News
01/07/2026
Արևելագիտության ինստիտուտում արժևորվեց եգիպտահայ նշանավոր ծաղրանկարիչ Ալեքսանդր Սարուխանի ստեղծագործական ժառանգությունը

Սույն թվականի հունիսի 29-ին Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ «Երկու հայրենիքների միջև. Ալեքսանդր Սարուխանը և հանրային դիվանագիտության ուժը» խորագրով միջոցառում՝ նվիրված եգիպտահայ նշանավոր ծաղրանկարիչ Ալեքսանդր Սարուխանի հիշատակին։

Միջոցառմանը մասնակցեցին հայ և եգիպտացի պատմաբաններ, մշակույթի գործիչներ, հետազոտողներ, լրագրողներ և դիվանագետներ։ Հատուկ հյուրն էր Ալեքսանդր Սարուխանի թոռնուհին՝ Սիլվա Ներետյան-Բլատյանը։

Ողջունելով մասնակիցներին՝ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պ․գ․թ․, դոցենտ Գոհար Իսկանդարյանը նշեց, որ այս միջոցառումը հնարավորություն է նորովի բացահայտելու Ալեքսանդր Սարուխանի հարուստ ստեղծագործական ժառանգությունը։

Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆին իր ողջույնի խոսքում նշեց, որ Ալեքսանդր Սարուխանը Եգիպտոսում ծաղրանկարչության մեծագույն և ամենահայտնի վարպետներից էր։ Նրա ստեղծագործությունները հայ և եգիպտացի ժողովուրդների միջև մշակութային կապերի և բարեկամության խորհրդանիշ են։ 


«Հայ և եգիպտացի ժողովուրդներին միավորում է քաղաքակրթական այն ընդհանուր միջավայրը, որտեղ նրանք ձևավորվել, զարգացել և դարերի ընթացքում ամրապնդել են իրենց բարեկամական կապերը։ Մենք պետք է առավել մեծ ուշադրություն դարձնենք այն կամուրջներին, որոնք միավորում են մեր երկու ժողովուրդներին։ Այդ կարևոր կամուրջներից մեկը Ալեքսանդր Սարուխանն է», - ասաց Արևելագիտության ինստիտուտի Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ, պ․գ․թ․, դոցենտ Արաքս Փաշայանը։

Ալեքսանդր Սարուխանի թոռնուհի Սիլվա Ներետյան-Բլատյանը, որը զբաղվում է պապի ստեղծագործական ժառանգության պահպանմամբ և հանրայնացմամբ, ներկայացրեց անվանի ծաղրանկարչի կյանքն ու ստեղծագործական ուղին՝ անդրադառնալով նրա արվեստի առանձնահատկություններին և թողած հարուստ ժառանգությանը։

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Ալեքսանդր Սարուխանի ստեղծագործությունները, արժևորվեց նրա արվեստի բացառիկ դերը հայ երգիծանկարչության զարգացման գործում։ 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
01․07.2026թ․

Photogallery