Սույն թվականի նոյեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ ԳԱԱ  Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական (ՕԴՔԳՏ) կենտրոնի  դահլիճում (Երևան, Ազատության պողոտա 26, 1-ին հարկ) տեղի կունենա ՀՀ ԳԱԱ  ՕԴՔԳՏ կենտրոնի գիտխորհրդի նիստ՝ նվիրված ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳՏ կենտրոնի Օրգանական  քիմիայի ինստիտուտի Բնական չհագեցած միացությունների լաբորատորիայի  հիմնադրման 55-ամյակին:
Լաբորատորիան հիմնադրվել է 1968թ-ին ՀՀ ԳԱԱ  ակադեմիկոս Շալիկո Բադանյանի կողմից, ով 1988-2002թթ-ին եղել է Օրգանական  քիմիայի ինստիտուտի տնօրեն։ Լաբորատորիան ներկայում ղեկավարում է քիմիական  գիտությունների թեկնածու Հմայակ Սարգսյանը։ Լաբորատորիայի աշխատանքները  վերաբերում են ալիլային և պրոպարգիլային համակարգերի ուսումնասիրմանը։  Մշակվում են տարատեսակ միջատների ֆերոմոնների (գրավչանյութեր),  իզոպրենոիդների և պերմետրինների սինթեզի եղանակներ։ Ստացված արդյունքները  փորձարկվում են գյուղատնտեսական մշակաբույսերի պաշտպանման նպատակով։  Լաբորատորիայում մշակվում են նաև մարդու և շրջակա միջավայրի համար անվնաս  բնական ցածրմոլեկուլային կենսակարգավորիչների սինթեզի նոր մեթոդներ։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
13․11․2023թ․