News
16/06/2025
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի անվան «Ճառագայթային ֆիզիկա և հարակից կիրառություններ» 4-րդ միջազգային գիտական դպրոցը

Սույն թվականի հունիսի 16-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի անվան «Ճառագայթային ֆիզիկա և հարակից կիրառություններ» 4-րդ միջազգային գիտական դպրոցը։ Այն նվիրված է ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի հիմնադրման 45-ամյակին և անցկացվելու է  Երևանում ու Գյումրիում։ Գիտական դպրոցի նպատակն է ներկայացնել ճառագայթային ֆիզիկայի ոլորտի արդի խնդիրները, արդյունքները, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի հիմնադիր ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի  գիտական ժառանգությունը։ 

Գիտական դպրոցն ունենալու է շուրջ 130 մասնակից Անգլիայից, Իտալիայից, Հայաստանից, Մալազիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից։

ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վահան Քոչարյանը ողջունեց դպրոցի մասնակիցներին և ընդգծեց միջոցառման կարևորությունը միջազգային համագործակցության ընդլայնման և նոր գաղափարների գեներացման համար։ Մասնակիցներին ողջունեցին նաև Իտալիայի Միջուկային հետազոտությունների ինստիտուտ - Ֆրասկատիի ազգային լաբորատորիաների գիտական գծով փոխտնօրեն պրոֆեսոր Սուլթան Դաբագովը,

ԵՊՀ ակադեմիկոս Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արամ Սահարյանը, ՌԴ Գիտությունների ակադեմիայի Միկրոէլեկտրոնիկայի տեխնոլոգիական պրոբլեմների և հատուկ մաքրությամբ նյութերի ինստիտուտի տնօրեն, ՌԴ ԳԱ թղթակից անդամ Դմիտրի Ռոշչուպկինը, ՌԴ Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր Գոգոլև Ալեքսեյը։

Գիտական դպրոցի թեմատիկան ընդգրկում է ուղղությունների լայն շրջանակ․

  • մասնիկների և ճառագայթման փնջերի փոխազդեցությունները տարբեր միջավայրերի հետ
  • իոնացնող ճառագայթման աղբյուրներ և դրանց կիրառություններ
  • մասնիկների և ճառագայթման սպեկտրոսկոպիա
  • ակուստիկ ալիքների տարածում և ցրում տարբեր միջավայրերում
  • ճառագայթային տեխնոլոգիաները հնագիտության, բժշկական ֆիզիկայի, բնապահպանական գիտության և աստղագիտության մեջ
  • ֆունկցիոնալ նյութեր և բյուրեղների աճ։

Գիտական դպրոցի աշխատանքները կշարունակվեն մինչև հունիսի 21-ը։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
16․06․2025թ․

Photogallery