: 

20170316-6.jpg
Ձևավորվել է  Հայերենի բարձրագույն խորհուրդը:

Բաժանմունքի կարևորագույն արդյունքներն են`

• Հրատարակվել է «Հայոց պատմություն» բազմահատորյակի չորրորդ հատորի 2-րդ գիրքը, որն ընդգրկում է 1945-1991 թթ.: 
• «Հայոց պետականության հիմնախնդիրները հնագույն ժամանակներից մինչև 1918 թ.» թեմայի շրջանակներում ուսումնասիրվել է X-XIV դդ. հայկական մշակույթի պատմությունը: 
• «Աղբյուրագիտություն և պատմագրություն» թեմայի շրջանակներում  ուսումնասիրվել է 1920-1930-ական թթ. խորհրդահայ պատմագիտությունը։ 
• Հրատարակվել է «Հայաստանի հարակից երկրների պատմություն» քառահատորյակի 2-րդ հատորը, որն իր բովանդակությամբ, հարցերի և ուսումնասիրությունների ընդգրկմամբ նախատիպը չունի Հայաստանում: 
• Հրատարակվել է Վ.Ա.Բայբուրդյանի «Իսլամ» մենագրությունը, որն առաջին փորձն է հայ ընթերցողներին ներկայացնելու իսլամի պատմությունը:     
• Հրատարակվել է.Ս.Ժամկոչյանի  “Житие св. Григория Просветителя Армении по арабской синайской рукописи 455” աշխատությունը: 
• Պեղվել և ուսումնասիրվել են ՀՀ և Արցախի տարածքի 22 հուշարձաններ: Նկարագրվել և համակողմանի վերլուծվել են Արաքսից հյուսիս ընկած տարածքներում մարդա-գոյացման (անթրոպոենեզ) գործընթացներին, «ագրարային հեղափոխության» արդյունքով քաղաքակրթության սաղմնավորմանը, կոմպլեքսային հասարակությունների և վաղ պետական կազմավորումների ձևավորմանն ու զարգացմանը, Վանի թագավորության, արտաշիսյան դարաշրջանների քաղաքային մշակույթին վերաբերվող հնագիտական, ճարտարապետական, հնակենսաբանական, մարդաբանական բազմաթիվ տվյալներ ու փաստեր: 
• Շարունակվել են հայկական հեքիաթների բանահյուսական ժառանգության համակարգման և ուսումնասիրության աշխատանքները: Կազմվել և տպագրվել  է «Հայ ժողովրդական հեքիաթներ» մատենաշարի հերթական՝ Պարսկահայքի հեքիաթներն ամբողջացնող XVIII հատորը:
• Շիրակի մարզում /Աշոցք/ հայտնաբերվել և հետախուզվել է ուշ երկաթի շրջանի 1 նոր հնավայր: 
• Ավարտին է հասցվել 1914-1918 թթ. ժամանակահատվածում Ալեքսանդրապոլի գավառ գաղթած արևմտահայ փախստականների թվի, էթնոկոնֆեսիոնալ կազմի, տեղաբաշխման, նրանց ընդունման հարցերում հասարակական կազմակերպությունների գործունեության համակողմանի ուսումնասիրությունը:
• Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կազմել և ներկայացրել է  «Մաքառելով կյանքի ու արժանապատվության համար. ինքնապաշտպանական մարտերը Մեծ եղեռնի տարիներին», «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին, 1853-1925 թթ.», «Հայոց ցեղասպանությունը. ռուսական հայացք», «Հայոց ցեղասպանությունը», «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում», «Ավրորայի ճանապարհը. Հայոց ցեղասպանությունը վերապրածի ոդիսականը», «Եղեռնից դեպի անկախության վերականգնում» ցուցադրությունները:
• «Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը լույս է ընծայել «Հանրագիտական բառարանի» առաջին հատորը: 
• Ավարտին է հասցվել Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց»-ի աշխարհաբար թարգմանությունը: 
• Կազմվել են բժշկագիտության ոլորտի բառարաններ ու բառացանկեր: Կազմվել է արդի հայերենի նորաբանությունների բառարանի 2-րդ պրակը: Պատրաստվել է արդի արևմտահայերենի գործնական բառարան:
• Հայ հին և միջնադարյան գրականության ուղղությամբ ուսումնասիրվել է Անիի՝ որպես սգացող քաղաքի կերպարը միջնադարյան հայ ու եվրոպական գրականությունների մեջ: 
• Ագրարային ոլորտում արտադրական ռիսկերի կառավարման նվազեցման համար հիմնավորվել է համաֆինանսավորման սկզբունքով ապահովագրության նոր համակարգի արագ ձևավորման և ներդրման անհրաժեշտությունը, որին հետագայում կնպաստի միջհամայնքային միավորումների ստեղծումը: 
• Փոքր ու միջին ձեռնարկատիրական գործունեությունը խրախուսելու և հետագայում ընդլայնելու համար հիմնավորվել է ցածր տոկոսադրույքով ֆինանսավորման համակարգի գործադրումը՝ կիրառելով ստացված եկամուտներից սահմանված ժամկետներում հետվճարային սկզբունքը:
• Գործող ֆինանսական կազմակերպությունների կողմից իրականացվող գրավադրման գործընթացով պայմանավորված վարկավորումն արդյունավետ կազմակերպելու համար առաջարկվել է ֆերմերին գրավից ազատելու տարբերակը` որպես նախապայման օգտագործելով ֆերմերի նախկինում եղած դրական վարկային պատմությունը, որը կարող է խթան հանդիսանալ վարկային ամսական մարումներն ավելի արդյունավետ իրականացնելու հարցում, իսկ վարկատուն դրանով իսկ իրեն կապահովագրի վարկի չվճարումների ռիսկից: 
• Հայաստանում տնտեսական աճի ապահովման, բնակչության սոցիալական վիճակի բարելավման և գործարար միջավայրի ակտիվացման նպատակով առաջարկվել է բարեփոխել հարկային համակարգը` կապված ավելացված արժեքի հարկի տարբերակված դրույքաչափերի  և շահութահարկի գծով արագացված ամորտիզացիայի կիրառման հետ:

