National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Zadig Mouradian
Dr. of Phys.-Math. Sciences
COVID-19
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
Diaspora Department presents
Yervant Zorian

   ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, «Սինոփսիս Հայաստան» ընկերության նախագահ, հաշվողական տեխնիկայի և միկրոէլեկտրոնիկայի հայտնի մասնագետ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը  ծնվել է 1956 թ. մայիսի 17-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: Հայկական ինքնությունը ժառանգած Երվանդ Զորյանի՝ հայրենիքին ծառայելը դարձել է նրա կյանքի անբաժան մասը, ինչն արել էին ժամանակին նրա պապ Երվանդը և հայր Աբիկը ևս։
   Երվանդ Զորյանի ծնողները՝ Աբիկն ու Հիլդան, ծառայել են Հալեպի հայ համայնքին` զբաղվելով գերազանցապես կրթության ոլորտով։ Բեյրութի Սեն Ժոզեֆ համալսարանի ճարտարագիտության բաժինն ավարտելուց հետո հայրը` Աբիկը, 30 տարի աշխատել է որպես Հալեպի Էլեկտրամատակարարման և ջրամատակարարման ընկերության տեխնիկական տնօրեն։ Ազատ ժամանակ, ի հավելումն Հայկական բարեգործական ընդհանուր միության Սիրիայի մասնաճյուղի կրթական կոմիտեն գլխավորելուն, նա ուսումնասիրել է հայկական արվեստը և ճարտարապետություը՝ արդյունքում հրատարակելով հայ մշակույթի ազդեցության վերաբերյալ երեք մենագրություն, որոնք արժանացել են բազմաթիվ պարգևների։

