Our Honored Figures
Սերգեյ Համբարձումյան

ականավոր գիտնականի և հասարակական գործչի 100-ամյակի կապակցությամբ

Լրացավ մեր ժամանակների ականավոր գիտնական, դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկայի բնագավառում մի շարք գիտական նոր ուղղությունների ստեղծող, մեխանիկայի հայկական գիտական դպրոցի հիմնադիրներից մեկի, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս՝ Սերգեյ Համբարձումյանի ծննդյան 100 տարին։
   Սերգեյ Ալեքսանդրի Համբարձումյանը ծնվել է Ալեքսանդրոպոլում (Գյումրի) 1922թ. մարտի 17–ին, իրավաբանի ընտանիքում։ 1942թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական մեխանիկայի ֆակուլտետը և նշանակվել դասախոսական աշխատանքի նույն ինստիտուտում։ 1945–46թթ. սովորել է ասպիրանտուրայում, իսկ 1946թ. նա արդեն գիտության թեկնածու էր։ 1952թ. Մոսկվայում՝ մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտում պաշտպանում է դոկտորական ատենախոսություն և նրան շնորհվում է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 1953–ին շնորհվում է պրոֆեսորի կոչում, 1956թ. ընտրվում է Հայաստանի ԳԱ թղթակից–անդամ, իսկ 1965թ.՝ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։ 1946–55թթ. ԳԱ կառուցվածքների ինստիտուտում աշխատանքային գործունեության ընթացքում զբաղեցրել է ավագ գիտաշխատողի, սեկտորի վարիչի, ինստիտուտի փոխտնօրենի գիտական պաշտոնները։

   Ս.Ա.Համբարձումյանի ամենաակտիվ մասնակցությամբ 1955թ. հիմնադրվում է ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտը, որի տնօրենն էր նա 1959–71թթ.։ Այդ և հետագա տարիներին  Ս.Ա.Համբարձումյանը գործադրեց մեծ ջանքեր Հայաստանում մաթեմատիկայի և մեխանիկայի զարգացման համար, որի ապացույցներից է 1971թ. երկու անկախ ինստիտուտների ստեղծումը։ 1971–77թթ. Ս.Ա. Համբարձումյանը ԳԱ մեխանիկայի ինստիտուտի տնօրենն էր։ Նրա ջանքերով ակադեմիայում ստեղծվում է ֆիզիկա–տեխնիկական և մեխանիկայի բաժանմունքը, որի ակադեմիկոս–քարտուղարն էր 1971–74 թվականներին։ 1974–77թթ. նա ակադեմիայի փոխպրեզիդենտն էր։ 1977–91թթ.՝ Հայաստանի մայր ԲՈՒՀ–ի՝ Երևանի պետական համալսարանի ռեկտորը։ 1971–2011թթ․նա գիտությունների ակադեմիայի նախագահության անդամ էր, 1991–2018թթ. գիտությունների ակադեմիայի նախագահության խորհրդատու էր, 1992թ.–ից՝ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի պատվավոր տնօրեն։

   Ս.Ա. Համբարձումյանի առաջին իսկ աշխատանքները գրավեցին համաշխարհային գիտական հասարակության ուշադրությունը՝ նախադրյալ հանդիսանալով այդ տարիներին նոր ձևավորվող մեխանիկայի հայկական դպրոցի միջազգային ճանաչման համար։ Ս.Ա. Համբարձումյանի կողմից կառուցվեց անիզոտրոպ շերտավոր սալերի և թաղանթների դասական տեսությունը, որը մեծ կիրառություն գտավ բարակապատ համակարգերի հաշվարկներում, մասնավորապես ավիացիոն տեխնիկայում, սուզանավերի և հրթիռների հաշվարկներում։

   Մոսկվայի “Նաուկա” հրատարակչության կողմից հրատարակված Ս.Ա. Համբարձումյանի “Անիզոտրոպ թաղանթների տեսություն” (1961թ.) և “Անիզոտրոպ սալերի տեսություն” (1967թ., 2–րդ հրատ. Մ, “Նաուկա” 1988թ.) մենագրությունները լայն տարածում գտան և հանդիսանում են սեղանի գրքեր նորագույն տեխնիկայի շատ նախագծային կազմակերպություններում և կոնստրուկտորա–տեխնոլոգիական բյուրոներում։ Նրանք թարգմանվեցին անգլերեն և հրատարակվեցին ԱՄՆ–ում 1964 և 1969 թվականներին, իսկ ճապոներեն՝ 1975թ.։Ս.Ա. Համբարձումյանի կողմից առաջարկվեցին սալերի և թաղանթների ճշգրտված տեսություններ, որոնք հնարավորություն ընձեռեցին հաշվարկելու ժամանակակից կոմպոզիցիոն նյութերից պատրաստված բարակապատ համակարգերը և խթան 

հանդիսացան տեսական խորը հետազոտությունների համար։ Այդ արդյունքները ամփոփված են նրա “Անիզոտրոպ թաղանթների ընդհանուր տեսություն” մեծածավալ մենագրությունում, հրատարակված “Նաւկա” հրատարակչության կողմից 1974թ. և թարգմանաբար հրատարակված ԱՄՆ–ում՝ 1991թ.։Համբարձումյան գիտնականին յուրահատուկ էր նորի սուր զգացողությունը, որը մեկ անգամ ևս դրսևորվեց բարակ մարմինների էլեկտրամագնիսաառաձգականությանը և ձգման ու սեղման տարբեր կոշտություններ ունեցող մարմինների

