Scientific Results
23/11/2021
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը մշակում է Երկրի հեռազննման տվյալների և վեբ-ԱՏՀ գործիքների կիրառության նոր մոդելներ

   ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գեոինֆորմատիկայի լաբորատորիան մշակում է Երկրի հեռազննման տվյալների և  վեբ-ԱՏՀ (աշխարհագրական տեղեկատվական համակարգեր) գործիքների՝ մի շարք ոլորտներում կիրառության նոր մոդելներ:
   Երկրի հեռազննման տվյալների և  վեբ-ԱՏՀ գործիքների հիման վրա մշակվել է մակերևութային ջրային ռեսուրսների որակական և քանակական փոփոխությունների գնահատման մոդել, ջրհավաք ավազանում ձյան շերտի և ջրային օբյեկտների լցվածության միջև կապի ուսումնասիրության մոդել, կազմվել է անտառային հրդեհների վտանգի գնահատման և բռնկման կանխատեսման համակարգի հայեցակարգային առաջարկ:

   «Վերջին տարիներին լաբորատորիայի հետազոտական հիմնական ուղղությունն է Երկրի հեռազննման տվյալների և վեբ-ԱՏՀ գործիքների կիրառությունները ջրային ռեսուրսների քանակական ու որակական ցուցանիշների և դրանց փոփոխությունների գնահատման, բնական աղետների վտանգի և ռիսկի գնահատման և քարտեզագրման, կլիմայական փոփոխությունների վերլուծության համար։ Մշակվել են տարբեր հայեցակարգային բազմագործոն մոդելներ, որոնք թույլ են տալիս գնահատել ջրհավաք ավազանում ձյան շերտի բարձրության և ջրային օբյեկտների լցվածության միջև կապերը, հաշվարկել գետի կամայական կտրվածքում առավելագույն, նվազագույն և միջին հոսքի ծավալը, գնահատել և կանխատեսել սողանքների ակտիվացման, քարաթափումների, անտառային հրդեհների բռնկման և հեղեղումների վտանգները։ Բազմագործոն ասելով հասկանում ենք, որ դիտարկվում են բնական երևույթը կամ պրոցեսը ձևավորող և դրա վրա ազդող տարատեսակ պարամետրեր՝  ռելիեֆ, երկրաբանություն, կլիմայական պարամետրեր, մակերևութային և ստորերկրյա ջրեր, հողատեսքեր և հողօգտագործում, մարդածին ազդեցություններ և այլն։ Այսպիսի բազմագործոն վերլուծությունները հնարավոր են դառնում արբանյակային պատկերների,  հիդրոօդերևութաբանական վերգետնյա մոնիթորինգի, դաշտային ուսումնասիրությունների տվյալների միջև կապերի հաստատմամբ և ԱՏՀ վերլուծական մոդելների նախագծմամբ ու կիրառմամբ», - բացատրում է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գեոինֆորմատիկայի լաբորատորիայի տնօրեն Ալեքսանդր Առաքելյանը։

   Գեոինֆորմատիկայի լաբորատորիայում՝ Գերմանիայի Հելմհոլցի բնապահպանական հետազոտությունների կենտրոնի ու Դարմշտադտի տեխնիկական համալսարանի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ/USAID ASPIRED) ծրագրի հետ համագործակցությամբ, կատարվել է նաև Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի ձևավորման հասակի և ծագման վերլուծություն։ Նոր հետազոտական մեթոդներով ստացված տվյալները վկայում են, որ Արարատյան ավազանի ստորերկրյա ջրերը ունեն խոցելիության բարձր մակարդակ մարդածին ազդեցությունների և կլիմայական փոփոխությունների նկատմամբ։ «Կիսաանապատային պայմաններում արտեզյան ավազանի ջրերի տարիներ շարունակ անխնա գերօգտագործումը, հատկապես ձկնաբուծական նպատակներով, հանգեցրել է ավազանում անշրջելի փոփոխությունների, ինչի արդյունքում բարձրարժեք ստորերկրյա ջրային պաշարների քանակական և որակական ցուցանիշների բարելավման համար կպահանջվեն տասնամյակներ։ Արարատյան ավազանի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումների ձեռնարկումն ունի կենսական նշանակություն ամբողջ հանրապետության ջրային անվտանգության տեսակետից», - նշում է Ալեքսանդր Առաքելյանը։

   Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գեոինֆորմատիկայի լաբորատորիայի աշխատակիցների՝ ջրային ռեսուրսների կառավարման, աղետների ռիսկի գնահատման և վաղ ազդարարման համակարգերի մշակման ուղղություններով տարբեր տարիներին կատարված աշխատանքների արդյունքները ներդրվել են կիրառության ՀՀ շրջակա միջավայրի և արտակարգ իրավիճակների նախարարություններում։  
   Նշված գիտական արդյունքները ստացվել են ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի բազային ֆինանսավորման ծրագրի շրջանակներում և ՄԱԶԾ-ի, Համաշխարային բանկի, Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության, Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության, Եվրամիության և այլ դոնորների կողմից:
   Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի ձևավորման հասակի և ծագման վերլուծությանը նվիրված հոդվածն այս տարի հրատարակվել է Գեոինֆորմատիկայի լաբորատորիայի, ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ (USAID ASPIRED) ծրագրի և Հելմհոլցի բնապահպանական հետազոտությունների կենտրոնի ու Դարմշտադտի տեխնիկական համալսարանի հետ համագործակցության արդյունքում միջազգային «Hydrogeology Journal» ամսագրում (ազդեցության գործակից/Impact factor = 3.178): Աղետների ռիսկի գնահատման և քարտեզագրման ուղղությամբ մշակումները և ձեռքբերումները ներկայացվել են «Natural Hazards» պարբերականում (ազդեցության գործակից/Impact factor = 2.254)  լույս տեսած «Toward a disaster risk assessment and mapping in the virtual geographic environment of Armenia» հոդվածում։

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   23.11.2021թ.