ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Զադիգ Մկրտիչ Մուրադյան
Ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր
COVID-19
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Արա Դարզի

    ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պրոֆեսոր Սըր Արա Վարդկեսի Դարզին (Թերզյան) ծնվել է 1960թ. մայիսի 7-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում: Նրա հայրը` Վարդկես Դարզին, 1915թ. ցեղասպանությունից մազապուրծ հասել էր Իրաք: Հայրը մասնագիտությամբ ինժեներ էր, ով հետագայում կրթություն էր ստացել Բերկլիի համալսարանում:

    Մանկության մեծ մասն Արա Դարզին անց է կացրել Իռլանդիայում` Դուբլինում, որտեղ հաստատվել էր Թերզյանների ընտանիքը: Եվ հենց Դուբլինում էլ «Թերզյան» ազգանունը իռլանդացիների թեթև ձեռքով վերափոխվեց «Դարզիի»:
Վարդկես Դարզին իր հուշերում գրում է. «Մեր ընտանիքն իսկական հայկական ընտանիք է, շատ համերաշխ ու համախմբված, և ես իմ որդուն դաստիարակել եմ հայկական ոգով»: 

    Նախնական կրթությունը Դուբլինում ստանալուց հետո, Արա Դարզին հստակ գիտակցեց իր մասնագիտական ուղղությունը. դա բժշկությունն էր, հակառակ հոր ցանկության, որը երազում էր, որ որդին կգնա իր հետքերով:

    Արա Դարզին ստացել է բժշկական փայլուն կրթություն: Ստացել է Դուբլինի բժշկական համալսարանի վիրաբուժության ֆակուլտետի, Մեծ Բրիտանիայի Վիրաբուժության արքայական համալսարանի, Վիրաբուժության ամերիկյան համալսարանի, Գլազգոյի վիրաբուժության և բժշկագիտության արքայական համալսարանի, Էդինբուրգի վիրաբուժության համալսարանի, Լոնդոնի բժշկագիտության ակադեմիայի, Արքայական տեխնոլոգիաների ակադեմիայի դիպլոմներ:

    Արա Դարզին փայլեց ոչ միայն բժշկագիտության, այլ նաև ինժեներիայի ոլորտում՝ փաստորեն արդարացնելով հոր երազանքները ևս: Դարզիի գլխավորությամբ բրիտանացի մասնագետները ստեղծեցին i-Snake (ես-օձ եմ) սարքը: Այդ ռոբոտ-գործիքը երկար խողովակ է, որի մեջ տեղակայված է միկրոշարժիչ, տվիչ և տեսադիտման սարք:

    Դարզիի և նրա գործընկերների հաջորդ մշակումը կոչվեց «Դա Վինչի». այն բժշկական ռոբոտ է, որն անհրաժեշտ է այնպիսի վիրահատությունների ժամանակ, որտեղ պահանջվում է սկալպելով (հերձադանակ) աշխատելու առավելագույն ճշգրտություն, օրինակ՝ սրտի վիրահատության ժամանակ: «Դա Վինչի»-ին վիճակված էր հայտնի դառնալ ամբողջ աշխարհով մեկ. դրա մասին տեղեկությունը ներառվեց անգամ հանրահայտ Ջեյմս Բոնդի «Մեռնել, բայց ո՛չ այսօր» ֆիլմում: Սցենարի համաձայն՝ մեքենան սկանավորում է 007 գործակալի մարմինը և նմուշ վերցնում նրա արյունից: Այդ առիթով Արա Դարզին իր հարցազրույցներից մեկում ասել է. «Թե՛ վիրաբույժի, և թե՛ գործակալի համար կարևոր է սառնասրտությունը և ճշտությունը, դրանով է պայմանավորված, որ երկուսն էլ օգտագործում են լավագույն տեխնոլոգիաները… Անկեղծ ասած, նախկինում իմ մտքով անգամ չէր անցնի, որ բաժինը, որը ես գլխավորում եմ, կմասնակցի ֆիլմի նկարահանմանը»:

