Scientific Results
14/07/2026
Վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն՝ Heritage Science ամսագրում

«Nature Partner Journals – Heritage Science» ամսագրում լույս է տեսել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահագն Գուրզադյանի (Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա, Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոն) և պատմական գիտությունների դոկտոր Արսեն Բոբոխյանի (Հնագիտության և ազգագրության ինստիտուտ) ''Vishap epoch unitary society in Armenian Highlands, c. 4000 BC: data analysis cosequences'' («Վիշապների դարաշրջանի ունիտար հասարակությունը Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. մոտ 4000 թվական. տվյալների վերլուծության հետևությունները») հոդվածը https://doi.org/10.1038/s40494-026-02603-7:

Այն 2025թ. հեղինակների կողմից նույն ամսագրում լույս տեսած ''Vishap stelae as cult dedicated prehistoric monuments of Armenian Highlands: data analysis and interpretation'' («Վիշապ քարակոթողները՝ որպես Հայկական լեռնաշխարհի նախապատմական պաշտամունքային հուշարձաններ. տվյալների վերլուծություն և մեկնաբանություն https://www.nature.com/articles/s40494-025-01998-z) ու լայն տարածում ստացած հոդվածի շարունակությունն է, լրացուցիչ վիճակագրական վերլուծությամբ և ավելի լայն՝ դարաշրջանի հասարակական համատեքստում: 

Առաջին հոդվածում հեղինակները վիշապաքարերի տվյալների վիճակագրական վերլուծությամբ ցույց էին տվել, որ դրանք սերտորեն կապված են եղել մեծ ռեսուրսներ պահանջող, սակայն ոչ ուտիլիտար՝ պաշտամունքային երևույթի, այն է ջրի պաշտամունքի հետ, քանի որ առնչված են եղել բարձրլեռնային աղբյուրների, նախապատմական ոռոգման համակարգերի հետ:

Նոր հոդվածում հեղինակները ցույց են տալիս, որ վիշապների դարաշրջանը (Vishap epoch) Հայկական բարձրավանդակում բնորոշվել է ունիտար՝ կազմակերպված հասարակությամբ, որն ի վիճակի է եղել  ապահովել վերոնշյալ՝ մեծ ռեսուրսներ պահանջող ջրի պաշտամունքի իրականացումը և լեռնային ընդարձակ ոռոգման համակարգերի շահագործումը։ Սա է այն թանկարժեք ուղերձը, որ հազարամյակների միջով մեզ են փոխանցում վիշապաքարերը՝ այդ լուռ մոնումենտալ հուշարձանները։

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