Ս.թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում  տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի  ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր,  բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Բեգլարի Ջահուկյանին:  Հանդիսությունը երկրորդն էր ակադեմիայի և լեզվի ինստիտուտի հիմնադրման ու  զարգացման ակունքներում կանգնած մեծանուն լեզվաբաններին նվիրված  միջոցառումների շարքում, որոնք լեզվի ինստիտուտը կազմակերպում է՝ ի  նշանավորումն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 75-ամյակի:
    Լեզվի ինստիտուտին շնորհավորելու էին եկել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար  Հ.Մաթևոսյանը, հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի  ակադեմիկոս-քարտուղար Յու. Սուվարյանը, ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Դ.  Գյուրջին-յանը,  ՀՀ սփյուռքի նախարարության, ԳԱԱ տարբեր հաստատությունների,  գրողների միության, բուհերի ներկայացուցիչներ, մտավորականներ, ուսանողներ:  
   Իր բացման խոսքում ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը համառոտ   ներկայացրեց ինստիտուտի անցած ուղին` ընդգծելով Գ. Ջահուկյանի մեծ  ներդրումը հայագիտության և ինստիտուտի զարգացման գործում: 
Ողջունելով  ներկաներին՝ ակադեմիկոս Յու. Սուվարյանը կարևորեց նմանատիպ միջոցառումների  անցկացումը և հույս հայտնեց, որ հայ լեզվաբաններին նվիրված նման  անդրադարձները շարունակական կլինեն, մանավանդ որ խնդիր է դրվում ոչ միայն  գնահատելու նրանց վաստակը, այլև շարունակելու և զարգացնելու եղած  ավանդները: «Ես երջանկություն եմ ունեցել աշխատելու ակադեմիկոս Ջահուկյանի  հետ Հայերենի բարձրագույն խորհրդում, – նշեց Յու.Սուվարյանը: – Մեծ է նրա  ներդրումը ընդհանուր և համեմատական լեզվաբանության ոլորտում, նրա  դիտարկումները արժանի են համաշխարհային ճանաչման»: Իր խոսքում ՀՀ լեզվի  կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը հիշեց Գ. Ջահուկյանի հետ առաջին  հանդիպման և ծանոթության դրվագը` նշելով, որ ուսանողական տարիներից Գ.  Ջահուկյանը իր համար անվիճելի հեղինակություն էր, հայագիտության հսկան:  Շնորհավորելով լեզվի ինստիտուտի հիմնադրման 75 – ամյակը՝ Դ. Գյուրջինյանը  ինստիտուտի աշխատակիցներին հաջողություն մաղթեց և ցանկացավ, որ առաջիկայում  էլ հայ լեզվաբանները պահպանեն Գ.Ջահուկյանի որդեգրած և կրտսեր  գործընկերներին փոխանցած գիտական աշխատանքի սկզբունքներն ու չափանիշները:  ՀՀ սփյուռքի նախարարի և նախարարության աշխատակիցների անունից ողջույնի խոսք  ասաց Հայկ Ենգիբարյանը: Շնորհավորելով հոբելյանի առիթով` նա մաղթեց, որ իր  բարձր առաքելության մեջ ինստիտուտը միշտ հաջողի, և վստահություն հայտնեց,  որ Սփյուռքի նախարարության ու լեզվի ինստիտուտի գործակցությունը  կշարունակվի՝ ի նպաստ հայերենի տարածման և հայապահպանության: ՀՀ գրողների  միության նախագահի, նախագահության վարչության անունից շնորհավորական խոսք  ասաց միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը: Համալսարանում աշակերտած  լինելով մեծ հայագետին՝ նա մի քանի դրվագ պատմեց Գ.Ջահուկյանի  դասախոսություններից: Պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը ողջույնի խոսքում նշեց.  «Լեզվի ինստիտուտը կայացած և կարևորագույն հաստատություն է, որն իր  գոյության 75 տարիների ընթացքում ստեղծել է մնայուն արժեքներ, և այդ ֆոնին  ինստիտուտի կենսագրության մեջ եղել են անձինք, որոնք ոչ միայն նշանավոր  գիտնականներ, այլև գիտության մեծ կազմակերպիչներ են եղել, գիտության  բարձրագույն արժեքների դավանողներ՝ բարոյական վսեմ կերպարով:  Այդպիսին էր  Գ. Ջահուկյանը»:

