Scientific Results
08/07/2025
ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում պարզել են ացետիլենի և ջրածնի, հիդրօքսիլ խմբի ու մետաղի միջև մի քանի տարբեր փոխանակման երևույթների հնարավորությունը

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում քվանտաքիմիական հաշվարկներով ցույց է տրվել ացետիլենի և ջրածնի, հիդրօքսիլ խմբի ու մետաղի միջև մի քանի տարբեր փոխանակման երևույթների հնարավորությունը։ 

«Ացետիլենն իր ակտիվության շնորհիվ կիրառվում է բազմաթիվ նյութերի ստացման համար թե՛ գիտության, թե՛ արտադրության մեջ։ Չնայած բազմաթիվ հետազոտությունների՝ ացետիլենի ռեակտիվության մեխանիզմները տարբեր փորձարարական պայմաններում այդքան էլ պարզ չեն։ Մենք ուսումնասիրել ենք ացետիլենի և նրա դեյտերացված տարբերակների վարքը  գերհիմնային միջավայրերում միջուկային մագնիսական ռեզոնանսի (ՄՄՌ) սպեկտոսկոպիայի միջոցով: Դիտվել է ացետիլնեի համար նոր երևույթ ՄՄՌ սպեկտրերում՝ համապատասխան ազդանշանների անհայտացում և միաձուլում»,- ասում է գիտական խմբի ղեկավար քիմիական գիտությունների թեկնածու Աստղիկ Շախաթունին: Ըստ նրա՝ հաշվարկային մեթոդներով ցույց են տրվել ացետիլենի մի քանի հնարավոր փոխանակման պրոցեսներ ջրածնի կամ դեյտերիումի մասնակցությամբ։  «Այս հետազոտությունները թույլ են տալիս պարզաբանել ացետիլենի միացման ռեակցիաների մեխանիզմը։ Այն կարող է լույս սփռել գերհիմնային պայմաններում ացետիլենի ռեակտիվության պատճառների վրա»,- ասում է Շախաթունին: 

Հետազոտությունը տպագրվել է Journal of Molecular Liquids գիտական հանդեսում: (Shahkhatuni A.G., Harutyunyan A.S., Shahkhatuni A.A., Kostyukovich A.S., Ananikov V.P., The influence of superbasic conditions and solvent effects on NMR spectra and structural parameters of acetylene in solution, J. Mol. Liq., 2023, 385, 122381, https://doi.org/10.1016/j.molliq.2023.122381)։ Ներկայացվել է բանավոր զեկույցի տեսքով միջազգային գիտաժողովում (Shahkhatuni A. A., Harutyunyan, A. S., Shahkhatuni A. G., Ananikov V. P., Mechanistic NMR Study of Reactivity of Ketones and Acetylene in Ionic Liquids and Superbasic Conditions. New Emerging Trends in Chemistry Conference. Yerevan, Armenia, 24-28 September 2023, Program_A5_3.pdf - Google Drive) և արժանացել է ուշադրության։

Հետազոտությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից տրամադրված կին գիտնականների առաջխաղացման 20TTWS-1D049 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։ Նախագծի խորհրդատուն է Ռուսաստանի Զելինսկու անվան Օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ ՌԳԱ ակադեմիկոս Վալենտին Անանիկովը։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
08.07.2025թ.