Scientific Results
10/05/2023
ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի հատակի մարմարներում հայտնաբերվել են հնագույն կենդանիների և բույսերի հետքեր

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում՝ հատակի, աստիճանների մարմարներում և մարմարացված կրաքարերում, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Հնէաբուսաբանության բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Իվան Գաբրիելյանը հայտնաբերել է հնագույն կենդանիների և բույսերի հետքեր։ 

Խոր Վիրապի տեղավայրի Գաղութային չորսճառագայթանի կորալներ

Խոր Վիրապի տեղավայրի Ջրիմուռներ

«Այդ ապարները՝ մարմարները, ըստ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի պալեոնտոլոգիայի և շերտագրության բաժնի վարիչ Արայիկ Գրիգորյանի, Պալեոզոյան դարաշրջանի են, իսկ մարմարացված կրաքարերը՝ ուշ մեզոզոյան: Դրանք ունեն օվկիանոսային ծագում, հատակային նստվածքների քարացուկներ են։ Դրանցում պահպանվում են բրածո օրգանիզմների հետքեր, որոնք մահացել են, ընկել ծովի կամ օվկիանոսի հատակը, ժամանակի ընթացքում տվյալ նստվածքի հետ քարացել են և դարձել մի ընդհանրություն։ Այնուհետև, միլիոնավոր տարիների ընթացքում, դարձել են ապարներ, և կենդանու կամ բույսի հետքը մնացել է ապարի մեջ, որն էլ կտրելիս և հղկելիս, հայտնվում է սալիկի մակերեսին», - ասաց Իվան Գաբրիելյանը։

Խոր Վիրապի տեղավայրի Չորսճառագայթանի միայնակ կորալներ

ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի առաջին հարկի հատակը և աստիճանները երեսպատված են Խոր Վիրապի մարմարի պալեոզոյան դարաշրջանի Քարածխի (359-350 միլիոն տարի առաջ) հասակի տեղավայրերից արդյունահանված սև գույնի սալիկներով: Երկրորդ հարկի հատակը երեսպատված է Իջևանի մարմարացված կրաքարերով, որոնք առաջացել են Մեզոթետիս օվկիանոսի Մեզոզոյան դարաշրջանի կավճի հասակի (մոտ 80 մլն տարի առաջ) հատակային կրաքարերից: «Երկրորդ հարկի հատակի մարմարացված կրաքարե սալիկներում պարունակվում են բելեմնիտների, ծովոզնիների, ծովաստղերի, երկփեղկանի ու փորոտանի փափկամարմինների, ծովաշուշանների և այլ օրգանիզմների դրոշմներ և քարացուկներ,- ասաց Իվան Գաբրիելյանը,- փորձելու ենք պարզել, թե ինչ մակերևույթ և կլիմայական պայմաններ են եղել այդ ժամանակ այս տարածքում, և օրգանիզմներն իրենց զարգացվածության որ մակարդակի վրա են եղել»։

 
Իջևանի տեղավայրի Ծովաշուշանի ոտիկի մի հատված

Նա նշեց, որ այսօր հնէակենդանաբանությունը կարող է կլիմայի փոփոխության վերաբերյալ շատ հարցերի պատասխանել։ «Հնէակենդանաբանությունը հավերժական ուղղություն է, ինչքան հետազոտենք, այդքան շատ բան կգտնենք։ Այն, ինչ գտնում ենք ընդերքում, պետք է պահպանել և հետազոտել», - ասաց Իվան Գաբրիելյանը։ 

Իջևանի տեղավայրի Բելեմնիտներ

Այս հետազոտության գաղափարը ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանինն է:

Լուսանկարներն արվել են Մոնիկա Երիցյանի, Վիկտորյա Բուռնազյանի, Արայիկ Գրիգորյանի և Իվան Գաբրիելյանի կողմից:

Իջևանի տեղավայրի Ծովոզնիների պատյաններ

Հետազոտական աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի հնէաբուսաբանության բաժնի վարիչ, կ.գ.դ. Իվան Գաբրիելյանի կողմից:

Աշխատանքների գիտական խորհրդատուն է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հնէաբանության և շերտագրության բաժնի վարիչ, ե-հ.գ.թ. Արայիկ Գրիգորյանը:
 
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
10.05.2023թ.