News
23/04/2025
ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2024 թվականի գործունեության արդյունքները

Սույն թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը ներկայացրեց 2024 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները: 

 

Տարեկան ժողովի ընթացքում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները․

  • «Ավետիք Իսահակյանի պոեզիան. մեթոդաբանությունը և արդիականությունը» (զեկ.՝ բ.գ.դ. Ա. Վ. Իսահակյան)
  • «Հայ ժողովրդի կազմավորման և առաջին հայկական պետականությունների ստեղծման հիմնախնդիրների լուսաբանումը «Հայոց պատմության» առաջին հատորում» (զեկ.՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա.Ա. Մելքոնյան, պ.գ.դ. Ա. Ա.Բոբոխյան)
  • «Հնագիտական հետազոտությունների վերջին գիտական արդյունքները» (զեկ.՝  ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պ. Ս. Ավետիսյան)
  • «Հայ քաղաքագիտական միտքը. պատմություն և արդիականություն» (զեկ.՝ քաղ.գ.թ. Է. Հ. Օրդուխանյան):

Բաժանմունքի կազմում ընդգրկված են Պատմության, Արևելագիտության, Արվեստի, Հնագիտության և ազգագրության, Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության, Հրաչյա Աճառյանի անվան լեզվի, Մանուկ Աբեղյանի անվան գրականության, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտները, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը, «Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը: 

Բաժանմունքն ունի 5 ակադեմիկոս և 14 թղթակից անդամ: 

Բաժանմունքի գիտական կազմակերպությունների աշխատակիցները հրատարակել են 134 գիրք, 16 դասագիրք և ձեռնարկ, 1076 հոդված, 223 թեզիս: Անցկացվել է 36 միջազգային և 21 հանրապետական գիտաժողով: 

ՀՀ ԳԱԱ տերմինաբանական հիմնահարցերի մասնագիտական պրոբլեմային խորհուրդը հաստատել է գործունեության հայեցակարգը, գրական հայերենի կանոնարկման հիմնական սկզբունքները, տերմինաշինության ճյուղային հանձնախմբերը: ՀՀ ԳԱԱ պատմագիտության ու մշակութաբանության հիմնահարցերի մասնագիտական պրոբլեմային խորհուրդը ստեղծել է 6 աշխատանքային խումբ, հաստատել՝ գործունեության կարգն ու ուղղությունները:

2024 թվականի ընթացքում հրատարակվել են «Պատմաբանասիրական հանդես», «Բանբեր հայագիտության» և «Լրաբեր հասարակական գիտությունների» պարբերականները, թողարկվել է «Հիմնարար հայագիտություն» էլեկտրոնային անգլերեն հանդեսի 2 համար: Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հրատարակել է «Լեզու և լեզվաբանություն» հանդեսը, «Ջահուկյանական ընթերցումներ» հանդեսը, Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը` «Գրականագիտական հանդես», Արվեստի ինստիտուտը՝ «Արվեստագիտական հանդես» պարբերականները:

ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը որոշեց․ «Հարկ է հիմնավոր և փաստարկված պայքար ծավալել հայկական գիտության՝ իբրև մեր երկրի զարգացման գլխավոր ռեսուրսի, կազմակերպման ավանդական և արդյունավետ ակադեմիական եղանակի պահպանման, դրա էական բարեփոխման ու երկրի տնտեսության, անվտանգության և գիտակրթական սիներգիկ համակարգի վերելքի ապահովման համար»։ 

Որոշման մեջ նշված է նաև, որ անհրաժեշտ է.

  • արդիականացնել հետազոտությունների թեմատիկան
  • կարևորել միջգիտակարգային հիմնախնդիրների ուսումնասիրությունը
  • ընդլայնել և ամրապնդել միջազգային գիտական կապերն ու համատեղ հրապարակումները
  • ակտիվացնել և էականորեն ավելացնել հրապարակումները միջազգային գիտական շտեմարաններում լայնածավալ աշխատանք կատարել հայկական գիտության կազմակերպման ավանդական ակադեմիական եղանակի պահպանման, դրա լրջագույն բովանդակային բարեփոխման և երկրի տնտեսական, անվտանգային ու կրթական խնդիրների լուծմանը նպաստելու համար։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
23.04.2025թ․