2018թ. մայիսի 2-ին լրացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալբերտ Գարեգինի Ղուլյանի 80-ամյակը:
Ալբերտ Գարեգինի Ղուլյանը ծնվել է Շահումյանի շրջանի Ղարաչինար գյուղում, ուսուցիչների ընտանիքում:
   1960թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը` ստանալով աստղաֆիզիկոսի որակավորում:
    Աշխատանքային մկրտությունն Ա. Գ. Ղուլյանը ստացել է ՀՍՍՀ Գիտությունների  ակադեմիայի Բյուրականի աստղադիտարանի ռադիոաստղագիտության բաժնում`  աշխատանքի անցնելով որպես լաբորանտ: Նույն թվականին տեղափոխվում է  ռադիոաստղագիտության բաժնի հենքի վրա ստեղծված ՀՍՍՀ ԳԱ Ռադիոֆիզիկայի և  Էլեկտրոնիկայի ինստիտուտ` որտեղ և աշխատում է մինչ օրս:
   Ա. Գ.  Ղուլյանի գիտական հետազոտությունները կապված են անտենաների բնութագրերի  ուսումնասիրության ճշգրիտ մեթոդների մշակման հետ` հիմնված հաճախությունների  լայն տիրույթում տիեզերական աղբյուրների աղմկային ռադիոճառագայթման  ընդունման սահմանային զգայնությամբ ընդունիչ սարքերի և համակարգերի  նախագծման և իրականացման վրա: Այս բնագավառում կատարած հիմնարար և  կիրառական հետազոտությունների արդյունքների հիման վրա Ա.Գ.Ղուլյանը 1975թ.  պաշտպանել է թեկնածուական, իսկ 1990թ.` դոկտորական թեզեր:
   Որպես  գիտնականիՙ Ա.Գ.Ղուլյանի կայացման գործընթացում նշանակալի է եղել ՀՀ ԳԱԱ  ակադեմիկոսներ Է.Հ.Միրզաբեկյանի և Ռ.Մ.Մարտիրոսյանի, Ռուսաստանի ԳԱ  Ֆիզիկայի իaնստիտուտի պրոֆեսոր Ա.Ե.Սալոմոնովիչի, Ռադիոֆիզիկական  գիտահետազոտական ինստիտուտի պրոֆեսոր, ակադեմիկոս Տրոիցկու, Ռադիոտեխնիկայի  և էլեկտրոնիկայի ինստիտուտի պրոֆեսոր Բ. Գ. Կուտուզայի, դերն ու գիտական  ղեկավարությունը:
   1978թ.-ից մինչ այժմ Ա. Գ. Ղուլյանը ղեկավարում է  ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտի կիրառական ռադիոֆիզիկայի  լաբորատորիան: Նրա ղեկավարությամբ լաբորատորիայում մշակվել են անտենաների  բնութագրերի չափման մեծ ճշտություններ ապահովող նոր մեթոդներ, ստեղծվել`  բարձր զգայնությամբ, աշխարհի խոշորագույն կենտրոնների լավագույն նմուշներին  չզիջող, շահագործման հարմարավետությամբ ավելի նախընտրելի ընդունիչ  համակարգեր: Կիրառական ռադիոֆիզիկայի լաբորատորիայի արգասաբեր  գործունեության արդյունքը Ա. Գ. Ղուլյանի գիտական ղեկավարությամբ առաջատար  գիտական ամսագրերում հրատարակված ավելի քան 250 աշխատանքները և 30 գյուտերի  հեղինակային վկայագրերն են:
   Նախկին Խորհրդային Միության կառավարական  հատուկ որոշումների համաձայն Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտը,  մասնավորապես կիրառական ռադիոֆիզիկայի լաբորատորիան, ԽՍՀՄ-ի խոշորագույն  գիտական կենտրոնների, այդ թվում ԽՍՀՄ ԳԱ Տիեզերական հետազոտությունների,  Ռադիոտեխնիկայի և էլեկտրոնիկայի, Լեբեդևի անվան Ֆիզիկայի ինստիտուտների,  ինչպես նաև Բնական ռեսուրսների ուսումնասիրման պետական կենտրոնի,  Տիեզերական սարքաշինության գիտատեխնիկական միավորման ճյուղային  ինստիտուտների հետ համատեղ մասնակցել է «Վեգա», «Ֆոբոս», «Կոսմոս»,  «Պրիրոդա», «Օկեան» և այլ միջազգային գիտատեխնիկական ծրագրերին` իր  ծանրակշիռ ներդրմամբ նպաստելով այդ ծրագրերի կատարմանը:

