| ||||||||
Ս.թ. սեպտեմբերի 30-ին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ տերմինաբանության հիմնահարցերի մասնագիտական պրոբլեմային խորհրդի հերթական նիստը՝ խորհրդի ղեկավար, ակադեմիկոս Յու․Մ․Սուվարյանի նախագահությամբ: Քննարկման առարկան նախորդ նիստում ներկայացված «Հայերենի գործնական տառադարձության կանոնների մասին» նախագծի լրամշակված տարբերակը հաստատելու հարցն էր։ Նախագծի հեղինակ բ․գ․թ․, դոցենտ Հ. Զաքարյանն անդրադարձավ օտար լեզուներից հայերեն գործնական տառադարձության կանոններին՝ նշելով, որ օտար անունները պետք է հարմարեցվեն ու ենթարկվեն հայերենի արտասանական, քերականական և ուղղագրական օրինաչափություններին ու կանոններին՝ հնարավորինս նվազագույնի հասցնելով նաև միջնորդ լեզուների դերը: Օտար անունների տառադարձության նոր նախագիծը կազմելիս բնականաբար հաշվի են առնվել մինչ այժմ գոյություն ունեցող ու գործող որոշումները, դրանցով հաստատված ավանդույթները: Նախագծում սկզբունքային փոփոխություններն առավելապես վերաբերում են անգլերենից տառադարձման կանոններին: Զեկուցողը ներկայացրեց նաև գործածվող անունների այբբենական ցանկ: Ձևաչափի առումով նորություն է օտար անունների՝ հայերեն տառադարձման ընդհանուր (բոլոր լեզուներին վերաբերող) կանոնների առանձնացումը: Դրանց հաջորդում են ռուսերենից ու անգլերենից տառադարձման կանոնները: Առաջարկվում են նաև հայերենից անգլերեն ու ռուսերեն տառադարձման կանոններ, որոնք, սակայն, դեռևս փորձարկման կարիք ունեն: Զեկուցողը կարևոր համարեց ապագայում նախագիծը համալրել այլ լեզուներից (ֆրանսերենից, գերմաներենից, իսպաներենից, իտալերենից, արաբերենից, պարսկերենից, թուրքերենից, վրացերենից և այլն) հայերեն տառադարձման կանոններով: Հ. Զաքարյանն անդրադարձավ նաև -արխիա և -կրատիա ածանցներով կազմված հասարակական-քաղաքական մի շարք օտար անվանումների հայերեն համարժեքների միօրինակացման ու հստակեցման խնդրին: Հայերենի գիտական տերմինաբանության ոլորտում ճշգրտումներ կատարելու առաջարկություններով հանդես եկավ բ․գ․թ․, դոցենտ Հ. Պետրոսյանը: Աղյուսակով ներկայացվեցին գիտատեխնիկական ոլորտին վերաբերող մեկուկես տասնյակ տերմինների վերաբերյալ առաջարկություններ: Նախագծերի շուրջ ծավալվեց բուռն քննարկում, եղան առաջարկություններ և դիտարկումներ: Մասնավորապես նշվեց, որ գիտատեխնիկական տերմինները թարգմանելիս հարկ է նկատի ունենալ նաև արևմտահայերեն բառարանների ընձեռած նյութը, քանի որ նրանցում այդ անվանումների թարգմանության հաջող օրինակներ կան։ Հանձնաժողովը ողջունելի համարեց Հ․ Զաքարյանի և Հ․ Պետրոսյանի կատարած աշխատանքը, դրական գնահատեց նրանց ներկայացրած նախագծերն ու առաջարկները։ Որոշվեց «Հայերենի գործնական տառադարձության կանոնների մասին» նախագիծը քննարկել նաև Լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի նիստում և դրական եզրակացության առկայությամբ՝ հանձնաժողովի կողմից հաստատել։ Հ. Պետրոսյանին հանձնարարվեց իր առաջարկություններում անհրաժեշտության դեպքում կատարել փոփոխություններ՝ նկատի առնելով նաև արևմտահայերեն բառարանների և «Մայքրոսոֆթ» ընկերության հրապարակած համակարգչային տերմինների ցանկերի տվյալները: |