News
26/10/2017
Երևանում անցկացվեցին Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումներ

Հոկտեմբերի 23-25-ին Երևանում անցկացվեցին Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումներ:

20171026_main.jpg
   Միջոցառումների բացման արարողությունը տեղի ունեցավ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով:   «Հայփոստ» ՓԲԸ-ն մարեց և շրջանառության մեջ դրեց նամականիշ՝ նվիրված «ՍուրբՂազար կղզում Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակը» թեմային: Նամականիշի վրա պատկերված է Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան միաբանությունը: Այնուհետև միջոցառման մասնակիցները ծանոթացան «Մխիթարյանների 300-ամյա պատմություն» խորագրով ցուցադրությանը, որտեղ ներկայացված էին Սուրբ Ղազարի հնագույն և հազվագյուտ հրատարակություններ,  Մխիթարյանների միաբանության կողմից հրատարակվող «Բազմավեպ» հայագիտական, բանասիրական հանդեսի կարևոր հատորներ, Մխիթարյան նշանավոր հայրերի լուսանկարներ:

 

20171026_4.jpg

   Հոկտեմբերի 24-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում  (ԳԱԱ) մեկնարկեց «Վենետիկի Մխիթարյան Միաբանություն-300» խորագրով միջազգային գիտաժողովը:  Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ԵՊՀ ռեկտոր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը: Բանախոսներն  ընդգծեցին Մխիթարյան միաբանության  հայապահպան մեծ առաքելությունը, միաբանության մեծ դերը կրթության և գիտության, թարգմանական գրականության, բառարանագիտության, քարտեզագրության ու ազգագրության զարգացման գործում:

20171026_3.jpg
   Պլենար զեկուցումներով հանդես եկան Լևոն արքեպիսկոպոս  Զեքիյանը «Մխիթար՝ խորհուրդ և մարտահրաւէր. Հայ հոգեւորութեան և մշակոյթի ռահվիրայ մը, համաքրիստոնէական, համամարդկային տարածքով» թեմայով, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը` «Ղուկաս Ինճիճյանի ավանդը Հայաստանի պատմաաշխարհագրական հարցերի ուսումնասիրության բնագավառում» թեմայով, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը` «Մխիթարյանները Միքայել Նալբանդյանի գնահատմամբ» թեմայով, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը` «Հայ միջնադարյան գրականության պատմության պարբերացման Մխիթարյանների սկզբունքները» թեմայով:

20171026_5.jpg
   Երկօրյա գիտաժողովի ընթացքում ներկայացվեց 47 գիտական զեկուցում «Մխիթարյանների գործունեությունը պատմագիտության ասպարեզում», «Մխիթարյանների ավանդը բանասիրության ոլորտում», «Արվեստը և մշակույթը Մխիթարյանների գործունեության մեջ» թեմատիկ ուղղություններով:

20171026_2.jpg
   Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումներն իրականացվեցին ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի, Երևանի պետական համալսարանի, Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի և Վենետիկի Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ։

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   26.10.2017թ.




Website last updated on:  13:08, 26/10/2020

General Page - About Academy - Divisions - Organisations - Members - Contact us - COVID-19 - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - News - Conferences - Publications in Press - Announcements - Photogallery
"Gitutyun" newspaper - Funds - Anniversaries - Publications - Web Resources - Other Academies
Universities - Lindau - Sitemap - Search