    Դարզիի հաջորդ գաղափարը, որը բժիշկների մոտ տարակարծություն առաջացրեց, «սև արկղն» էր: Նա առաջարկում էր հիվանդանոցները համալրել այնպիսի սարքերով, որոնք հիշեցնում են ինքնաթիռներում ձայնագրող «սև արկղերը»: Արա Դարզին նախագծեց այնպիսի «սև արկղ», որն արձանագրում է վիրահատարանում կատարվող յուրաքանչյուր գործողություն: Էլեկտրամագնիսական և գերձայնային սենսորները հարմարեցված են վիրաբույժի ձեռքերին, որոնք հստակ արձանագրում են նրա յուրաքանչյուր գործողություն: Դարզիի կարծիքով, նման սարքավորումն առավել անվտանգ կդարձնի վիրահատությունը: Միևնույն ժամանակ, վիրահատության ընթացքում առաջացած բարդությունների դեպքում հնարավոր կլինի հեշտությամբ պարզել` դա եղել է բժշկի անփութությա՞ն պատճառով, թե՞ մարդու օրգանիզմն ի վիճակի չի եղել դիմադրել: Իհարկե, Դարզիի նոր գաղափարը բժիշկներին բաժանեց երկու խմբի. ոմանք գտնում էին, որ բժիշկը վիրահատարանում առանց այն էլ բավական լարված վիճակում է, և սև արկղի գաղափարը հավելյալ լարվածություն կառաջացնի: Այդ տեսակետը, բնականաբար, չի կիսում Դարզին` մատնանշելով այն փաստը, որ ավիացիայի «սև արկղերն» այդպես էլ հավելյալ սթրեսային գործոն չդարձան օդաչուների համար, թեև սկզբում նման վախեր ևս առկա էին:

    Բժշկագիտության ոլորտում մեծ ներդրումների համար 2001թ. փետրվարին Արա Դարզին արժանացավ Մեծ Բրիտանիայի թագուհու՝ Եղիսաբեթ II  հոբելյանական պարգևին, իսկ 2003թ.-ին ստացավ Բրիտանիայի քաղաքացիություն: Լոնդոնում Արա Դարզիի բժշկագիտական գործունեությունը հաջող էր ընթանում: Դարզին Միդդպլեկս կոմսության Կենտրոնական հիվանդանոցի առաջատար վիրաբույժներից մեկն էր, միևնույն ժամանակ, գլխավորում էր Լոնդոնի Արքայական քոլեջի Բժշկագիտության ֆակուլտետի Վիրաբուժության ուռուցքաբանության /օնկոլոգիա/ բաժինը: Այնուհետև Արա Դարզին ստանձնեց Մեծ Բրիտանիայի կառավարությունում առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը:

    2007թ. հունիսին Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի հրամանով Միացյալ Թագավորության ամենահայտնի վիրաբույժ, 47-ամյա պրոֆեսոր Արա Դարզին (Թերզյանը) նշանակվեց առողջապահության նախարար: Դարզին Մեծ Բրիտանիայի ողջ պատմության մեջ եղավ առաջին հայազգի նախարարը:
Նախարար դառնալով՝ Արա Դարզին չդադարեցրեց վիրաբույժի իր գործունեությունը: Որպես նախարար՝ նա աշխատում էր ընդամենը չորս օր` երկուշաբթիից մինչ հինգշաբթի, և վարձատրվում էր հենց այդ օրերի համար. ուրբաթ օրը վիրահատությունների օրն էր, որոնք նա անում էր հասարակական հիմունքներով` չվարձատրվելով դրանց համար: Կիրակի օրը Դարզին այցելում էր իր հիվանդներին: Միակ հանգստյան օրը շաբաթ օրն էր, որը նա անց էր կացնում ընտանիքի հետ, կնոջ` Վենդիի և երեխաների` Ֆրեդի ու Նինայի հետ:
Արա Դարզին իր առանձնահատուկ տեղն ունի համաշխարհային առողջապահության ոլորտում. նա առողջապահական նորագույն տեխնոլոգիաների յուրացման կենտրոնի նախագահն է, առողջապահության արդյունաբերության նպատակային խմբի, Եվրոպայի միացյալ առողջապահական խորհրդի հանձնաժողովի, Միջազգային վիրաբուժական խմբի, Բժշկագիտության ակադեմիայի, 2006թ.-ից` Արքայական ինժեներական ակադեմիայի պատվավոր անդամ:
Նրա վաստակն ըստ արժանավույն է գնահատվել Մեծ Բրիտանիայում: Նա արժանացել է բազմաթիվ պարգևների, որոնցից պետք է նշել հետևյալները.

