Scientific Results
12/10/2023
ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները պարզել են, որ Գալակտիկայի հյուսիսային կիսագնդի մագնիսական դաշտն ուղղված է դեպի Արեգակը, իսկ հարավային կիսագնդինը՝ հակառակը

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողներն ուսումնասիրել են 180 բաբախիչների և մոտ 2000 արտագալակտիկ ռադիոաղբյուրների ֆարադեյի պտույտի տվյալները։ Պարզվել է, որ Գալակտիկայի հյուսիսային կիսագնդի մագնիսական դաշտն ուղղված է դեպի Արեգակը, իսկ հարավային կիսագնդինը՝ հակառակը: Ենթադրվում է, որ Աղեղնավորի թևը հիմնականում գտնվում է Գալակտիկայի հարթությունից վերև, իսկ այդ հարթությունից ներքև ընկած տիրույթի մագնիսական դաշտը հարավային կիսագնդի Հալոյի դաշտն է։

«Ներկայացված աշխատանքը կատարվել է դեռևս 1980-ական թվականներին Բյուրականի աստղադիտարանում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի կողմից առաջարկված «Մեր Գալակտիկայի և գալակտիկաների մեծամասշտաբ մագնիսական դաշտերի ուսումնասիրություն» ծրագրի շրջանակներում։ Մենք առաջարկել ենք «Մեր Գալակտիկայի մագնիսական դաշտի երկբաղադրիչ մոդելը», համաձայն որի՝ Գալակտիկայի պարուրաձև թևերի մագնիսական դաշտի հարթ բաղադրիչն ընդգրկված է Հալոյի մեծամասշտաբ մագնիսական դաշտի

ներսում: Ընդ որում, պարուրաձև թևերի մագնիսական դաշտերը տարածվում են թևերի ուղղությամբ, իսկ Հալոյի մագնիսական դաշտը տարածվում է Գալակտիկայի հարթությունից մի քանի կիլոպարսեկ վերև ու ներքև և ունի Գալակտիկայի դիֆերենցիալ պտույտի շնորհիվ դեֆորմացված դիպոլային կառուցվածք: Դրա շնորհիվ Հալոյի մագնիսական դաշտերը Գալակտիկայի հյուսիսային և հարավային կիսագնդերում ունեն իրար հակառակ ուղղություններ»,- պարզաբանեց գիտական խմբի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ռուբեն Անդրեասյանը։

Աշխատանքն ունի հիմնարար նշանակություն Գալակտիկայի մագնիսական դաշտի կառուցվածքի, նրա առաջացման և զարգացման պրոցեսների հասկացման տեսանկյունից:

Աշխատանքը զեկուցվել է 2022 թվականի սեպտեմբերի 19-23-ը Բյուրականի աստղադիտարանում կայացած «Space Sciences and Technologies» միջազգային գիտաժողովի ժամանակ: Ստացված արդյունքները ներկայացվել են Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում և Չինաստանում անցկացված միջազգային գիտաժողովներում։ Արդյունքներն ընդունվել են գիտական հանրության կողմից:

Աշխատանքում ընդգրկված են եղել Ռուբեն Անդրեասյանի ասպիրանտները:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
12․10․2023թ․