News
26/09/2025
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում կանցկացվի «Գիտության շաբաթ․Հայաստան 2025» փառատոնը

Սույն թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում կանցկացվի գիտության և տեխնոլոգիաների հանրահռչակման լայնամասշտաբ «Գիտության շաբաթ․Հայաստան 2025» փառատոնը։ Փառատոնի այս տարվա կարգախոսն է «Զարգացնել գիտությամբ»։  Փառատոնի բացումը տեղի կունենա Ազատության հրապարակում՝ ժամը 15։00-ին։

Փառատոնը կհամախմբի ավելի քան 50,000 այցելու և ապակենտրոնացված միջոցառումներով կներգրավի շուրջ 300 դպրոց և մանկապարտեզ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում։ Միջոցառման սիրտը կլինի Ազատության հրապարակում անցկացվող Գիտության փառատոնը, որը 6 օր շարունակ կներկայացնի գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, գիտական ֆանտաստիկայի և արվեստի փոխկապակցված աշխարհը։ Փառատոնին կմասնակցեն Հայաստանի պետական, ակադեմիական, կրթական, տեխնոլոգիական և ստեղծարար կազմակերպությունների առաջատար ներկայացուցիչներ։

Փառատոնի թեմատիկ բաժիններն են․

  • Զարգացնել գիտությամբ (սեպտ. 30 – հոկտ. 1) – Գիտության և ինովացիայի գործնական կիրառման պատմություններ, գիտափորձեր, նախագծեր ու ցուցադրություններ՝ ՀՀ-ում գործող գիտական ինստիտուտների կողմից։
  • Ինչու դառնալ գիտնական ու ճարտարագետ (հոկտ. 2–3) – Մասնագիտական կողմնորոշման օրեր՝ համալսարանների, կրթական և ինովացիոն կազմակերպությունների, գիտական ինստիտուտների, լաբորատորիաների և նորարարների մասնակցությամբ։
  • Ընդլայնելով երևակայությունը (հոկտ. 4–5) – Գիտական ֆանտաստիկայի և արվեստի համադրություն՝ գրականություն, կինո, կոմիքսներ, խաղեր ու ֆուտուրիստական նախագծեր։

Փառատոնի հետ զուգահեռ հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում և մանկապարտեզներում, կանցկացվեն գիտական փորձեր, խաղեր, նախագծեր և ցուցադրություններ՝ նպատակ ունենալով գիտության, տեխնոլոգիաների և ճարտարագիտության նկատմամբ հետաքրքրություն և սեր սերմանել վաղ տարիքից։

«Գիտության շաբաթ․Հայաստան 2025»-ը կազմակերպում է «Գիտուժ» նախաձեռնությունը՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի աջակցությամբ։ Գլխավոր հովանավորն է YoHealth-ը, տեխնոլոգիական գործընկերը՝ Team Telecom Armenia-ն, ինովացիոն գործընկերը` Ամերիաբանկը:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
26.09.2025թ․