Scientific Results
04/10/2023
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում հետազոտվել է միաբյուրեղական թիթեղի տարբեր տեղամասերից դիֆրակցված ռենտգենյան ճառագայթների վարքը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում հետազոտվել է միաբյուրեղական թիթեղից դիֆրակցված ռենտգենյան ճառագայթների վարքը՝ փոխուղղահայաց ուղղություններով ձայնային ալիքների առկայությամբ։ 

Հետազոտություններն իրականացվել են առանց ակուստիկ ալիքների և ըստ հաստության, ըստ երկարության ու միաժամանակյա փոխուղղահայաց (օրթոգոնալ) ուղղություններով ակուստիկ ալիքների (ԱԱ) առկայության պայմաններում։ Ինչպես նշեց գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վահան Քոչարյանը, կատարված հետազոտությունների ընթացքում ստացված արդյունքները կարող են օգտագործվել ռենտգենյան և սինքրոտրոնային փնջերի բնութագրերի արդյունավետ ղեկավարման մեթոդների ու բարձր ճշգրտությամբ ռենտգենակուստիկական տարրերի մշակման համար, որոնք թույլ կտան իրականացնել ռենտգենյան փնջերի սպեկտրի, ինտեսիվության, ֆոկուսային հեռավորության և անկյունային դիրքի միաժամանակյա կառավարում՝ ապահովելով ժամանակային 0.1մկվ կարգի լուծողունակություն։ «Հետազոտության արդյունքները հետաքրքրություն են առաջացրել ՌԴ Կուրչատովյան ինստիտուտում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետազոտությունները շարունակելու և ռենտգենյան փնջերի պարամետրերի արագ կարգավորման սարք մշակելու վերաբերյալ սինքրոտրոնային կայաններից մեկում տեղադրելու նպատակով»,- ասաց Վահան Քոչարյանը։ 

   

Փորձի սխեման և հետազոտության արդյունքները

Հետազոտության արդյունքները տպագրվել են 2020 թվականին «Journal of Contemporary Physics (Armenian Academy of Sciences) և 2022 թվականին «JETP Letters» հեղինակավոր գիտական հանդեսներում:

Կատարված հետազոտությունների արդյունքները զեկուցվել և ակտիվորեն քննարկվել են Իտալիայի Միջուկային ֆիզիկայի ազգային ինստիտուտի «Ֆրասկատիի ազգային լաբորատորիաներ»-ի կողմից «Charged & Neutral Particles Channeling Phenomena», Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանի կողմից «Radiation from Relativistic Electrons in Periodic Structures», ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի կողմից «International Conference on Electron, Positron, Neutron and X–ray Scattering under External Influences» պարբերաբար կազմակերպվող միջազգային գիտաժողովներում և սեմինարներում։ 

Հետազոտական աշխատանքները ֆինանսավորվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի կողմից համատեղ գիտական հետազոտությունների «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ - ՀՀՌՀ - 2020» ծրագրի շրջանակներում։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
04․10․2023թ․