News
08/07/2025
ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը 45 տարեկան է

ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում տեղի ունեցավ ինստիտուտի հիմնադրման 45-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում։ Ներկաներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ Նա նշեց, որ ինստիտուտն իր 45-ամյակը դիմավորում է բարձր գիտական արդյունքներով։ Այն, 2024թ-ի գիտաչափական տվյալների համաձայն, առավել արդյունավետ աշխատող ինստիտուտներից է ԳԱԱ կազմում ընդգրկված ավելի քան 30 գիտական կազմակերպությունների շարքում։ 

ՀՀ ԳԱԱ նախագահը, կարևորելով ինստիտուտի երախտավորների ներդրումը, նշեց, որ ինստիտուտի ներկա հաջողությունները մեծապես պայմանավորված են ինստիտուտի ղեկավարության աշխատանքով ու կադրային ճիշտ քաղաքականությամբ։  

Ինստիտուտի տնօրեն Վահան Քոչարյանը ներկայացրեց ինստիտուտի հիմնադրման պատմությունը, հիշատակեց այն անձանց (Ա․Ռ․ Մկրտչյան, Վ․Հ․ Համբարձումյան, Ա․ Պ․ Ալեքսանդրով, Լ․ Քոչարյան), ում աջակցությամբ ու համառ ջանքերի շնորհիվ հիմնադրվել և կայացել է ինստիտուտը։ Նա իր երախտագիտությունը հայտնեց ինստիտուտի գիտնականներին, երիտասարդներին և ինժեներատեխնիկական անձնակազմին՝ գիտահետազոտական գործընթացի կատարելագործման և գիտական նվաճումների համար։ «Ձեր աշխատանքի շնորհիվ ինստիտուտն ամրապնդում է իր դիրքերը հայկական և միջազգային գիտակրթական տարածքում ու ձևավորում է զարգացման գիտահետազոտական և նորարարական յուրովի մոդել», - ասաց Վահան Քոչարյանը։ 

Միջոցառմանը շնորհավորական ելույթներով հանդես եկան Իտալիայի միջուկային հետազոտությունների ինստիտուտ/Ֆրասկատիի ազգային լաբորատորիաների գիտական գծով փոխտնօրեն պրոֆեսոր Սուլթան Դաբագովը, ՌԴ Գիտությունների ակադեմիայի Միկրոէլեկտրոնիկայի տեխնոլոգիական պրոբլեմների և հատուկ մաքրությամբ նյութերի ինստիտուտի տնօրեն, ՌԴ ԳԱ թղթակից անդամ Դմիտրի Ռոշչուպկինին, ՌԴ Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր Ալեքսեյ Գոգոլևը և այլոք։    

Միջոցառման շրջանակում ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին վաստակագրերով և գովեստագրերով։    

Ինստիտուտի հիմնադրման 45-ամյակին նվիրված միջոցառման շրջանակում Երևան և Գյումրի  քաղաքներում անցկացվեց ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի անվան «Ճառագայթային ֆիզիկա և հարակից կիրառություններ» միջազգային գիտական դպրոցը։ Մասնակիցներին ներկայացվեցին ճառագայթային ֆիզիկայի բնագավառում ՀՀ-ում մեծ ներդրում ունեցած անվանի հայ գիտնականների՝ Ալիխանյան եղբայրների, Գրիգորի Ղարիբյանի, Միքայել Տեր-Միքայելյանի, Ռոբերտ Ավագյանի, Համլետ Վարդապետյանի, Ալպիկ Մկրտչյանի, Վասիլի Ցականովի և Ալիտա Դանագուլյանի ձեռքբերումները։      

Գիտական դպրոցին լավագույն ելույթներով հանդես եկած 5 երիտասարդ գիտնականներ պարգևատրվեցին հուշանվերներով։           

Դպրոցը հնարավորություն տվեց գիտական համայնքի լայն շրջանակներին ծանոթանալու նշված բնագավառում միջազգային գիտական հանրության կողմից ակտիվ զարգացվող արդիական ուղղություններին և խնդիրներին, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի հիմնադիր, ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի գիտական ժառանգությանը։ 

Գիտական դպրոցի շրջանակում ներկայացված գիտական հետազոտությունների արդյունքները կտպագրվեն բարձր վարկանիշ ունեցող  «Radiation Physics and Chemistry» ամսագրում:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին 
07․07․2025թ․