| ||||||||
Գիտությունը դուրս էր եկել լաբորատորիայից և տեղափոխվել սրճարան։ Միջոցառումը վարեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հարությունյանը։ «Հայաստանն ունի ամուր գիտական ներուժ մոլեկուլային կենսաբանության, մոլեկուլային գենետիկայի, գենոմիկայի, գենետիկական ճարտարագիտության և էկոլոգիական գենետիկայի ոլորտներում», - ասաց Ռուբեն Հարությունյանը՝ կարևորելով Հայաստանի և արտերկրի գիտական կառույցների միջև ձևավորված ակտիվ գործընկերությունն ու համատեղ հետազոտական ծրագրերը։ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը ներկայացրեց հայկական գենոմի ուսումնասիրությունները, որոնք ավելի քան երկու տասնամյակ իրականացվող գիտական հետազոտությունների արդյունք են։ Նա անդրադարձավ հայկական բնակչության գենետիկական առանձնահատկություններին, ծագումնաբանական հետազոտություններին և բացատրեց, թե ինչպես են գենոմային ուսումնասիրություններն օգնում ավելի լավ հասկանալ հայ ժողովրդի պատմական ձևավորումն ու գենետիկական ժառանգությունը։ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Բույսերի գենոմիկայի խմբի ղեկավար, ավագ գիտաշխատող Քրիստինե Մարգարյանը ներկայացրեց Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների ուսումնասիրության արդյունքները։ Նա ընդգծեց, որ այս հետազոտությունները կարևոր նշանակություն ունեն տեղական խաղողի սորտերի պահպանման, գենետիկական բազմազանության գնահատման, արժեքավոր գենետիկական ռեսուրսների բացահայտման համար։ «Գենետիկան Հայաստանում․ այսօր և վաղը»․ ինտերակտիվ հանդիպումն անցկացվեց «Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում (European Researchers’ Night in Armenia (ERNA) նախագծի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» «Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ» (MSCA) ծրագրի շրջանակում։ Նախագծի գործընկերներն են ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, «Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» (ԳՆԳԱԿ) հիմնադրամը, «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» (EIF) հիմնադրամը։ |