  • 2002թ. դեկտեմբերին` Բարձր ասպետական մրցանակ՝ Մեծ Բրիտանիային մատուցած ծառայությունների համար, 
  • 2004թ. Համդանի մրցանակ,
  • 2006թ. Ավստրիայում տեղի ունեցած համաշխարհային մրցույթում Արտադրանքի գաղափարի հաղթող (I2P)
  • 2016թ. հունվարին ստացել է Հանուն արժանիքների պարգևը:

    Նա բժշկագիտության ոլորտին նվիրված տասնյակ հոդվածների և ութ գրքի համահեղինակ է:

    Հատկանշական է, որ Արա Դարզին չի պատրաստվում մոռանալ իր արմատների մասին. նա Մեծ Բրիտանիայի կառավարության միակ նախարարն էր, ով համարձակորեն խոսում էր Ցեղասպանության մասին: Մի քանի տարի առաջ, հարցազրույցներից մեկում Արա Դարզին նշել էր. «Ես կցանկանայի այցելել Հայաստան: Եվ չնայած ես դեռ այդ հնարավորությունը չեմ ունեցել, ես հույս ունեմ, որ մոտ ապագայում ինձ դա կհաջողվի անել: Ես ցանկանում եմ վերադառնալ արմատներիս: Ես աշխատել եմ շատ երկրներում, իսկ ինչո՞ւ չաշխատեմ նաև Հայաստանում: Ես կարող եմ գնալ այնտեղ՝ որպես կամավոր և կիսվել իմ փորձով տեղի բժիշկների հետ: Ինձ պարզապես անհրաժեշտ է իրական հնարավորություն»: Այդպիսի հնարավորություն շուտով ընձեռնվեց: 2004թ. հոկտեմբերին նա առաջին անգամ այցելեց իր պատմական հայրենիք: Մալաթիա բժշկական կենտրոնում հայ բժիշկների համար նա լապարասկոպիական վիրաբուժության վերաբերյալ դասախոսություն ունեցավ: Արա Դարզին մի քանի ուսուցողական վիրահատություններ էլ կատարեց, որոնց միջոցով ամբողջապես կարողացավ կիսվել իր փորձով: Այցի ժամանակ որոշվեց Մալաթիա բժշկական կենտրոնում ստեղծել արդիականացված լապարասկոպիական վիրաբուժության կենտրոն:
Այսօր էլ Արա Դարզին ակտիվորեն համագործակցում է Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացման և նոր տեխնոլոգիաների ներդրման գործում:

    ՀՀ ԳԱԱ-ն, բարձր գնահատելով Արա Դարզիի գիտական վաստակը, ինչպես նաև Հայաստանի հետ համագործակցությունը, 2008թ. նրան ընտրեց ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ:  2009թ. սեպտեմբերի 19-ին նա հյուրընկալվեց ՀՀ ԳԱԱ-ում։ Սա նրա երրորդ այցն էր հայրենիք: Նրան շնորհվեց արտասահմանյան անդամի դիպլոմ և հուշամեդալ: Արա Դարզին իր շնորհակալական ելույթում նշեց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի շարունակի և խորացնի հաամգործակցությունը Հայաստանի բժիշկների հետ:

