News
03/12/2025
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը կնքեց համագործակցության հուշագրեր մարզային ԲՈՒՀ-երի հետ

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը համագործակցության հուշագրեր կնքեց Շիրակի պետական համալսարանի, Գորիսի պետական համալսարանի և ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի հետ։ Հուշագրերը ստորագրեցին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը,  Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը, ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի տնօրեն Մհեր Օթյանը, Գորիսի պետական համալսարանի պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանը։ 

Համագործակցության նպատակն է աջակցել ՀՀ մարզային բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական ներուժի ընդլայնմանը, խթանել գիտակրթական համակարգի համաչափ զարգացումը։

Համագործակցության շրջանակներում նախատեսվում է իրականացնել համատեղ գիտական ծրագրեր, գիտնականների և դասախոսների փոխանակում, գիտական նյութերի հրապարակում, կազմակերպել հանրապետական, տարածաշրջանային և միջազգային գիտաժողովներ, անցկացնել մասնագիտական դասընթացներ և վարպետաց դասեր։

«Մենք ունեցել ենք հանդիպումներ համալսարանների ներկայացուցիչների հետ, ներկայացրել ենք մեր հնարավորությունը, լսել իրենց առաջարկները և ձևավորել ենք համագործակցության ծրագիր։ Մեր 

գլխավոր խնդիրն է ուժեղացնել մարզային ԲՈՒՀ-երը և նաև օգտվել իրենց հնարավորություններից՝ ստեղծելով համագործակցության նոր հարթակ», - ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը։

Մարզային ԲՈՒՀ-երի ներկայացուցիչները կարևորեցին գիտական ինստիտուտի հետ համագործակցությունը՝ նշելով, որ այն կընձեռի հնարավորություններ ուսանողներին ներգրավվելու գիտական, հետազոտական աշխատանքներում, կնպաստի նրանց ակադեմիական գիտելիքների խորացմանը և մասնագիտական զարգացմանը։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
02.12․2025թ․