    Ա.Գ.Ղուլյանի ղեկավարությամբ կիրառական ռադիոֆիզիկայի լաբորատորիայում  ստեղծված նոր, ռադիոաստղագիտական մեթոդների և զգայուն ընդունիչ սարքերի  միջոցով մեծ ճշտությամբ չափվել են նախկին Խորհրդային Միության տիեզերական  կապի նպատակով ստեղծված բոլոր անտենաների բնութագրերը:
   Հիմնվելով իր  ղեկավարած լաբորատորիայում ստացված գիտական արդյունքների վրաՙ Ա. Գ.  Ղուլյանը արժանացել է երկու երկարաժամկետ դրամաշնորհի (Սորոս, ՄԳՏԿ), ինչը  զգալիորեն նպաստել է դժվարին տնտեսական շրջանում լաբորատորիայի գիտական  ներուժի և գիտական հետազոտությունների դրական դինամիկայի պահպանմանը:
    Ա. Գ. Ղուլյանը որպես գիտնական հայտնի է ինչպես մեր հանրապետությունում,  այնպես էլ նրա սահմաններից դուրս: Նա ՀՍՍՀ Պետական մրցանակի դափնեկիր է  գիտության և տեխնիկայի ասպարեզում, ինչպես նաև մի շարք գիտական  խորհուրդների անդամ: Հաշվի առնելով ռադիոֆիզիկայի հիմնարար պրոբլեմներից  մեկի` գերբարձր հաճախային տիրույթում ընդունիչ համակարգերի նոր  կառուցվածքների նախագծման, ստեղծման, անտենաների բնութագրերի  ուսումնասիրության ռադիոաստղագիտական նոր մեթոդների մշակման ասպարեզում  Ա.Գ.Ղուլյանի մեծ ավանդը և նրա գիտակազմակերպական լայնածավալ  գործունեությունը` 2000թ.-ին նա ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,  2010թ.  պարգևատրվել Անանիա Շիրակացու մեդալով, 2014թ.-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ  ակադեմիկոս:
   Հանրապետության սահմանների պահպանության տեխնիկական  վերազինմանը միտված Ա. Գ. Ղուլյանի ղեկավարած գիտական խմբի կատարած  աշխատանքների շարքն արժանացել է 2011թ. հանրապետության նախագահի մրցանակին:
    Գիտական գործունեությանը զուգընթաց, Ա. Գ. Ղուլյանը զգալի ավանդ է ունեցել  երիտասարդ կադրերի պատրաստման և հետազոտական աշխատանքներում նրանց  ներգրավման գործում: 1975թ.-ից նա անընդմեջ դասախոսել է Հայաստանի պետական  ճարտարագիտական համալսարանի «Ռադիոսարքավորումներ» ամբիոնում, որի պրոֆեսոր  է 1992թ.-ից և մինչ օրս այդ մասնագիտացման պետական քննական հանձնաժողովի  նախագահն է: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 8 թեկնածուական  և 2  դոկտորական թեզեր:
   Ա. Գ. Ղուլյանը սիրող ամուսին է, գորովագութ հայր և  իր 4 թոռնիկներին անսահմանորեն նվիրված պապիկ, որոնցից  երկուսը ապրում են  իր հոգածության ներքո:
   Շնորհավորելով ճանաչված գիտնականին՝ ցանկանում ենք քաջառողջություն, երկար տարիների բեղմնավոր ստեղծագործական կյանք:
   ՀՀ ԳԱԱ Նախագահություն