News
08/05/2026
Մաթեմատիկայի ինստիտուտում կայացավ «OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովը․ ներկայացվեցին մաթեմատիկայի ոլորտի արդի հետազոտությունները

Մաթեմատիկայի ինստիտուտում անցկացված «OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովը մեկ հարթակում միավորեց 12 երկրների մաթեմատիկոսների՝ քննարկելու օպերատորների տեսության, հարմոնիկ անալիզի և դրանց կիրառությունների արդի հարցերը։ Գիտաժողովը կազմակերպել էին Մաթեմատիկայի ինստիտուտը և ՌԴ Հարավային դաշնային համալսարանը։

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Ռաֆիկ Արամյանը նշեց, որ գիտաժողովը կարևոր հարթակ է մաթեմատիկայի ոլորտում նոր գիտական արդյունքների տարածման տեսանկյունից։ Այն համախմբում է մասնագետների աշխարհի տարբեր երկրներից և ամրապնդում համագործակցությունը։

ՌԴ Հարավային դաշնային համալսարանի Տարածաշրջանային գիտակրթական մաթեմատիկական կենտրոնի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսեյ Կարապետյանցը նշեց, որ «OTHA SPRING» միջազգային գիտաժողովի անցկացումը Հայաստանում 

արդեն ավանդույթ է դարձել․ այս տարի այն անցկացվեց Մաթեմատիկայի ինստիտուտում 4-րդ անգամ։ Տարեցտարի այն ընդգրկում է ավելի շատ երկրներ և ուղղությունների լայն շրջանակ՝ ձևավորելով լայն միջազգային փորձագիտական համայնք։ 

Երկօրյա գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան առաջատար գիտնականներ ԱՄՆ-ից, Ավստրիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Իսրայելից, Իտալիայից, Հայաստանից, Մեքսիկայից, Պորտուգալիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆինլանդիայից։ Գիտաժողովի արդյունքները կհրապարակվեն «Springer» հրատարակչության կողմից լույս տեսնող «Journal of Mathematical Sciences» ամսագրում։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին 
08․05․2026թ․