ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի  ինստիտուտը նշում է իր հիմնադրման և ՀՀ ԳԱԱ հիմնադրման 75-ամյակը`  ակադեմիայի, Լեզվի ինստիտուտի հիմնադրման ակունքներում կանգնած  հայերենագիտության երախտավորներին նվիրված միջոցառումներով:
   Հոկտեմբերի 5-ին ինստիտուտում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ` նվիրված մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանին:
    Իր ողջույնի խոսքում Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը նշեց, որ  ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը իր հիմնադրման օրվանից շարունակել է հայ  լեզվաբանական մտքի զարգացման նախորդ փուլերի ավանդները, գիտական  գործակցություն է ծավալում ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրյա  հայերենագիտական կենտրոնների հետ և,  առաջ մղելով գիտական միտքը, դարձել է  նոր շրջանի հայերենագիտության կարևորագույն կենտրոնը: 
   Բարձր  գնահատելով հաստատության ավանդը հայերենագիտության զարգացման գործում և  շնորհավորելով լեզվի ինստիտուտի աշխատակիցներին՝ ՀՀ ԳԱԱ հայագիտության և  հասարակական գիտությունների ակադեմիկոս-քարտուղար ակադեմիկոս Յուրի  Սուվարյանն ասաց. «Հպարտությամբ պետք է փաստել, որ ինստիտուտում իրենց  կոթողային աշխատանքներն են ստեղծել այնպիսի հզոր հայագետներ, ինչպիսիք են`  Հրաչյա Աճառյանը, Արարատ Ղարիբյանը, Գրիգոր Ղափանցյանը, Գևորգ Ջահուկյանը և  ուրիշներ, իսկ լեզվաբանների հետագա սերունդները նրանց ժառանգության արժանի  շարունակողներն են եղել»:

    Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը ընդգծեց Լեզվի ինստիտուտի  գիտնականների դերը հայերենագիտության զարգացման, լեզվի անաղարտության  պահպանման, արևմտահայերենի ուսումնասիրության գործում:
   Հայկական  հանրագիտարանի տնօրեն Հովհաննես Այվազյանն անդրադարձավ Հրաչյա Աճառյանի և  Հովհաննես Թումանյանի նամակագրությանը՝ ներկայացնելով երկու մեծերի  մտահոգության առարկա դարձած խնդիրները կրթության, գրական լեզվի ու  բարբառների գործառության վերաբերյալ: 
   Հրաչյա Աճառյանի կյանքը և  գիտական գործունեությունը ներկայացրեց ինստիտուտի հայոց լեզվի պատմության  բաժնի վարիչ Գայանե Մխիթարյանը: Նա հանգամանորեն անդրադարձավ Աճառյանի  հիմնարար աշխատություններին՝ նշելով, որ հայագիտության և լեզուների  համեմատական քննության բազմազան ոլորտներում դրանք ելակետ և ուղենիշ են  եղել հայ լեզվաբանների ու բանասերների մի շարք սերունդների համար ու դեռ  երկար պահպանելու են իրենց գիտական մեծ արժեքը։
   Նիստը նշանավորվեց Հրաչյա Աճառյանի կնոջ` Սոֆյա Աճառյանի «Իմ հուշերը Աճառյանի մասին» գրքի շնորհանդեսով: 
   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   09.10.2018թ.