News
09/11/2018
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան դարձավ Միջազգային գիտական կազմակերպությունների դաշինքի համահիմնադիր

   Չինաստանի գիտությունների ակադեմիայի նախաձեռնությամբ ստեղծված Միջազգային գիտական կազմակերպությունների դաշինքի (ՄԳԿԴ-ANSO)  համահիմնադիր դարձավ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան:
   ՄԳԿԴ-ն ստեղծվեց «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում Չինաստանի գիտությունների ակադեմիայի նախաձեռնությամբ: Սույն թվականի նոյեմբերի 3-5-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի ունեցավ ՄԳԿԴ-ի ստեղծմանը նվիրված առաջին գլխավոր ասամբլեան, որի ընթացքում Դաշինքի համահիմնադիրները ստորագրեցին ՄԳԿԴ-ի ստեղծման համաձայնագիրը: Ասամբլեայի ընթացքում ընտրվեցին ՄԳԿԴ-ի կառավարող և գործադիր մարմինները, քարտուղարությունը, հաստատվեց Դաշինքի կանոնադրությունը: ՄԳԿԴ-ի նախագահ դարձավ Չինաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահ Բայ Չունլին, փոխնախագահներ` Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևը և Պակիստանի Գիտությունների ակադեմիայի նախագահ Քասիմ Ջանը:
Դաշինքի համահիմնադիրները 36 կազմակերպություններ են` մի շարք երկրների գիտությունների ակադեմիաներ, համալսարաններ, միջազգային գիտական կազմակերպություններ:  
   ՄԳԿԴ-ն միջազգային, ոչ պետական, եկամուտ չհետապնդող գիտական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է աջակցել գիտության, տեխնոլոգիաների և նորարարությունների զարգացմանը «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» տարածաշրջանի երկրներում: ՄԳԿԴ-ն ապահովելու է լայն հնարավորություներ տրածաշրջանային երկրների գիտական կազմակերպությունների կողմից խոշոր և միջին գիտական ծրագրերի նախաձեռնման և իրականացման համար: Այն կդառնա գիտական նորարար նախաձեռնությունների առաջարկման, քննարկման և կյանքի կոչման հարթակ:

20180911_1a.jpg
   ՄԳԿԴ-ի առաջին գլխավոր ասամբլեայի ընթացքում ելույթ ունեցողները բարձր գնահատեցին այս Դաշինքի ստեղծման կարևորությունը և համոզվածություն հայտնեցին, որ այն միջազգային կազմակերպությունների ցանկում կգրավի կարևորագույն տեղ:
   ՄԳԿԴ-ն ստեղծվեց 2016թ-ին Պեկինում տեղի ունեցած Ազգային գիտական կազմակերպությունների առաջին միջազգային գիտական ֆորումում ստորագրված «Չինաստանի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու երկրների միջև գիտության և տեխնոլոգիաների համագործակցության նոր էջ. Պեկին հռչակագրի» շրջանակներում:
   ՄԳԿԴ-ի առաջին գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի ունեցավ նաև «Մեկ գոտի և մեկ ճանապարհ նախաձեռնության գիտական կազմակերպությունների երկրորդ միջազգային ֆորումը, որին Հայաստանի կողմից մասնակցեցին ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ակադեմիկոս Ռադիկ Կոստանյանը և ՀՀ ԳԱԱ Միջազգային կապերի վարչության պետ Գագիկ Էվոյանը: Ֆորումի ընթացքում անցկացվեցին գիտաժողովներ հետևյալ թեմաներով.

    ՄԳԿԴ-Շրջակա միջավայր և «կանաչ» զարգացում
    ՄԳԿԴ-Թվային Մեկ գոտի և մեկ ճանապարհ
    ՄԳԿԴ-Կայուն Մեկ գոտի և մեկ ճանապարհ, անցում «կանաչ» տեխնոլոգիաներին, կառավարում և նորարարություններ,
    ՄԳԿԴ-Գիտություն և կրթություն
    ՄԳԿԴ- Ինֆեկցիոն հիվանդություններ և բժշկություն
    ՄԳԿԴ- Նորարարություններ և զարգացում
    ՄԳԿԴ-Կենսաբազմազանություն և պահպանություն:

    Ֆորումի մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին իրենց ներդրումը բերել ֆորումի շրջանակներում հայտարարված գիտական ուղղությունների ծավալման և «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնության նպատակների իրականացման համար:
   «Մեկ գոտի և մեկ ճանապարհ»  նախաձեռնության շրջանակներում ՄԳԿԴ-ի հիմնադրումը արժանացել է Չինաստանի կառավարության հավանությանը:
   «Մեկ գոտի և մեկ ճանապարհ»  նախաձեռնությունը ստեղծվել է 2013 թ-ին  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագաh Սի Ծինփինի որշմամբ որպես Չինաստանի մասնակցությամբ միջազգային համագործակցության և զարգացման նոր մոդել: Այս նախաձեռնությունը պատմական «Մետաքսի ճանապարհի» զարգացման նոր մոդելն է: Նախաձեռնությունը կոչ է արել մշակել տարածաշրջանային գործընկերության նոր մեխանիզմներ, խթանել ներգրավված երկրներում տնտեսական աճը, ամրապնդել տարբեր քաղաքակրթությունների միջև մշակութային արժեքները և կապերը բոլոր ոլորտներում, ինչպես նաև նպաստել խաղաղությանը և կայուն զարգացմանը:
   «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնությունը ներգրավում է աշխարհի զարգացած և զարգացող երկրներ:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   09.11.2018թ.



Website last updated on:  15:05, 04/03/2021

General Page - About Academy - Divisions - Organisations - Members - Contact us - COVID-19 - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - News - Conferences - Publications in Press - Announcements - Photogallery
"Gitutyun" newspaper - Funds - Anniversaries - Publications - Web Resources - Other Academies
Universities - Lindau - Sitemap - Search