   Հալեպում Երվանդն ուսում է ստանում ՀԲԸՄ ավագ դպրոցում: Ապա կրթությունը շարունակելու համար մեկնում է Միացյալ Նահանգներ` Լոս Անջելես՝ Հարավային Կալիֆորնիայի համալսարանում խորամուխ լինելով համակարգչային ճարտարագիտության ոլորտում: Բակալավրիական կրթությունը ստանում է Փենսիլվանիայում, մասնագիտանում ընդհանուր կառավարման ոլորտում: Այնուհետև մեկնում է Կանադա և Մոնրեալում պաշտպանում գիտական ատենախոսությունը` ստանալով էլեկտրատեխնիկայի դոկտորի աստիճան: Մոնրեալի բժշկական համալսարաններից մեկում սովորում էր նաև նրա ապագա կինը՝ Ռիտա Շատարևյան-Զորյանը։ Զույգն ի վերջո հաստատվում է Սիլիկոնային հովտում, որտեղ Երվանդը հիմնում է Սիլիկոնային հովտի ՀԲԸՄ մասնաճյուղը:
   Հայաստանի անկախության առաջին տարիներից Երվանդ Զորյանը ծրագրում էր աշխատանքներ իրականացնել հայրենիքում, օգտագործել հայկական միտքը՝ զարգացնելու հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: 
   1995թ. Երվանդ Զորյանի գլխավորությամբ հիմնվում է (STaR) Lab-ը (System Test and Reliability), որտեղ արդեն 1996 թ. աշխատում էր 22 գիտնական: STaR Lab-ի շրջանակներում համախմբվել էին ՀՀ ԳԱԱ, ՀՀ ամերիկյան համալսարանի, ԵՊՀ ոլորտային լավագույն մասնագետները: Նպատակն էր սկսել համագործակցություն արդյունաբերության և համալսարանի միջև, էլեկտրոնային թեստավորման ենթակառուցվածքի օժանդակման նպատակով ստեղծել կրթական, վերապատրաստման և հետազոտական ծրագրեր:
   1996թ. Հայաստանում հիմնվում է «Վիրաժ Լոջիք» կորպորացիան, որն արագորեն դառնում է շուկայի առաջատար` բարդ ինտեգրալ սխեմաների գծագրման համար ժամանակակից ներկառուցված հիշողության մտավոր սեփականության մատակարարման ոլորտում: Երվանդ Զորյանը «Վիրաժ Լոջիքի» փոխնտնօրենն էր, և նրա գնահատմամբ այդ կորպորացիան մեծ ներդրում ունեցավ Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման մեջ: «Վիրաժ Լոջիքի» միայն հայաստանյան մասնաճյուղում աշխատում էր 135 մասնագետ, որոնք համագործակցում էին թե՛ ՀՀ, թե՛ արտասահմանյան ՏՏ ոլորտի մասնագետների հետ: Ընկերությունն իր ներկայացուցչություններն ուներ Ռուսաստանում, Հնդկաստանում և Նիդերլանդներում: «Վիրաժ Լոջիք» ընկերության գլխավոր մենեջմենթը կարևորում էր ոչ այնքան արտադրությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որքան Know-how ստեղծումը:
   2005 թ. Երվանդ Զորյանը հանդիպում է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկման հիմնական թեման լինում է կիսահաղորդիչների տեխնոլոգիաների զարգացման ոլորտում մանրակրկիտ հետազոտությունների անցկացման հարցը: Քննարկվում են նաև Երևանում «Համակարգչային գիտություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ» թեմայով միջազգային գիտաժողովի անցկացման դրույթները: Նշենք, որ Երվանդ Զորյանն արժանացել է ամենամյա պարգևի Բարձր տեխնոլոգիաների և թվային համակարգերի ոլորտում: Պարգևը գիտնականին է հանձնվել բյուրեղի հիման վրա հիշող սարքի մշակման և արտադրման գործում ունեցած մեծ ավանդի համար: Ե.Զորյանի ներկայացրած տեխնոլոգիան հիմնված է ինքնավերահսկման վրա, ինչը թույլ է տալիս զգալիորեն բարձրացնել թվային համակարգիչների արտադրողականությունը և հուսալիությունը: 
   2009 թ. Երվանդ Զորյանի անմիջական նախաձեռնությամբ հիմնվում է Հայկական առցանց համալսարան, որտեղ կարող են դիմել և սովորել աշխարհի բոլոր ծայրերից: Երվանդ Զորյանն այս համալսարանի հիմնադիր նախագահն է: Մոտավորապես 16 հազար առցանց ուսանող օգտվել է Հայկական վիրտուալ համալսարանի դասընթացներից և էլեկտրոնային գրադարանից, նրանց մեծ մասը ԱՄՆ-ից են, ուսանողներ կան նաև Ռուսաստանից և այլ երկրներից: Համալսարանում դասավանդվում է հայոց լեզու, գրականություն, պատմություն, մշակույթ, աշխարհագրություն:
   Կատարվում է մեծ աշխատանք աշխարհասփյուռ գրեթե ողջ հայության համայնքների հետ` փորձելով գտնել այն մարդկանց, որոնք ցանկանում են, թեկուզև իրենց իմացած լեզվով, սովորել հայոց պատմություն, գրականություն կամ ճարտարապետություն:
   2015թ. դեկտեմբերի 4-ին Երվանդ Զորյանն ընտրվում է «Սինոփսիս Արմենիայի» նախագահ. այժմ ընկերությունում աշխատում են ավելի քան 700 մասնագետ, այդ թվում 600-ից ավելի ճարտարագետներ: Ըստ էության՝ «Սինոփսիս» ընկերության ամբողջ ճարտարագիտական ներուժի մոտ 10 %-ը գտնվում է Հայաստանում:
   «Կիսահաղորդիչների ներկայիս արտադրությունը գերճշգրիտ է, սակայն շարունակում է մնալ ոչ կատարյալ։ Արդյունքում՝ չիպերի մեծամասնությունն արտադրվում է ներքին թերություններով,– ասում է դոկտոր Զորյանը,– սա է պատճառը, որ մենք ստեղծում ենք այնպիսի խելացի համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս, որ չիպերն ինքնաստուգվեն ու ինքնանորոգվեն։ Այս ինքնակարգավորվող համակարգերը ներդրվում են չիպի կառուցվածքում և գործարկվում են ամեն անգամ, երբ միացնում եք էլեկտրական սարքը՝ լինի դա հեռախոս, ավտոմեքենա, թե շարժական համակարգիչ»:
   «Սինոփսիսը» համագործակցում է աշխարհի ավելի քան 1850 համալսարանների հետ՝ իրականացնելով կրթական տարբեր ծրագրեր: Հայաստանում «Սինոփսիսի» համագործակցությունը բուհերի հետ յուրահատուկ բնույթ ունի: Այն հիմնված է բիզնես-բուհ կրթական մոդելի վրա, որ վերջին 15 տարիների ընթացքում ապացուցել է իր արդյունավետությունն ու օգտակարությունը: Հայաստանի կրթության և գիտության նախարարության ու ոլորտի մի քանի առաջատար ընկերությունների հետ միասին 5 ավագ դպրոցներում կյանքի է կոչվել պիլոտային մի ծրագիր, որի նպատակն է օգնել բարձր դասարանցիներին՝ ընդհանուր պատկերացում ունենալու ՏՏ ոլորտի, մասնավորապես` միկրոէլեկտրոնիկայի մասին: Նախատեսվում է առաջիկա տարիներին ընդլայնել ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը: 
   Երվանդ Զորյանն ավելի քան 300 գիտական հոդվածների, 4 գրքի և 33 ԱՄՆ արտոնագրերի հեղինակ է և արժանացել է գիտական հոդվածների մրցանակաբաշխությունների բազմաթիվ պարգևների, IEEE առաջատար անդամ է: 2003 թ. նա Electronic Engineering Times-ի կողմից ճանաչվել է վերջին 50 տարիներին կիսահաղորդչային արդյունաբերության 13 ազդեցիկ գործիչներից մեկը: Դոկտոր Զորյանը 2005 թ.-ին պարգևատրվել է Industrial Pioneer մրցանակով,  իսկ 2006 թ.-ին IEEE Հանս Կարլսոնի մրցանակով: Նա եղել է միջազգային բազմաթիվ գիտաժողովների ընդհանուր և ծրագրային կոմիտեների նախագահ, ինչպես նաև ծրագրային կոմիտեների անդամ, իսկ 2013 թ.-ի հունիսին նախագահել է Տեքսասում կայացած 50-րդ Design Automation Conference-ը: Նա նաև եղել է միջազգային ճանաչում ունեցող էլեկտրոնային նախագծման և թեստավորման տարբեր  ամսագրերի գլխավոր խմբագիր և խմբագրական կազմի անդամ: 
   Հաշվի առնելով Երվանդ Զորյանի գիտական, մանկավարժական, հայապահպանության գործում ունեցած մեծ ավանդը, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը՝ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ: 
   Երվանդ Զորյանի և ակադեմիկոս Սամվել Շուքուրյանի կողմից 2000-2013 թվականների ընթացքում էլեկտրոնային սարքերի և համակարգերի թեստավորման բնագավառում, տպագրություններում ներկայացված բարդ և զարգացած ինտեգրացված թեստավորման, վերականգման և ախտորոշման լուծումներում ներդրված հիշողությունների և SoC-ների IP բլոկների համար աշխատանքներից ավելի քան 3000 անգամ հղումներ են եղել այլ հետազոտողների կողմից և լայնորեն կիրառվել հետագա հետազոտություններում:
   2013 թ. դեկտեմբերի 29-ին այդ աշխատանքների համար նրանք արժանացել են Պետական մրցանակի Ճշգրիտ և բնական գիտությունների անվանակարգում «Թեստային լուծումներ նանոչափական բյուրեղի վրա տեղավորված համակարգերի համար. ալգորիթմներ, մեթոդներ և թեստային ներկառուցվածք» աշխատանքի համար:
   Երվանդ Զորյանը ցայսօր մեծ ջանքեր է ներդնում ՀՀ ՏՏ ոլորտը զարգացնելու գործում, ճանապարհ է հարթում հատկապես երիտասարդության համար:
   «Բոլորս պետք է ինչ-որ բան վերադարձնենք մեր ազգին և հատկապես հաջորդ սերնդին՝ շարունակելու մեր ստացած ժառանգության անընդհատությունը։ Յուրաքանչյուր հայ կարող է գտնել իր գիտելիքների ու հմտությունների միջոցով երկրի բարօրությանը նպաստելու հնարավորություն։ Որպես տեխնոլոգիական բնագավառի ներկայացուցիչ՝ ես իմ ուշադրությունը կենտրոնացրել եմ Հայաստանի ՏՏ ոլորտի առաջընթացի, ինչպես նաև տեխնոլոգիայի միջոցով «հայկական գիտելիք» տրամադրելու վրա,– հպարտությամբ նշում է դոկտոր Զորյանը և հավելում,– արդյունքում՝ այսօր աշխարհի ամենաառաջատար ինքնանորոգվող տեխնոլոգիան արտադրվում է Հայաստանում՝ «Սինոփսիսի» մեր թիմի կողմից»։ 
   Երվանդ Զորյանն ընդգրկվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մեծ ընտանիքի աշխատանքներում և փորձում է իր ներդրումն ունենալ այս ոլորտում ևս:

   Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ., դոցենտ,
   ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար


Notices








Ս.թ. հունիսի 5-ին ժամը 15:00 ՀՀ ԳԱԱ նիստերի կլոր դահլիճում տեղի կունենա գիտական զեկուցում հետևյալ թեմայով`«ԳԵՈՊԱՐԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ»

On 15 May 2024, at 14.00 a seminar on the topic "Astronomy in the crossroads of multidisciplinary and interdisciplinary sciences" will be held at the conference hall of Presidium of the NAS RA, which will be presented by the director of the Byurakan Astrophysical Observatory after V. Ambartsumian, cand.(phys.-math.) Areg Mickaelian

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
19/05/2024

Շիրակի ջրանցքի հետազոտություն՝ կառուցումից մեկ դար անց
1lurer.am
19/05/2024

Այցելուները կդառնան երկրաբաններ. «Թանգարանների գիշեր»-ը՝ Երկրաբանական թանգարանում
1lurer.am
19/05/2024

Հավատարիմ հայրենի ավանդույթներին. «Հայագիտակ»
hy.armradio.am
18/05/2024

ԳԱԱ լաբորատորիաներից մեկը 160 մլն դրամանոց սարք է ստացել. 2024-ին 4.2 մլրդ կտրամադրվի սարքերի համար
1lurer.am
This site has been visited
6 979 214

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  12:30, 24/05/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - COVID-19
Presidium Members - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press
Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune
Our Honored Figures - Announcements - Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am