առաձգականության տեսությանը նվիրված աշխատություններում։ Նրա “Սալերի և թաղանթների մագնիսաառաձգականություն” (“Նաւկա”, 1977թ., համահեղինակներ Գ.Բաղդասարյան, Մ.Բելուբեկյան), “Տարամոդուլ առաձգականության տեսություն” (“Նաւկա”, 1982թ) մենագրություններն առաջինն էին և կանխորոշեցին այս ուղղությունների հետագա զարգացումը ողջ աշխարհում։ Հետաքրքիր արդյունքներ են ստացվել առաձգամածուցիկ մարմնի ոչ գծային տեսության վերաբերյալ։ Գիտական մի նոր ուղղությանն է նվիրված ևս մեկ հիմնարար մենագրություն՝ “Թաղանթների և սալերի միկրոպոլյար տեսություն”(ԳԱԱ, 1999թ.):

   Ս.Ա. Համբարձումյանի կողմից ստացված շատ արդյունքներ տեղ են գտել նորագույն տեխնիկայի համար հույժ կարևոր մի շարք տեղեկագրերում։Ս.Ա. Համբարձումյանի գիտական գործունեությունը ուղեկցվել է գիտական և մանկավարժական բարձրորակ կադրերի մի քանի սերունդների աճեցմամբ։ Նրա անմիջական ղեկավարությամբ պաշտպանվել են ավելի քան չորս տասնյակ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ, այդ թվում աշխարհի տարբեր երկրներից։ Նա 1943–46թթ. դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, իսկ 1948 թվականից՝ Երևանի պետական համալսարանում։ Լինելով ԵՊՀ ռեկտոր և ԳԱԱ փոխպրեզիդենտ, նա հատուկ ուշադրություն է դարձրել ոչ միայն բնական գիտությունների զարգացմանը, այլ նաև էապես նպաստել է հայագիտության զարգացմանը։ Նրա նախաձեռնությամբ առանձին մատենշարով լույս են ընծայվել դարերի ընթացքում ստեղծված հայ պատմագիտության և գրականության կոթողային գանձերը։Լինելով ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավոր և նախագահության անդամ, Համբարձումյան – քաղաքացին փայլատակեց իր հայրենասիրությամբ։ Որպես մեր ժողովրդի նորագույն պատմության փայլուն էջ, ընդմիշտ կմնա նրա հայտնի բանակռիվը Միխայիլ Գորբաչովի հետ։ Այն ոգևորեց և վստահություն ներշնչեց մեր ազգի զավակներին Արցախյան գոյամարտում։

   Ս.Ա. Համբարձումյանը աստղագիտության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս էր, միջազգային ճարտարագիտության ակադեմիայի պատվավոր անդամ, գիտության, կրթության, արդյունաբերության և արվեստի միջազգային ակադեմիայի (ԱՄՆ) իսկական անդամ, Հայաստանի փիլիսոփայության ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսատանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, Ռուսաստանի տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի նախագահության անդամ, Սլովակիայի ԳԱ մեխանիկների միության պատվավոր անդամ, Բրատիսլավայի համալսարանի պատվավոր դոկտոր, Պենսիուլի ինֆորմատիկայի, տեխնոլոգիայի և բիզնեսի ինստիտուտի (ԱՄՆ) պատվավոր պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության մեխանիկների միության հիմնադիրը և պատվավոր նախագահը, Հայաստանի ԳԱԱ Զեկույցներ ամսագրի խմբագիրը, գիտական և մասնագիտական մի շարք խորհուրդների անդամ։ Նա եղել է Լենինյան և Պետական մրցանակների կոմիտեի անդամ։
   Գիտության ականավոր գործիչ Ս.Համբարձումյանը պարգևատրվել է “Տիգրան Մեծ”, “Սուրբ Մեսրոպ” և “Սուրբ Սահակ” շքանշաններով, Լենինի, “Աշխատանքային կարմիր դրոշի”, Յան Կոմենսկու, “Հոկտեմբերյան հեղափոխության”, “Պատվո նշան”, ՌԴ և ՀՀ ժողովուրդների “Բարեկամություն”  շքանշաններով և մեդալներով։ Գիտելիքների պրոպագանդման գործում մեծ ավանդի համար նա պարգևատրվել է Ս.Վ.Վավիլովի անվան մեդալով, իսկ գիտության և կրթության ասպարեզներում ունեցած ակնառու ծառայությունների համար՝ Երևանի պետական համալսարանի մեդալով և միջազգային ճարտարագիտական ակադեմիայի “Մեծ արծաթե մեդալով և մրցանակով”, Մոնպելյեի համալսարանի “Ոսկե մեդալով”։ Նա Մոնպելյեի (1986թ.), Գյումրու (1997թ.) և Երևանի (2012թ.) պատվավոր քաղաքացի էր։

   Անգնահատելի է Ս.Ա. Համբարձումյանի թողած գիտական մեծ ժառանգությունը։ Ս.Ա. Համբարձումյանի ստեղծած գիտական ուղղություններն ու գաղափարները այսօր էլ շարունակում են հաջողությամբ զարգացնել նրա աշակերտներն ու համախոհները, որոնք երկար տարիներ կպահպանեն ականավոր գիտնականի, հիանալի մանկավարժի, փայլուն հռետորի ու վեհանձն մարդու պայծառ հիշատակը։