Scientific Results
20/12/2022
ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում ստացվել են երկաթի նանոմասնիկներ, որոնք կարող են կիրառվել հիվանդներից քաղցկեղային էկզոսոմներ անջատելու համար

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում ստացվել են երկաթի նանոմասնիկներ, որոնք օժտված են մագնիսական հատկություններով և պերօքսիդազային ակտիվությամբ, ինչը թույլ է տալիս կիրառել դրանք կենսասենսորներում և իմունաֆերմենտային անալիզի տարբեր ձևաչափերում:

«Նանոմասնիկները ներկայում դիտարկվում են որպես արհեստական ֆերմենտների աղբյուրներ: Մասնավորապես, երկաթի նանոմասնիկները հեռանկարային են, քանի որ հնարավորություն են ստեղծում թանկարժեք և անկայուն բնական ֆերմենտը փոխարինել նանոմասնիկներով հատկապես իմունաֆերմենտային անալիզում: Բացի այդ, մագնիսական նանոմասնիկները կարող են կիրառվել տարբեր հետաքրքրություն ներկայացնող մոլեկուլների և բջիջների անջատման գործում տարբեր բարդ միջավայրերից: Դա, մասնավորապես, կարևոր է հիվանդներից քաղցկեղային էկզոսոմներ անջատելու համար հետագա իմունոթերապիայի համար»,- ասաց ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի բժշկական կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ, գիտական խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Վարդան Գասպարյանը: 

Գիտական խումբն իրականացրել է նաև սննդի անվտանգությանը վերաբերող հետազոտություններ և բուսական աղբյուրներից անջատել է հիստամինազ ֆերմենտը, որը կիրառվում է սննդում հիստամինի քանակը գնահատելու համար:

«Ներկայում սննդի անվտանգությունն առաջնային նշանակություն ունի, և այն մեթոդները, որոնք թույլ են տալիս արագորեն գնահատել սննդի որակը, շատ արդիական են: Մասնավորապես, հայտնի է, որ ձկնամթերքի և մսամթերքի որակի ցուցանիշը հիստամինի բացակայությունն է, որի արագ չափումը թույլ է տալիս որակապես գնահատել մսամթերքը: Այդ խնդիրների լուծման համար անջատվել է հիստամինազ ֆերմենտը, որն առանցքային է հիստամինի որոշման համար: Սննդի անվտանգության ոլորտում հնարավոր կլինի ստեղծել խելացի փաթեթներ, որոնց գունային փոփոխությունները թույլ կտան անզեն աչքով գնահատել մսամթերքի որակը»,- ասաց Վարդան Գասպարյանը: 

Գիտական խմբի մեկ այլ հետազոտության շրջանակում իրականացվել է տարբեր ֆունկցիոնալ խմբերի առկայությամբ ու բարձր քվանտային ելքով և ֆլուորեսցենցիայի լայն տիրույթով օժտված կարբոնային կետերի սինթեզ: «Կարբոնատային կետերը հեռանկարային միացություններ են ինչպես դեղամիջոցների թիրախային առաքման, այնպես էլ ներօրգանային պրոցեսների վիզուալիզացիայի համար: Ի տարբերություն այլ միացությունների, դրանք քիչ տոքսիկ են և չեն առաջացնում տարաբնույթ կողմնակի ազդեցություններ: Այս խնդիրների լուծումը թույլ կտա իրականացնել տարբեր կենսաանալիզներ նոր մակարդակի վրա, ինչպես նաև ուսումնասիրել ներօրգանիզմային երևույթները տարբեր ախտաբանական պրոցեսների ժամանակ»,- ասաց Վարդան Գասպարյանը:

Հետազոտություններին մասնակցել են ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի Բժշկական կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի երիտասարդ գիտաշխատողները:

Հետազոտություններն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի բազային ֆինանսավորման շրջանակներում:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
20.12.2022թ.