• Հայաստանի Հանրապետության 25-ամյակի կապակցությամբ հանգամանորեն վերլուծվել են մեր երկրում անկախության տարիներին ընթացող պատմական, իրավական, սոցիալական, սոցիալ-փիլիսոփայական զարգացումները, պետության և ժողովրդի ձեռքբերումները, ինչպես նաև առկա սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները, որոնք անհրաժեշտ է հաղթահարել հայոց պետականության կայուն զարգացման համար: 
• Շարունակվել են աշխատանքները հայ արվեստի խոշորագույն դեմքերին նվիրված ուսումնասիրության ասպարեզում: Ձեռք բերված կարևորագույն արդյունքներից է ԳԱԱ թղթակից անդամ Հ.Վ.Հովհաննիսյանի «Սուրեն Քոչարյանի գրական բեմը» էսսեն, որտեղ քննության է առնվել գրական բեմի նշանավոր դերասան Սուրեն Քոչարյանի արվեստը: Բաժանմունքի կիրառական աշխատանքների արդյունքներն են`Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ
• Ուսումնասիրվել է ՀՆԱ-ի վրա ինտեգրացիոն գործընթացները պայմանավորող փոփոխականների ազդեցությունը: Առաջարկվել է էապես կրճատել վերաֆինանսավորման տոկոսադրույքի և գնաճի տարբերությունը մինչև ավելի քան 2-3 տոկոսային կետով: Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
• ԱՄՆ-ի Սմիթսոնյան հաստատության հետ Հայաստանում իրականացվող «Իմ Հայաստան» ծրագրով ծավալուն հետազոտություններ են կատարվել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում՝ մշակութային և գյուղական տուրիզմի զարգացման ծրագրեր մշակելու և կյանքի կոչելու նպատակով:
• Ինստիտուտի կողմից պեղված հնագիտական հուշարձաններում զբոսաշրջության կազմակերպման, հնավայրերի թանգարանացման ծրագրով շարունակվել են Արենի 1 քարայրի թանգարանացման աշխատանքները: Ընթացիկ տարում տեղադրվել է դեպի քարանձավի հիմնական սրահները տանող փայտամածով արված անցուղի:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
16.03.2017թ.