Scientific Results
07/03/2024
«Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

«Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտը գրանցվել և ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ Որոշումը կայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 18-րդ միջկառավարական նստաշրջանում, որը տեղի է ունեցել 2023թ․ դեկտեմբերի 4-9-ին՝ Բոտսվանայի Կասանե քաղաքում։ 

Հայտը նստաշրջանում ներկայացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ Հայտի փաթեթում առանցքային տեղ է գրավել հատուկ գրավոր ձևաչափը, որտեղ մանրամասնորեն ներկայացվում է արժեքի բնութագիրը։ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Աղասի Թադևոսյանն է հեղինակել նշված նյութը` հենվելով այս թեմայի շրջանակներում իրականացրած իր հետազոտությունների և հրատարակությունների վրա։ Այս թեմայով նա հեղինակել է «Դարբինը Հայոց ծիսակարգում» և «Գյումրի քաղաքի դարբնոցային մշակութային ժառանգությունը» մենագրությունները

և բազմաթիվ հոդվածներ։ «Ես իրականացրել եմ նաև ազգագրական հետազոտական աշխատանք հիմնախնդրի արդի վիճակի նկարագիրը և մանրամասները վեր հանելու նպատակով։  Այս հետազոտության գիտական արդյունքը եղել է Գյումրիի դարբնության ավանդույթի՝ որպես ոչ նյութական մշակութային արժեքի՝ միջազգային չափանիշներին համապատասխանող բնութագիրը ներկայացնող տեքստի կազմումը», - ասաց Աղասի Թադևոսյանը։ Տեքստում նկարագրված է եղել Գյումրի քաղաքի արհեստավորական համատեքստը և այն միջավայրը, որում պատմականորեն ձևավորվել ու զարգացել է քաղաքային դարբնության ավանդույթն ու երկաթի գեղարվեստական մշակման հմտությունը։ Ներկայացվել են քաղաքային դարբնության առանձնահատկությունները, արհեստի զարգացման և  

դինամիկ կերպով վերարտադրության գործում ժառանգականության դրսևորումների կարևորությունը և սերնդեսերունդ արհեստը փոխանցելու մշակութային համատեքստը։ «Ներկայացված աշխատանքի կարևոր գիտական արդյունքներից է նաև Գյումրի քաղաքի դարբնության ինքնատիպությունը ներկայացնող մշակութային նրբերանգների ներկայացումն ու վերլուծությունը։ Հետազոտության գիտական խնդիրներից է եղել ոչ միայն դարբնության ավանդույթի, այլև արդիականության պայմաններում դրա կենսունակության պատճառների ներկայացումը», - ասաց Աղասի Թադևոսյանը։ 

Նա նշեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում տվյալ արժեքի գրանցման վերաբերյալ տեղեկատվական վերլուծական բնույթի հոդված է ներկայացվել  Ռուսաստանի Դաշնության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի «Вестник комиссии Российской Федерации по делам ЮНЕСКО» ամսագրի հերթական համարում։ Հոդված հրատարակելու առաջարկ է ստացվել նաև հեղինակավոր Սմիթսոնյան ինստիտուտի կողմից (Smitsonian Institution, USA): Հոդվածը ներկայում գտնվում է պատրաստման փուլում։

Հետազոտական աշխատանքների իրականացմանը, որպես գլխավոր հետազոտողի օգնական, ներգրավված է եղել ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հայցորդ Արգամ Երանոսյանը, ով նաև իրականացրել է վիզուալ մարդաբանության հետ կապված լուսանկարչական աշխատանքների հիմնական մասը։ 

«Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտի պատրաստումը և դրա համար անհրաժեշտ հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍՆ-ի և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի» հատուկ պատվերի և այն վավերացնող մասնագիտական ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
07.03.2024թ.