Scientific Results
14/04/2023
Կապտականաչ և դիատոմային ջրիմուռները՝ դոմինանտ Աղստև գետում. ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի գիտաշխատողների բացահայտումները

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի գիտաշխատողները հետազոտել են Աղստև գետի և նրա Գետիկ ու Հաղարծին վտակների կենսացենոզների հիմնական բաղադրիչները։ Արդյունքում բացահայտվել են Աղստև գետի և Գետիկ ու Հաղարծին վտակների համար միօրիկների (Ephemeroptera), գարունիկների (Plecoptera) և երկթևանիների (Diptera) նոր տեսակներ: Հայտնաբերված մակրոֆիտների ու զոոպլանկտոնային հանրույթի ներկայացուցիչները պատկանել են β-α-մեզոսապրոբ-պոլիսապրոբ ջրերին բնորոշ տեսակներին:

Հետազոտված ժամանակահատվածում Աղստև գետում դոմինանտ են եղել կապտականաչ և դիատոմային ջրիմուռները։ Իջևանից հետո հանդիպել է ջրիմուռների դինոֆիտային Dynobryon cylindricum հազվագյուտ տեսակը, որը բնորոշ է աղտոտված, բակտերիալ ֆլորայով հարուստ ջրերին և կարող է առաջացնել «ծաղկումներ»։ Դիլիջան և Իջևան քաղաքներից հետո հոսքաջրերի ազդեցության հետևանքով լայն տարածում են ստացել Oscillatoria և Anabaena ցեղերին պատկանող տեսակները։ 

«Գնահատվել է ուսումնասիրված գետերի ջրի որակը՝ ըստ IBE բիոթիկ ինդեքսի և Վ.Ռոմանենկոյի՝ մակերևութային ջրերի էկոլոգասանիտարական դասակարգման. Աղստև գետը բնակավայրերից հետո աղտոտվել է կոմունալ-կենցաղային հոսքաջրերով, որի մասին են վկայում կոլի-ինդեքսի բարձր արժեքները (12000-80000 ԳԱՄ/լ)։ Իջևանից հետո այդ արժեքները որոշակի նվազել են (16000-24000 ԳԱՄ/լ)։ Աղտոտումը հատկապես մեծացել է Դիլիջանից հետո: Համեմատաբար մաքուր են եղել Գետիկ և Հաղարծին վտակները»,- ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի գիտական ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր Բարդուխ Գաբրիելյանը:

Հետազոտությունն իրականացվել է «Հայաստանի հյուսիսային շրջանների հատուկ պահպանվող տարածքների և Սևանա լճի ավազանի ֆաունայի և հիդրոբիոնտների կենսաբազմազանության ուսումնասիրություն» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի կիրառական արդյունքն է խթանել կոյուղաջրերի մաքրման կայանի կառուցումը՝ Աղստև գետի էկոլոգիական վիճակի լավացման նպատակով:

Ուսումնասիրության արդյունքում Հայաստանի կենսաբանական հանդեսում տպագրվել է «Աղստև գետավազանի մակրոֆիտային համակեցության բնութագիրը» հոդվածը, հեղինակներ՝ Եփրեմյան Հ․.Վ.,  Կոբելյան Հ.Հ.,  Մկրտչյան Ժ.Հ.,  Մելքոնյան Հ․Ֆ․, Ղուկասյան Է․Խ․, Հակոբյան Ս․Հ․։

Նախապատրաստվում են հոդվածներ, որոնցում կամփոփվեն Աղստև գետի ուսումնասիրված համակեցությունների  վերաբերյալ ստացված տվյալները:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
14.04.2023թ.