News
04/02/2026
ՀՀ ԳԱԱ-ում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության լեզվաքաղաքականության հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

Սույն թվականի փետրվարի 2-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության լեզվաքաղաքականության հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Հանդիպմանը մասնակցեցին գիտական, կրթական կառույցների ներկայացուցիչներ, գիտական ամսագրերի, թերթերի խմբագիրներ, գիտաշխատողներ։

Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը։ «Երեք առանցքային նպատակ է դրված հայեցակարգում՝ պետական լեզվի պաշտպանություն, լեզվական բազմազանության հարգում, գլոբալ մրցունակության ապահովում։ Կարևոր է, որ քննարկումները լինեն ակտիվ, և ներկայացվեն առաջարկություններ», - ասաց Պավել Ավետիսյանը։

Հայեցակարգը ներկայացրեց Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը։ Նա նշեց, որ հայեցակարգի նպատակը լեզվի բնագավառում միասնական պետական քաղաքականության ձևավորումն է: «Շատ ուրախ եմ, որ Գիտությունների ազգային ակադեմիայում այս հարցը քննարկում ենք ոչ միայն լեզվական, այլ նաև հումանիտար, հասարակագիտական ինստիտուտների ներկայացուցիչների հետ, որովհետև լեզվական հարցերը նաև սոցիալական, տնտեսական, քաղաքական կյանքին վերաբերող հարցեր են», - ասաց Սիրանուշ Դվոյանը։

Քննարկվեցին հայեցակարգի առանցքային դրույթները, բարբառների պահպանման վերաբերյալ հարցեր, ներկայացվեցին առաջարկություններ։ Մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին համագործակցելու լեզվի բնագավառում իրականացվող նախաձեռնություններում։ «Հայաստանի 

Հանրապետության լեզվաքաղաքականության հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը հրապարակված է e-draft.am Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Սիրանուշ Դվոյանը նշեց, որ հայեցակարգի ընդունումից հետո համապատասխան փոփոխություններ կկատարվեն «Լեզվի մասին» ՀՀ օրենքում։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
04․02․2026թ․