| ||||||||
Սույն թվականի մայիսի 5-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Կենսաբազմազանություն, պահպանություն և կլիմայի փոփոխություն» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և Երևանի պետական համալսարանը։ Գիտաժողովը համախմբել է 100-ից ավել գիտնականների և մասնագետների շուրջ 20 երկրներից, ովքեր քննարկում են կենսաբազմազանության պահպանության և կլիմայական փոփոխություններին առնչվող հիմնախնդիրներն ու գործնական լուծումները: «Այս միջոցառումը նպատակ ունի զարգացնելու միջազգային և միջգիտակարգային համագործակցությունը։ Այստեղ մենք կլսենք նոր հետազոտությունների մասին։ Գիտաժողովն ունի ավելի քան 100 մասնակից, որոնց շուրջ 50 տոկոսը երիտասարդ գիտնականներ են», - ասաց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը։ Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանն ասաց․ «Հայաստանը կենսաբազմազանությունը տեսնելու լավագույն վայրերից մեկն է, նաև ցորենի և գարու 8 համաշխարհային կենտրոններից մեկը։ Կա տեսություն, որ հրաբխային և սեյսմիկ գոտիներն էվոլյուցիայի օրրաններ են եղել»: Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին դոնոր կազմակերպությունների՝ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նարեկ Գրիգորյանը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) տնօրեն Լևոն Աղասյանը, «BirdsLink Armenia» կազմակերպության նախագահ Կարեն Աղաբաբյանը։ Գիտաժողովում ներկայացված են զեկուցումներ Հայաստանի թռչնաշխարհի պոպուլյացիաների, չզջիկների, սարդերի և մողեսների բազմազանության, մարդ-վայրի բնության հակամարտության, անողնաշարավորների և մակաբույծների, բույսերի և սնկերի կենսաբազմազանության, Սևանա լճի ճահճացման դինամիկայի, ջրային կենսաբազմազանության պահպանման, Հայաստանի անտառների, կլիմայական գործընթացների, ինչպես նաև կենսաբազմազանության և կայուն զարգացման վերաբերյալ։ Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև մայիսի 7-ը ներառյալ։ |