News
02/07/2026
«Գենետիկան Հայաստանում․ այսօր և վաղը»․ ինտերակտիվ հանդիպում գիտնականների հետ

Սույն թվականի հուլիսի 3-ին՝ ժամը 15:00-ին, «The Academy People» սրճարանում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24/ա) տեղի կունենա «Գենետիկան Հայաստանում․ այսօր և վաղը»․ խորագրով ինտերակտիվ հանդիպումը։ 

Հանդիպումը կանցկացվի գիտական սրճարանի (Science Cafe) ձևաչափով։ Սրճարանի այցելուներն ու նախապես գրանցված հյուրերը հնարավորություն կունենան անմիջականորեն զրուցելու գենետիկայի ոլորտի գիտնականների հետ, ծանոթանալու Հայաստանում իրականացվող գենետիկական ուսումնասիրություններին, ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ 

Միջոցառումը կվարի ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հարությունյանը։ Ելույթներ կունենան կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը, կենսաբանական գիտությունների թեկնածուներ Ռոքսանա Զախարյանը և Քրիստինե Մարգարյանը։ 

«Գենետիկան Հայաստանում․ այսօր և վաղը»․ ինտերակտիվ հանդիպումն անցկացվում է «Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում (European Researchers’ Night in Armenia (ERNA) նախագծի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» «Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ» (MSCA) ծրագրի շրջանակում։ Նախագծի գործընկերներն են ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, «Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» (ԳՆԳԱԿ) հիմնադրամը, «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» (EIF) հիմնադրամը։ 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին 
02․07.2026թ․