    Այնուհետև բանախոսեց ինստիտուտի գիտաշխատող, բ.գ.թ. Մերի Սարգսյանը՝  հանգամանալից ներկայացնելով Գ. Ջահուկյանի կյանքը և գիտական  գործունեությունը: Մ. Սարգսյանն անդրադարձավ Գ. Ջահուկյանի հետա¬զոտության  բոլոր ոլորտներին՝ հայերենի համեմատական քերականություն, հայ քերականական  մտքի պատմություն, հայոց լեզվի պատմություն, հայ բարբառագիտություն,  ժամանակակից հայոց լեզվի տեսություն, հնդեվրոպական և նոստրատիկ  լեզվաբանություն, ընդհանուր լեզվաբանություն, լեզվաբանության պատմություն,  լեզվաբանության տեսություն և այլն : «Հարստացնելով լեզվաբանության  բնագավառը նոր մտքերով, որոնք հանդես են գալիս որպես ամբողջական  համակարգեր, փորձելով նպաստել հայ և համաշխարհային լեզվաբանական մտքի  զարգացմանը՝ Գ. Ջահուկյանն իր աշխատություններում առաջ է քաշել  լեզվաբանական զանազան խնդիրների լուծման ճշգրիտ ուղիներ: Կարելի է  անվերապահորեն ասել, որ Գ. Ջահուկյանի շնորհիվ մի նոր բարձունքի է հասել  հայ և համաշխարհային լեզվաբանական միտքը»,- ասաց նա: Բանախոսը ելույթը  եզրափակեց Գ. Ջահուկյանի բանաստեղծություններից մեկով: 
   Միջոցառման  երկրորդ հատվածում մեծանուն հայագետի գործընկերներն ու սաները պատմեցին  դրվագներ ու հուշեր Գ. Ջահուկյանի մասին, կրկին ու կրկին արժևորվեց մեծ  գիտնականի վաստակը: ԳԱԱ թղթակից անդամ, բ.գ.դ. Լավրենտի Հովհաննիսյանը  նշեց. «Ովքեր ծանոթ են Ջահուկյանին, կփաստեն, որ նա, ինչ մասնագիտություն  էլ ընտրեր, լինելու էր առաջինը այդ ասպարեզում: Երջանիկ ենք, որ առիթ ենք  ունեցել մոտիկից ծանոթ լինելու նրան, շփվելու նրա հետ, լսելու նրա  խորհուրդները: Նա համաշխարհային մեծ ճանաչում ունեցող գիտնական էր, մեծերի  շարքում էր»: ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արծրուն  Ավագյանն ընդգծեց, որ համալսարանում ևս վառ են պահում Գ. Ջահուկյանի  հիշատակը, նրա անունով են անվանակոչել լսարաններից մեկը: Ինստիտուտի  ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչ, պրոֆեսոր Վազգեն  Համբարձումյանը հուշեր պատմեց Գ. Ջահուկյանի հետ իր աշխատանքային  շփումներից: Բ.գ.դ. Ռոբերտ Թոխմախյանը խոսեց Գ. Ջահուկյանի  գիտակազմակերպչական գործունեության մասին: 
   Միջոցառումը եզրափակվեց  «Ջահուկյանական ընթերցումներ» մատենաշարի 13-րդ պրակի շնորհանդեսով:  «Ջահուկյանական ընթերցումներ» մատենաշարի ստեղծման պատմությունը  ներկայացրեց ինստիտուտի գիտական քարտուղար, բ.գ.թ. Անահիտ Աբրահամյանը: Նա  նշեց, որ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի բազմաթիվ հրատարակությունների շարքում  առանձնանում է «Ջահուկյանական ընթերցումները», որը միաժամանակ հարգանքի ու  գնահատանքի յուրատեսակ տուրք է վաստակաշատ գիտնականին, ղեկավարին, ավագ  գործընկերոջը և մեծ ուսուցչին: 2006-2018 թվականների ընթացքում մատենաշարի  պրակներում հրատարակվել է 380 հոդված, որոնց մեջ կան նաև Ջահուկյանի  կյանքին և գործունեությանը նվիրված աշխատանքներ: Մատենաշարը թեմատիկ լայն  ընդգրկում ունի՝ արդի հայերեն, հայոց լեզվի պատմություն,  բարբառագիտություն, ընդհանուր և կիրառական լեզվաբանություն, համեմատական  լեզվաբանություն, բառարանագրություն և այլն: Ա. Աբրահամյանը ընդգծեց  մատենաշարի խմբագրական խորհրդի, հատկապես՝ ինստիտուտի գիտական գծով  փոխտնօրեն Նազիկ Հովհաննիսյանի ջանադիր աշխատանքը յուրաքանչյուր ժողովածուի  խմբագրման, սրբագրման և հրատարակության պատրաստելու գործում:  «Լեզվաբան-հետազոտողները յուրաքանչյուր միտք թղթին հանձնելիս նորից ու  նորից պետք է մտածեն՝ տեսնես Ջահուկյանը ի՞նչ կասեր…»,- ամփոփեց  Ա.Աբրահամյանը: