News
07/06/2018
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց ազգային բարերար և պետական գործիչ Մանուկ բեյ Միրզայանին նվիրված միջազգային գիտաժողով

Սույն թվականի հունիսի 7-ին` ՀՀ ԳԱԱ  նախագահությունում,   մեկնարկեց ազգային բարերար, անվանի դիվանագետ և պետական գործիչ Մանուկ բեյ Միրզայանին նվիրված միջազգային գիտաժողով: Գիտաժողովին մասնակցում են գիտնականներ Հայաստանից Ուկրաինայից, Մոլդովայից, Ռումինիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Թուրքիայից: Գիտաժողովի հյուրերի թվում է Մոլդովայի Հնչեշտ քաղաքում Մանուկ բեյի` վերականգնված ապարանքի տնօրեն Պլանչիտե Տուդորը։

20180607_5.jpg
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը: «Մանուկ բեյ Միրզայանը, լինելով Կարբի գյուղի բնակչի որդի, դարձել է խոշոր վաճառական, դիվանագետ, պետական գործիչ և ունեցել է վիթխարի դերակատարություն նախ Թուրքիայում, ապա կյանքի վերջին շրջանում դառնալով ռուսահպատակ, ռուսական արքունիքում: Նա երբեք չի մոռացել իր հայրենի ժողովրդին: Զբաղվելով բարեգործությամբ, եկեղեցաշինությամբ` փորձել է օգտակար գործ անել իր ժողովրդի համար: Մխիթարյան միաբանության գործիչների հետ փորձ է արել հրատարակել հայոց լեզվի դասագիրք, ինչն արդեն մի նոր էջ է նրա կյանքի պատմության մեջ: Այսօրվա գիտաժողովով մենք մեկ անգամ ևս վերհիշում և վերաարժևորում ենք այն գործը, որ իրականացրել է Մանուկ բեյ Միրզայանը տարբեր երկրների համար»,- իր ողջույնի ելույթում մասնավորապես ասաց Յուրի Սուվարյանը:

20180607_4.jpg
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին նաև ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը,  Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ եպիսկոպոս Տ. Տաթև Հակոբյանը, ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ Մուշեղ Աբգարյանը: Գիտաժողովի զեկուցումների թեմաներն են`

- Մանուկ բեյ Միրզայանի կյանքը և գործունեությունը
- Ռուս-թուրքական պատերազմը (1806-1812) և Բուխարեստի հաշտության պայմանագիրը
- Օսմանյան և Ռուսական կայսրությունների և Բալկանյան երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները 18-րդ դարի երկրորդ կեսից - 19-րդ դարի սկիզբն ընկած ժամանակահատվածում
- Ազգային փոքրամասնությունները Օսմանյան և Ռուսական կայսրությունների փոխհարաբերություններում
- Մանուկ բեյի հայաշեն, եկեղեցաշեն գործունեությունը, նա և հայերը:

20180607_3.jpg
Գիտաժողովի մասնակիցները հունիսի 9-ին կմասնակցեն Արագածոտնի մարզի Կարբի գյուղի հրապարակի Մանուկ Բեյ Միրզայանի անունով անվանակոչման արարողությանը, եկեղեցում՝ Միրզայան գերդաստանի հիշատակի ոգեկոչման պատարագին։ Կայցելեն Մեսրոպ Մաշտոցի գերեզման և Արագածոտնի Հայոց թեմի Առաջնորդարան:
Միջազգային գիտաժողովի կազմակերպիչն է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը:
Մանուկ բեյ Միրզայանը ծնվել է 1769թ-ին Բուլղարիայի Ռուշչուկ բնակավայրում, որտեղ հաստատվել էին ծնողները` 1744թ-ին հեռանալով Աշտարակի Կարբի գյուղից: 12 տարեկանում մեկնել է Յասսա` հայ առևտրականների մոտ սովորելու։ Երիտասարդ տարիքում դարձել է Բալկանների ամենահարուստ մարդկանցից մեկը: Եղել է տեղի իշխանությունների պետական խորհրդական։ Օսմանյան կայսրությանը մատուցած ծառայությունների համար 1808 թ. սուլթանից ստացել է Մոլդովայի իշխանի՝ Boğdan Prensi և Bey-ի տիտղոսներ և որոշ ժամանակ դարձել Մոլդովայի կառավարիչ։ Նույն թվին Կ. Պոլսում նշանակվել է դիվանագիտական բանակցությունների գլխավոր թարգման արտաքին գործոց նախարարի օգնականի մակարդակով: 1806-1812թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զբաղվել է օսմանյան բանակի պարենավորմամբ և ռազմական նշանակության կառուցների նորոգմամբ: Եղել է օսմանյան Դանուբյան բանակի հրամանատար Մուստաֆա փաշա Բայրաքթարի խորհրդականը` օժտված ռուսների հետ հաշտութեան բանակցություններ վարելու լիազորությամբ: Մանուկ Բեյի ջանքերի, դիվանագիտական հմտությունների շնորհիվ կայացել են ռուս-թուրքական 1806-1812թթ. պատերազմի հաշտության մի շարք բանակցություններ, որոնց արդյունքում 1812թ. իր պալատում  կնքվել է Բուխարեստի ռուս-թուրքական հաշտության պայմանագիրը:

20180607_2.jpg
1804-1808թթ. Մանուկ բեյը կառուցել է Բուխարեստի տեսարժան վայրերից մեկը հանդիսացող մի պալատ, որ մինչ օրս հայտնի է Մանուկի խան անունով:
1813թ. Բուխարեստից տեղափոխվել և հաստատվել է Քիշինևում, դարձել` ռուսահպատակ: 
Մանուկ բեյը Հայաստանի ազատագրումը կապել է Ռուսաստանի հետ: Այցելել է Հայաստան, նյութական օժանդակություն ցույց տվել Էջմիածնի, Մուշի և այլ վայրերի վանքերին: Բուխարեստի հայոց եկեղեցու մերձակայքում 1817թ-ին հիմնել է քաղաքում առաջին հայկական դպրոցը: Նա 100 հայ ընտանիք տեղափոխել է և պատրաստվում էր շուրջ կես միլիոն օսմանահպատակ հայերի ևս տեղափոխել Վալախիա ապրելու: 

20180607_1.jpg
1817թ Հնչեշտում հիմնել է իր ընտանեկան ապարանքը ֆրանսիական կլասիցիզմի ոճով: 1993թ. ապարանքը ստացել է ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ և այժմ համարվում է Մոլդավիայի ազգային հարստությունը:Մանուկ բեյը նպաստել է բալկանյան մի շարք քաղաքների տնտեսության զարգացմանը և քաղաքաշինությանը:
Մանուկ բեյը հանկարծամահ է եղել 1817թ. հուլիսի 2-ին  Հնչեշտում: Թաղված է Քիշինևում` իր կառուցած ս.Աստվածամոր եկեղեցու տարածքում:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
07.06.2018թ.