Young Scientist Tribune
Սարգիս Գավալաջյան

«Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման» մրցույթի շահառու

Հայ-Ռուսական համալսարանի և ՀՀ ԳԱԱ Ա․ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Սարգիս Գավալաջյանը ճանաչվել է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում անցկացվող «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման» մրցույթի շահառու։ 

Երիտասարդ գիտնականը շահառու է ճանաչվել «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ամսագրերի դասակարգման ավելի բարձր քառորդում առաջին անգամ գիտական հոդվածի տպագրության համար։ Ներկայացրել է «Optical Properties of Conical Quantum Dot: Exciton-Related Raman Scattering, Interband Absorption and Photoluminescence» գիտական հոդվածը, որը տպագրված է «Nanomaterials» ամսագրում։ Համահեղինակներն են Գրիգոր Մանթաշյանը, Գոռ Խառատյանը, Հայկ Սարկիսյանը, Պայծառ Մանթաշյանը, Դավիթ Հայրապետյանը և Հունաստանի Պատրասի համալսարանի պրոֆեսոր Բասկուտաս Սոտիրիոսը։ 

Սարգիս Գավալաջյանը նշեց, որ գիտական հոդվածի հիմքում իր դիպլոմային աշխատանքն է՝ «Կոնաձև քվանտային կետի օպտիկական հատկությունները՝ էքսիտոնիկ Ռամանի ցրում, միջգոտիական կլանում և ֆոտոլյումինեսցենտություն» թեմայով։ «Աշխատանքի նպատակն էր ցույց տալ, թե ինչքան արդյունավետ կարելի է օգտագործել կիսահաղորդչային կոնաձև քվանտային կետերը որպես լույսի աղբյուր»,- ասաց նա։ Ըստ հեղինակի՝ ստացված արդյունքները թույլ են տալիս ավելի լավ հասկանալ կոնաձև քվանտային կետերի օպտիկական հատկությունները և կարող են օգտակար լինել նոր ֆոտոնային սարքերի նախագծման համար: «Դրանք կարող են օգտագործվել քվանտային կետերի չափը և կազմը նախագծելու համար՝ հասնելու հատուկ օպտիկական հատկությունների, ինչպիսիք են ճառագայթային նեղ լայնությունները կամ բարձր ֆոտոլյումինեսցենտային քվանտային ելքերը: Այս հատկությունները կարևոր են բարձր արդյունավետությամբ ֆոտոնային սարքերի նախագծման համար, ինչպիսիք են լազերները, էկրանները և սենսորները: Մեկ այլ դեպքում, քվանտային կետերի ժապավենային կառուցվածքը նախագծելով, հնարավոր է ուժեղացնել լույսի կլանումը և լիցքի տարանջատումն արևային բջիջներում», - ներկայացրեց Սարգիս Գավալաջյանը:

Ներկայում Սարգիսը սովորում է Հայ-Ռուսական համալսարանի Էլեկտրոնիկա և նանոէլեկտրոնիկա բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսում։ Իր մասնագիտության ընտրության մասին նա ասում է․ «Թվերի հետ աշխատելու և մեզ շրջապատող երևույթների բացատրությունները փնտրելու համար ֆիզիկան կատարյալ է։ Ֆիզիկան արվեստ է։ Ֆիզիկայով զբաղվելու համար անհրաժեշտ է դուրս գալ ստանդարտ մտածելակերպի կաղապարներից»։

Սարգիս Գավալաջյանը ներգրավված է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2023»-ում, Երվանդ Թերզյանի անվան Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) դրամաշնորհային ծրագրում և ԵՄ «H2020 NanoQIQO» ծրագրում: Ուսումնասիրում է կիսահաղորդչային քվանտային նանոկառուցվածքները՝ որպես նոր սերնդի օպտոէլեկտրոնային սարքավորուﬓերի տարրային հենք։ Նա նաև զբաղվում է գիտական դպրոցների, սեմինարների և գիտաժողովների կազմակերպմամբ։ Համագործակցում է միջազգային ուսանողական կազմակերպությունների հետ, ինչպիսիք են SPIE-ն և OPTICA-ն։

Իր գիտական գործունեության ամենատպավորիչ իրադարձություններից նա համարում է կանադացի օպտիկական ֆիզիկոս Դոննա Սթրիքլենդի հետ հանդիպումը, ով ֆրանսիացի ֆիզիկոս Ջերարդ Մոուրուի հետ 2018 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ՝ ակտիվացած իմպուլսների ուժգնացումը հայտնագործելու համար։ «2022թ Հայաստանում հնարավորություն ունեցա լսել նրա դասախոսությունները՝ կապված իր հետազոտություների հետ, և ծանոթանալ Նոբելյան մրցանակ ստանալու իր անցած ուղուն», - ասաց Սարգիս Գավալաջյանը։ Կարևորում է գիտական նախաձեռնությունների գործունեությունը․ «Օրինակ՝ «Գիտուժը», լավ հարթակ է Հայաստանում գիտությունը հանրահռչակելու և գիտնականներին խրախուսելու համար»։ 

Սարգիս Գավալաջյանն առհասարակ անհաջողությունները համարում է ավելիին հասնելու մոտիվացիա․ «Պետք է միշտ սխալներից դասեր քաղելով՝ առաջ գնալ։ ժամանակակից գիտնականը պետք է լինի հետաքրքրասեր, ստեղծագործ և հարմարվողական՝ ունենալով ուժեղ քննադատական մտածողություն և հաղորդակցման հմտություններ»։ Սարգիս Գավալաջյանի գիտական երազանքն է արժանանալ Նոբելյան մրցանակի։ 

Մաղթում ենք նրան հաջողություն։

Մոնիկա Երիցյան