Scientific Results
13/03/2024
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը գործարկել է հարթակ, որում ներկայացվում է Արցախի մշակութային ժառանգությունը

«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (MONUMENT WATCH) ծրագիրը նախաձեռնել են Համլետ Պետրոսյանը (Երևանի պետական համալսարան) և Աննա Լեյլոյան-Եկմալյանը (Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտ, INALCO, Փարիզ): Խմբի մեջ ներգրավված են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի մշակութային ժառանգության գիտահետազոտական խմբի և ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի դասախոսներ, ինչպես նաև այլ գիտահետազոտական ինստիտուտների հնագետներ, ճարտարապետներ, մշակութաբաններ, հայագետներ, մեդիա և ինտերնետ մասնագետներ, թարգմանիչներ: Այն աշխարհին է ներկայացնում Արցախի մշակութային ժառանգությունը, հետևում դրա արդի վիճակին, արձագանքում ադրբեջանական վանդալիզմի դեպքերին։ Տվյալների հավաքմամբ և մշակմամբ զբաղվում է ինստիտուտում ստեղծված «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» խումբը և «Մոնումենտ վոթչ» թիմը։

Հարթակի հիմնական նպատակն Ադրբեջանին անցած Արցախի անշարժ մշակութային ժառանգության, թանգարանների, մշակութային օջախների քարտեզագրումը և գույքագրումն է՝ վիճակը մինչև պատերազմը, ընթացիկ վիճակին հետևելը և փոփոխությունների վավերացումը (ավերում, ձևափոխում, վերօգտագործում, քանդակների, պատկերների, արձանագրությունների ջնջում ու փոփոխում, նոր սիմվոլների կիրառում և այլն), և այդ ամենը միջազգային գիտական ու մշակութապահպան հանրությանը ներկայացնելը:

«Հարթակը հատուկ ձևաչափով մշակված գիտական հոդվածների տեսքով ներկայացնում է Արցախի մշակութային ժառանգությունը՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը՝ հնավայրերը, հուշարձանները, կոթողները, քաղաքացիական կառույցները, թանգարանները, հավաքածուները, առանձին մանրամասները։ Ահազանգերի բաժնի հոդվածները ներկայացնում են Ադրբեջանի բռնայուրացման քաղաքականությունը և կոնկրետ դեպքերը, գնահատում դրանք միջազգային մշակութապահպան կոնվենցիաների լույսի ներքո», - ասաց գիտական խմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։

Նա նշեց, որ բացի հարթակից «Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրություն» խմբի և «Մոնումենտ վոթչ» թիմի հետազոտությունները տպագրվել են միջազգային ճանաչում գտած հանդեսներում և ձեռնարկներում (Electrum, Patrimoines, Gruyter, Brill):

«Մշակութային ժառանգության հետազոտության, ահազանգման և պահպանության ասպարեզում թիմի հետազոտական աշխատանքը հիմնվում է միջազգային կոնվենցիաների, տեսական ու մեթոդաբանական մոտեցումների և պրակտիկաների վրա: Դրանք հայաստանյան իրականության մեջ նորարարական են, հավասարակշռված և անկողմնակալ, ինչն էլ պայմանավորում է արդյունքների օգտագործելիության բարձր մակարդակը: Թիմը համապատասխան տեսական, գործնական և տեղեկատվական աջակցություն է ցուցաբերում ՀՀ անվտանգության խորհրդին, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, ՀՀ Առաքելական եկեղեցուն», - ասաց պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։ Ըստ նրա՝ միջազգային և հայաստանյան մշակութապահպան կառույցները, լրատվամիջոցները հաճախ են օգտագործում «Մոնումենտ վոթչի» նյութերը որպես չեզոք գիտական արդյունք և իրավիճակների անկողմնակալ փաստագրում: «Արդյունքները ներկայացվել են Եվրախորհուրդ, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն: Թիմը համագործակցում է ասպարեզի մի շարք կազմակերպությունների և խմբերի՝ Caucasus Heritage Watch-ի, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի, Save Armenian Monuments-ի հետ», - ասաց պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը: 

Հարթակի ստեղծմանն աջակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Ֆորդի հիմնադրամը, Գյուլբենկյան հիմնադրամը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը, անհատ հովանավորներ:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
13.03.2024թ.