    Պրոֆեսոր Դարզին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի աշխատանքներին միացավ 2017թ. սեպտեմբերին, իսկ 2019 թվականից նա մարդասիրական այդ կառուցի ընտրող հանձնաժողովի նախագահն է: Այդ կապակցությամբ նա հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր, որ «Ավրորա» մրցանակն աշխարհին ցույց է տալիս, որ նույնիսկ ամենափոքր ներդրումը կարող է ահռելի ազդեցություն ունենալ: «Ահա թե ինչու եմ ուրախ, որ այս ամենի մի մասնիկն եմ»,- ասաց Լորդ Արա Դարզին: 

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար


Ազդեր








Ս.թ. մայիսի 15-ին, ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա «Աստղագիտությունը միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների խաչմերուկներում» թեմայով սեմինար, որը կներկայացնի ՀՀ ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի տնօրեն՝ ֆ.-մ.գ.թ. Արեգ Միքայելյանը

2024թ.-ի ապրիլի 23-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա տարեկան ընդհանուր ժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 2023թ.-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին: Գիտությունների բաժանմունքների տարեկան ընդհանուր ժողովները կանցկացվեն ապրիլի 22-ին՝ ժամը 10:00-ին

ՀՀ ԳԱԱ ՖՀԻ-ը IPR Armenia Optica Student Chapter-ի հետ միասին հայտարարում են «Լույսը լուսանկարչի աչքերով» խորագրով ֆոտոմրցույթ՝ նվիրված Լույսի միջազգային օրվան: Մրցույթին գրացման վերջնաժամկետն է՝ ս.թ. մայիսի 1-ը

Ս.թ. ապրիլի 10-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա սեմինարների շարքի երրորդ հանդիպումը՝ «Հավաքում ենք փաթիլ. ատոմներից դեպի մոլեկուլ և բյուրեղ» խորագրով: Որպես մոդերատոր հանդես կգա անվանի քիմիկոս, SKOLKOVO-ի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովը

Ս.թ. ապրիլի 5-ին, ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կանալացման նորագույն տեխնոլոգիաներ։ Չեզոք և լիցքավորված փնջեր ուղղորդող հզոր արտաքին էլեկտրամագնիսական դաշտեր» թեմայով սեմինար, որը կներկայացնի Միջուկային ֆիզիկայի ազգային ինստիտուտի (Իտալիա) պրոֆեսոր Սուլտան Դաբագովը

Ս.թ. ապրիլի 1-ին, ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա «Մագնիսաչափությունը՝ միջուկային սպին-բևեռացված 14N-ով ադամանդում NV-կենտրոնների հիման վրա» թեմայով սեմինար, որը կներկայացնի Լատվիայի համալսարանի պրոֆեսոր Մարցիս Աուզինշը

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը սկսում է «Գիտական աշխատություններ» պարբերականի 2024թ.1 (27) հատորի հոդվածների ընդունումը: Առաջնահերթությունը տրվում է անգլերեն և ռուսերեն լեզուներով հոդվածներին: Հոդվածների ընդունման վերջնաժամկետն է՝ 2024թ. մարտի 1-ը

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
07/05/2024

ОИЯИ и НАН РА - Сотрудничество Расширяется
golosarmenii.am
07/05/2024

Աղակալած հողերը բարելավող պարարտանյութ է մշակվում
1lurer.am
06/05/2024

Միջազգային մրցույթ՝ գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստան-Իտալիա համագործակցության շրջանակում
shantnews.am
03/05/2024

Ազգային Ակադեմիան պետք է պահպանվի, զարգացվի ու ծառայեցվի երկրի զարգացմանը
azg.am
Կայքը հաճախել են
6 976 279

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:39, 17/05/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ
Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում
Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները - Հայտարարություններ - Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: