News
03/06/2019
Երևանում բացվեց ակադեմիկոս Լև Փիրուզյանի հիշատակին նվիրված հուշատախտակ

    Սույն թվականի հունիսի 2-ին Երևանի Տերյան 62 հասցեում տեղի ունեցավ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ականավոր գիտնական Լև Փիրուզյանի հիշատակին նվիրված հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը: 
    Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Լևոն Մանվելյանը, ՀՀ ԳԱԱ հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրաամի տնօրեն Ավետիք Իսահակյանը,  Լև Փիրուզյանի կինը՝ Ն. Վավիլովի անվան ընդհանուր գենետիկայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, պրոֆեսոր Էլիոնորա Փիրուզյանը, Լև Փիրուզյանի քույրը՝ Ելենա Փիրուզյանը, Լև Փիրուզյանի զարմիկը՝ Եվգենի Սաղաթելյանը:
    Ընթերցվեցին Ն. Վավիլովի անվան ընդհանուր գենետիկայի ինստիտուտի տնօրեն Ա. Կուդրյավցևի, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ ՌԳԱ ակադեմիկոս Ա. Բեռլինի, ՌԳԱ թղթակից անդամ Վ. Ազատյանի, պրոֆեսոր Վ. Հարությունովի հեռագրերը: 

20190603_1.jpg
    Լև Փիրուզյանը հիմնադրել է Քիմիական միացությունների կենսաբանական փորձարկման գիտահետազոտական ինստիտուտը, որը ղեկավարել է 1972-84թթ. ընկած ժամանակահատվածում, միաժամանակ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում  հիմնել է բժշկական կենսաֆիզիկայի ամբիոնը (1978-84թթ.): 2000թ. նա ստեղծել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի դեղագիտության ֆիզիկաքիմիական տեսական խնդիրների կենտրոնը:

20190603_2.jpg
    Լև Փիրուզյանն ավելի քան 400 գիտական աշխատանքների, այդ թվում՝ 3 մենագրության և մի շարք հետազոտությունների հեղինակ է: «Մարդու նյութափոխանակության անձնագիրը՝ դեղագիտության նոր մոտեցման հիմք» (2004թ.) հիմնարար աշխատությունում նա բարձրացրել է դեղերի ազդեցության անհատականացման հարցը, որը հաշվի է առնում նաև մարդու էթնիկական և անհատական առանձնահատկությունները:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
03.06.2019թ.